" https://www.alikonline.ir/ "
Հանդիսաւորապէս ընթեցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կոնդակը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ատրպատականի հայոց թեմում գտնւող Ս. Թադէոս Առաքեալի վանք կատարւած եռօրեայ Ուխտագնացութիւնների շղթայի 70-րդ օղակը եւս աւելացաւ 12-14 յուլիսի 2023-ին, Հայրապետական բարձր օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:
Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ատրպատականի հայոց թեմի Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի կազմակերպութեամբ, ինչպէս նաեւ Ատրպատականի պետական կառոյցների անվերապահ գործակցութեամբ, այս տարի եւս եռօրեայ ուխտագնացութիւնը բացառիկ յաջողութեամբ իր աւարտին հասաւ, հարիւրաւոր ուխտաւորների հաւատաւոր մասնակցութեամբ: Սոյն ուխտագնացութեան մասնակից էին թեմի հոգեւորականաց դասը, պատգամաւորական ժողովի անդամները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, եւ պետական բարձրաստիճան պատասխանատուներ:
Պատմական Արտազ գաւառում Ս. Թադէոս Առաքեալի վեհակառոյց վանքի կամարների տակ, 1954 թւականից սկսւած այս պաշտօնական ուխտագնացութիւները, ամէն տարի իւրայատուկ ապրումներով եւ հոգեւոր ու ազգային իր մթնոլորտով գօտեպնդում է համայն իրանահայութեանը, յատկապէս ատրպատականցի հային, ինչպէս նաեւ հեռաւոր երկրներում ապրող բիւրաւոր հայերին, որոնք երբեմն անձամբ ներկայ գտնւելով եւ երբեմն հեռակայ կարգով հետեւում են սոյն ուխտաւորութեան:
Ատրպատականի տարբեր շրջաններից՝ Թաւրիզից, Ուրմիայից, Գեարդաբադից, Ռահւայից, Սալմաստից, Բեդելբոյից, Իրանի տարբեր քաղաքներից՝ Թեհրանից, Սպահանից, Ահւազից, Արաքից, Անզալիից եւ այլ շրջաններից, ինչպէս նաեւ հայրենիքից ու արտասահմանից հարիւրաւոր ուխտաւորներ ժամանեցին Ս. Թադէոս Առաքեալի վանքը, սկսեալ սեպտեմբերի 12-ից, մասնակից լինելու եկեղեցական արարողութիւններին եւ յատկապէս շաբաթ օրւայ հանդիսաւոր Սուրբ Պատարագին, ազգային տօնախմբութեամբ կատարելու Վանքի Ուխտի օրը:
Անցեալ տարիների աւանդութեան համաձայն, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի կողմից տասնեակներով վրաններ էին լարւել Ս. Թադէի վանքի շրջակայքում, հիւրընկալելու համար բոլոր ուխտաւորներին: Ուխտաւորներից ոմանք հեռաւոր շրջաններից լինելով, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ից արդէն ժամանել էին վանք եւ լարել իրենց վրանները, մէկ օր եւս ապրելու Ս. Թադէի միջավայրում:
Ժողովրդական դիմաւորութիւն վանքի մուտքին
Ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Սուրբ Թադէի վանք ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօրը: Վանքի վերջին պտոյտի մօտ, Սրբազան Հօր շքախումբը կանգնեց եւ հայ նահատակների յուշարձանի առջեւ «հոգւոց» արտասանւեց, պետական պատասխանատուների ներկայութեամբ: Ապա, վանքի մուտքին հաւաքւած ուխտաւորները ծափողջոյններով եւ տաճարի զանգի ղօղանջի ներքոյ դիմաւորեցին Սրբազան Հօրը: Վանք ժամանման առաջին պահին, Սրբազան Հայրը օրհնեց Խնամակալ կանանց պատրաստած, եւ հայկական գեղջկական տարազով պճնազարդւած երեխաների՝ Մոնթէ եւ Սկարլետ Ենովքեանների ձեռամբ իրեն մատուցւած «Աղուհաց»-ը, մաղթելով որ հայի սեղանից եւ հայի կեանքից անպակաս լինի աղուհացի համը:
