ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2023 թ. նոյեմբերի 17-ին հրապարակել էր որոշում, որով Ադրբեջանը պարտաւոր է ապահովել Արցախում սեպտեմբերի 19-ից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտաւոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպէս նաեւ նրանց ապահով ապրելու հնարաւորութիւնը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։ Միջազգային դատարանը նաեւ պարտաւորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականութեան իրաւունքը հաստատող փաստաթղթերը։
Սակայն, պէտք է արձանագրենք, որ շատ յաճախ միջազգային կազմակերպութիւնների ընդունած որոշումները մնում են թղթի վրայ եւ չեն գործադրւում, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը Միջազգային կազմակերպութիւնների, յատկապէս՝ ՄԱԿ-ի կողմից ի՞նչ ընկալում ունի այսօր, եւ արդեօ՞ք այն հնարաւոր կը լինի իրագործել։
Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովեան երկրների յանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախմբի անդամ Մարիօ Նալբանդեանը, ով այս օրերին գտնւում է ՀՀ-ում՝ յանձնախմբի նիստին մասնկացելու նպատակով։
«Այս մէկ տարւայ ընթացքում, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպումներում նկատելի էր, որ ըմբռնումով են մօտենում ստեղծւած իրավիճակին եւ պատրաստակամութիւն են ցոյց տալիս իրենց սահմաններում օգտակար լինել ե՛ւ Արցախից բռնի տեղահանւածներ արցախցիների սոցիալական վիճակի բարելաւման ե՛ւ նրանց վերադարձի իրաւունքի մասով, քանի որ միջազգային օրէնքով այն հիմնաւորւած իրաւունք է, որի հիման վրայ արցախցիները կարող են վերադառնալ եւ իրացնել իրենց իրաւունքը, եթէ պայմանները ստեղծւեն, այստեղ էլ կայ դրական ըմբռնում եւ մօտեցում»,- նշել է Մարիօ Նալբանդեանը։
Ըստ Մարիօ Նալբանդեանի՝ յարմար պահ է, որպէսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հարցը հետապնդւի, դրա համար անհրաժեշտ է գտնում համընդհանուր քաղաքականութեան մշակումը եւ միասնական աշխատանքի ձեւաւորւումը՝ յստակ պահանջներով, օրւայ իրականութիւնից ելնելով։
«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրաւունքն անժխտելի իրաւունք է, որը ո՛չ Ալիեւը եւ ո՛չ ուրիշ մէկը իրաւունք ունի հերքելու կամ անտեսելու։ ԱՀ ԱԺ-ի կողմից ձեւաւորւած «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախումբն այսօր մեծ մարտահրաւէրի առջեւ է կանգնած՝ Արցախի ժողովրդի իրաւունքը միջազգայնօրէն իրացնելու համար եւ պատրաստ է լրջօրէն հետապնդելու այդ իրաւունքը թղթից վերածելու գործնականի»,- իր խօսքի աւարտին նշել է Մարիօ Նալբանդեանը։