«Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդեռլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շւէյցարիայի, Շւեդիայի, Դանիայի, Բուլղարիայի եւ Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների պատասխանատուների եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի անձնակազմի մասնակցութեամբ։ Յարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Յունաստանի, Ռումինիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից ստեղծւած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը եւ յանձնախմբի անդամ Արմինէ Ալեքսանեանը։
Ներկայացնելով յանձնախմբի նպատակը եւ գործունէութիւնը՝ Վ․ Օսկանեանը նշել է, որ յանձնախմբի գլխաւոր օրակարգը միջազգային պաշտպանութեան երաշխիքներով արցախահայութեան հաւաքական հայրենադարձութեան իրաւունքի հետապնդումն է միջազգային հարթակներում։
Մասնակիցները, որպէս օրւայ հրամայական շեշտել են այդ խնդրի՝ բոլոր առումներով բարձրացումն ու հետապնդումը, որովհետեւ այն ոչ միայն արդար իրաւունքի իրացման խնդիր է, այլ նաեւ միջազգային իրաւունքի պարտադիր նորմ, ինչի վերաբերեալ արդէն իսկ գոյութիւն ունի միջազգային լայն արձագանգ, Արդարադատութեան միջազգային դատարանի որոշում եւ բազմաթիւ երկրների ու կազմակերպութիւնների յայտարարութիւններ։
Կարեւորւել է վերադարձի իրաւունքի իրացման համար էական նշանակութիւն ունեցող՝ Արցախի պատմամշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութիւնը։
Քննարկման ընթացքում կարեւորւել է նաեւ վերադարձի իրաւունքի իրացման գործում համահայկական ուժերի զօրաշարժի անհրաժեշտութիւնը, անդրադարձ է կատարւել ներկայումս Հայաստանի իշխանութիւնների կողմից այս հարցի հետապնդման բացակայութեանը։
Ժողովի մասնակիցները նաեւ զեկուցել են իրենց երկրներում ի նպաստ Արցախի խնդրի կատարւած աշխատանքները։
Քննարկման արդիւնքում որոշւել է առաջիկայ նիստը նոյնպէս գումարել արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրագործման աշխատանքների օրակարգով՝ քննարկելու շրջաններից ստացւած առաջարկները։ Որոշւել է նաեւ մշտական կապ պահել Վարդան Օսկանեանի եւ յանձնախմբի այլ անդամների հետ՝ փոխադարձ իրազեկելու կատարւող աշխատանքների մասին եւ, ըստ անհրաժեշտութեան, համադրելու նախաձեռնութիւնները։
Եւրոպացիները յանուն Արցախի հարթակ
Բրիւսէլ, 27 նոյեմբերի 2024 թ.