Տիրամայր Շուշան Չիֆթճեանի կատարած ուխտով, Սրբազան Հօր ոտքերի առջեւ զենւեց խոյը, եւ այն բաշխւեց Վանք գիւղի ժողովրդին:
Թափօրը տաճար ուղղւելով, զանգակատան ներքեւ գինու մատուցումով օրհնութիւնը կատարւեց Սրբազան Հօր հեղինակած հսկայածաւալ Գ հատորի, որը նւիրւած է Ատրպատականի հայոց թեմի պատմութեան, որով սոյն հատորով իր աւարտին էր հասնել թեմի պատմութիւնը, դրա աւելի քան հարիւր եկեղեցիների շօշափելի ներկայութիւնը: Սոյն երրորդ հատորի մեկենասութիւնը դարձեալ ստանձնել էին տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեանները, թեմի ազգային բարերարներից:
Ս. խորանի առջեւ տեղի ունեցաւ Կանոնական աղօթքը: Նոյն առիթով, Երկրպագութիւնից յետոյ, Սրբազան Հօր ձեռամբ օծւեցին տաճարի զոյգ աւանդատների նոր դռները, որոնք նւիրաբերւել էին Ալֆրէդ եւ Անիտա Քեշիշ Փանոսների կողմից, մէկը ի յիշատակ Ծատուր Քեշիշ Փանոսի, իսկ միւսը՝ ի յիշատակ Վարուժան Սարգսեանի:
Սրբազան Հայրը ողջունեց ներկայ ուխտաւորներին, իր ուրախութիւնը յայտնելով այն սքանչելի երեւոյթին, որը այս տարի եւս պարզւել էր վանքի շրջակայքում. «Մեր ժողովուրդը իր բացառիկ սէրն է արտայայտում մեր եկեղեցու հնագոյն սրբավայրի՝ Ս. Թադէի վանքի նկատմամբ»,- ասաց Սրբազան Հայրը, շեշտելով այն խոր հաւատքը, որը արտայայտութիւն է գտնում Ս. Թադէի վանքի նկատմամբ: Վերջապէս, Սրբազան Հայրը իր երախտագիտութիւնը յայտնեց թեմի բարերար Ոսկանեան ամոլին, ինչպէս նաեւ նոր բարերար՝ Փանոս ընտանիքին: Այս առիթով, Սրբազանը իր գնահատանքը յայտնեց նաեւ Իրանի եկեղեցիների պահպանութեան տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանին, որի միջոցով կատարւել էին աւանդատան դռների քանդակային աշխատանքները:
Նոյն օրը երեկոյեան, Յովսէփ Աւետեանը յատուկ զարդախաչով պարգեւատրեց առաջնորդ Սրբազանին, Խաչվերացի տօնին առիթով:
Հսկումի ժամերգութիւն
Ուրբաթ՝ երեկոյեան ժամը 7:30-ին, կատարւեց Հսկումի Գիշերային ժամերգութիւնը, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի: Հսկայ տաճարի աջ կողմում, ամէն տարւայ աւանդութեան համաձայն տեղադրւել էր հսկայ խաչափայտը, մեխերով պատւած, որի վրայ հաւատացեալներ կախում էին իրենց աղօթքներն ու խնդրւածքները, ուխտերն ու փափագները, խնդրելով Ս. Թադէոս Առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը:
Յայտնենք, որ քահանայ հայրերը ուրբաթ եւ շաբաթ օրերին նաեւ մկրտութեան արարողութիւններ կատարեցին, իրենց երեխաները վանքում կնքելու ուխտ ունեցող ընտանիքների փափագը իրականացնելով: Խորհրդակատարութիւններից բացի, նրանք նաեւ աղօրհնէք կատարեցին առ ի հոգեւոր նախապատրաստութիւն մատաղացու ոչխարների զենման: Ժողովրդի զաւակներից շատեր իրենց նոր գնած կրծքախաչերի համար օրհնութիւն էին հայցում հոգեւորականներից, նախքան դրանք իրենց կրծքից կախելը:
Պաշտօնական հանդիպում՝ պետական ներկայացուցիչների հետ
