Բաքւում անցկացւող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիեւի կառավարութեան կողմից ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին եւ Շելդոն Ուայթհաուսը, ինչպէս նաեւ Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկւած հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի իրացման հայ գերիներին անյապաղ ազատ արձակելու անհրաժեշտութիւնը։
Նոյեմբերի 16-ին Բաքւում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցաւում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թւով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղաւորը։ Եւ ես, ինձ հիւրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրաւունքների հարցերին, բայց եթէ դա անեմ՝ հաճոյախօսութիւն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկեալները պէտք է ազատ արձակւեն։ Կարծում ենք՝ պէտք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրաւունք։ Եւ մենք կարծում ենք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պէտք է կնքւի խաղաղութեան պայմանագիր»:
Արդէն Վաշինգտոն վերադառնալուց յետոյ՝ հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրաւիրւած մամուլի ասուլիսին կոնգրեսականները մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների լայնածաւալ վատթարացումների եւ COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգութեանը վերաբերող սպառնալիքների վերաբերեալ:
Սենատոր Մարքին մասնաւորապէս նկատել է․ «Մենք չէինք կարող անտեսել վախի եւ բռնաճնշումների մթնոլորտը հէնց համաժողովի պատերից դուրս․․․Մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող անտեսել թշնամական մթնոլորտը, որում համաժողովն այժմ էլ դեռ ընթանում է»։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ սենատոր Մարքին բաւական կոպիտ է արտայայտւել. «Ադրբեջանի կառավարութիւնը պէտք է անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակի բոլոր հայ եւ ադրբեջանցի քաղբանտարկեալներին, երաշխաւորի էթնիկ հայ խաղաղ բնակիչների վերադարձի իրաւունքը Լեռնային Ղարաբաղ եւ բարեխիղճ բանակցութիւններ վարի Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրին հասնելու համար, որը կերաշխաւորի տարածաշրջանային խաղաղութիւնը եւ միջազգայնօրէն համաձայնեցւած սահմանները»:
Իր հերթին Ֆրենք Փալոնը նկատել է ալիեւամետ «ցուցարարների կամ աւազակների» կրկնվող եւ «սինխրոնիզացւած» ջանքերը՝ արձակւելու իր վրայ՝ Արցախի ինքնորոշմանը բացայայտ աջակցութեան համար։ «Եթե չլինէին ԱՄՆ դեսպանատան վարձած անվտանգութեան աշխատակիցները, ես հիւանդանոցում կը յայտնւէի։ Ես պարզապէս ուզում եմ անկեղծ լինել: Դա շատ լուրջ էր»։ Սենատոր Մարքին համաձայնել է՝ նշելով. «Ինչպէս Ֆրենք Փալոնը, ես նոյնպէս զգացի՝ պէտք է միշտ ինձ հետ թիկնապահ ունենամ: Նոյնիսկ՝ հիւրանոցի նախասրահում, նոյնիսկ՝ իմ սենեակ բարձրանալիս»։
Փալոնը նաեւ յայտարարել է, որ համաժողովից մի քանի օր առաջ նախագահ Ալիեւը սկսեց յարձակւել ֆրանսիացիների վրայ, սկսեց յարձակւել հոլանդացիների վրայ այն աստիճան, որ նրանք նոյնիսկ չեկան կոնֆերանսին։
Փալոնը, որին Ադրբեջանի իշխանութիւններն արգելել էին Կոնգրեսի պատւիրակութեան կազմում հանդիպել Ալիեւի հետ, նշել է․ «Ինձ եւ սենատոր Մարքիին խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականութիւնը՝ պայքարելու յանուն բարեփոխումների եւ նրանց արժանապատւութեան, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով: Ես կը շարունակեմ պայքարել Բաքւում պահւող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանութեան պաշտպանութեան, հայկական հողից ադրբեջանական զօրքերի հեռացման եւ տարածաշրջանում վերջնական հանգստութիւն հաստատող արդար եւ տեւական խաղաղութեան համաձայնագրի համար»:
Մեկնաբանելով կատարւածը՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Մենք միանում ենք հայութեանը՝ հայրենիքում եւ սփիւռքում՝ շնորհակալութիւն յայտնելով սենատորներ Մարքիին եւ Ուայթհաուսին, եւ, իհարկէ, հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնին հայ պատանդների ազատութեան եւ Արցախի հայերի վերադարձի պահանջի համար։ Բաքւի փորձը՝ առեւանգել COP 29-ը իր յանցագործութիւնները սրբագրելու համար, հակառակ արդիւնք է տւել։ Յաջողւել է միայն համաշխարհային ուշադրութիւն կենտրոնացնել Ալիեւի ռեժիմի կոռուպցիայի եւ աղտոտւածութեան, ագրեսիայի եւ բռնաճնշումների վրայ»:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
19 նոյեմբեր 2024թ․
©️ 1991 - 2024 Երկիր Օրաթերթ