Յաջորդ օրը, Շաբաթ՝ սեպտեմբերի 14-ի առաւօտեան ժամը 9:30-ին, վանքի մօտակայքում լարւած պետական վրանի տակ, պաշտօնական հանդիպում կայացաւ առաջնորդ Սրբազան Հօրը եւ Չալդրանի կուսակալ Մոհամմեդ Ռեզայի միջեւ, ներկայութեամբ Թեմական խորհրդի կազմին: Ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Ատրպատականի պետական պատասխանատուներ, բարձրաստիճան զինւորականներ եւ ապահովական կառոյցների գնդապետներ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը եւ եկեղեցիների պահպանութեան տնօրէն Շերլի Աւետեանը:
Առաջնորդ Սրբազան Հայրը խօսք առնելով, նախ փառք տւեց Աստծուն, որ 1954 թւականից սկսեալ ամէն տարի շարունակւում է սոյն ուխտագնացութիւնը, եւ 70-րդը լինելով, իր շուրջ համախմբում հայ ուխտաւորների մեծ բազմութեան: Սրբազան Հայրը երախտագիտութիւն յայտնեց Իրանի Կրօնական Մեծ առաջնորդ այաթ. Ալի Խամենէին, կրօնական այն ազատութեան համար, որով յատկանշւում է Իսլամական Հանրապետութիւնը, իր լայնախոհ բարձր ղեկավարութեամբ: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց նաեւ պետական բոլոր պատասխանատուներին, Ատրպատականի արեւմտեան շրջանի նահանգապետին, Չալդրանի Կուսակալութեան, Ապահովական մարմիններին, քաղաքապետութեան, հրշէջի եւ բուժօգնութեան ծառայութիւններին, իրենց պատրաստակամութեան համար. «Իրանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է, մենք տարբեր կրօնների պատկանելով հանդերձ, ճակատագրւած ենք ո՛չ միայն միասին ապրել այս երկրում, այլեւ միասնական ճիգով ծաղկեցնել այս երկիրը: Այդ ծաղկումին շօշափելի մէկ օրինակն է Ս. Թադէոս առաքեալի վանքը այստեղ՝ Չալդրանում, որի օրինակը վարակիչ պիտի լինի ամէն տեղ, երկրի ամբողջ տարածքում եւ արտասահմանում»,- շեշտեց Սրբազան Հայրը:
Իր խօսքում Կուսակալը բարձր գնահատեց հայ ժողովրդի հոգեւոր կապւածութիւնը եւ ուժեղ հաւատքը Ս. Թադէի վանքին, որ տարէցտարի աւելի մեծ թւով ներկայ է լինում սոյն ուխտագնացութեան: Նա այս առիթով շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդին, որ պետական սգոյ տօների հանդէպ յարգանք ցուցաբերելով, յետաձգել էին ուխտագնացութիւնը եւ աւելի ուշ կատարում այն:
Սրբազան Հայրը այս առիթով Իրանի պետութեան ներկայացուցիչներին նւիրեց արծաթեայ շրջանակներ, հայկական արւեստի նմոյշներ, իրենց ցուցաբերած աջակցութեան առ ի գնահատանք:
Յայտնենք, որ պետական պատասխանատուները սոյն հանդիպումից քիչ անց ներկայ գտնւեցին սուրբ պատարագի առաջին մասին եւ յարգեցին հայ ուխտաւոր ժողովրդին, մասնակից լինելով նրանց աղօթքին:
Ուխտի Սուրբ Պատարագ
Շաբաթ՝ սեպտեմբերի 14-ին, Ուխտագնացութեան վերջին օրը, առաւօտեան ժամը 11:00-ին, Ս. Թադէի վանքի տաճարում հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցեց եւ պատգամեց Ատրպատականի հայոց առաջնորդ Սրբազան Հայրը: Հանդիսաւոր թափօրը սկիզբ առաւ վանահօր խուցից եւ «Կոմիտաս» երգչախմբի առաջնորդութեամբ ուղղւեցաւ դէպի Սուրբ Տաճարը: Խորանին սպասարկում էին քահանայ Տ. Խաչատուր եւ Տ. Մարտիրոս քահանայ հայրերը, խորանի մեներգող սարկաւագ Իշխան Չիֆթճեանը, դպիրներ՝ բուրվառով եւ մոմակրութեամբ, գլխաւորութեամբ Սեւան սրկ. Ենովքեանի: Ս. Պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Ս. պատարագի ընթացքին, «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ, հանդիսաւորապէս բեմ բարձրացւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ստորագրած Հայրապետական սրբատառ Կոնդակը, նւիրւած Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան 70-ամեակին, առաջնորդ Սրբազան Հօր կողմից ընթերցւեց, ի լուր ուխտաւոր հաւատացելոց:
Թեմակալ առաջնորդը իր հոգեւոր պատգամը յղելով ներկայ ուխտաւորների բազմութեան, Աստծու պարգեւած շնորհքը տեսաւ իւրաքանչիւրի սրտում դրոշմւած, որոնք Ս. Թադէոսի բարեխօսութեան ու Աստծու զօրութեան ապաւինած, ուխտաւորաբար հասել էին վանք. «Խաչվերացի տաղաւար տօնի առիթով, այս տարի բացառապէս կատարում ենք մեր նւիրական այս վանքի տօնը: Սուրբ Խաչի զօրութիւնը եւ անպարտելիութիւնը, այս վանքի զոյգ սուրբերը զգացնել տւեցին մեզ, նոյնիսկ իրենց նահատակութեամբ: Սուրբերը ոչ միայն զօրանում են իրենց արեան հեղմամբ, այլեւ զօրացնում են իսկական հաւատացեալներին»,- ասաց Սրբազան Հայրը: Նա Խաչվերացի տօնը Ատրպատականի ժողովրդին այնքան մօտիկ տօն համարելով, բացատրեց թէ ինչպէս 7-րդ դարում Փարւիզ պարսից արքան Երուսաղէմից գերեվարել էր Ս. Խաչը եւ բերել ու ամբարել էր Թաւրիզի բերդում, որը ազգ. առաջնորդարանից երկուհարիւր մետր հեռու է գտնւում:
Առաջնորդ Սրբազանը այս առիթով մեծապէս գնահատեց տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեաններին, որոնք Ատրպատականի հայոց թեմի պատմութեան Ա եւ Բ հսկայածաւալ հատորների մեկենասները լինելուց յետոյ, այժմ Գ. հսկայ հատորը եւս հրատարակել էին տւել, պատմութեան կտակելով իրենց կարեւոր նւիրաբերումը: Սրբազանը Գ հատորի առաջին օրինակը յանձնեց մեկենաս ամոլին, իր երախտագիտութիւնը յայտնելով նրանց հետեւողական աշխատանքին:
Սրբազան Հայրը նոր հրատարակւած հատորից նւիրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիւային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Շերլի Աւետեանին եւ իր պաշտելի մօր՝ տիրամայր Շուշան Չիֆթճեանին, իր որդիական երախտագիտութիւնը յայտնելով ծնողական քաջալերանքին համար:
Ջրօրհնէք Ս. Թադէոս Առաքեալի Աջով
Ս. պատարագի վերջաւորութեան կատարւեց ջրօրհնէք, վասն բժշկութեան հիւանդաց: «Ամէն ալէլուիա»-ի երգեցողութեան պահին, Ս. Թադէոս Առաքեալի մասունքակիր Աջով խաչանիշ օրհնւեց ջուրը, ի բժշկութիւն բոլոր տեսակի հիւանդութիւնների:
Տաճարի սրբազան կամարների ներքոյ, երգչախումբը հնչեցրեց «Կիլիկիա»-ն, բարեպաշտ ժողովրդի երգակցութեամբ, իսկ սուրբ Աջով գլխաւորւած եկեղեցականաց թափօրը ուղղւեց դէպի շրջափակ եւ ամբողջ տաճարի շուրջը պտտւելով եկաւ առաջնորդական յարկաբաժնի՝ վանահօր սենեակի առջեւ, որտեղ երգչախումբը կատարեց «Հայր մեր»-ը: Սրբազան Հայրը «Պահպանիչ»-ով օրհնեց ժողովրդին, գնահատական իր խօսքը ուղղեց Ազգային իշխանութեան, երգչախմբին, կրտսերաց դպրաց դասին, Խնամակալ մարմինին, ու յատկապէս Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի անձնւէր անդամներին, կատարւած կազմակերպ եռօրեայ ուխտագնացութեան համար:
Ս. Թադէի Ուխտագնացութիւնը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարիւրաւոր ուխտաւորներով, այս տարի եւս բացառիկ առիթ հանդիսացաւ մեր ժողովրդի քրիստոնէական հաւատքի վերարթնացմանը եւ ազգային պատկանելիութեան գիտակցութեան վերամրապնդմանը: