" https://www.alikonline.ir/ "

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Տարածաշրջանի հետ կապւած իրանական եւ հայկական լրատւամիջոցների թրենդը շարունակում է մնալ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ն ու դրա հետ կապւած պաշտօնական Թեհրանի կարծր դիրքորոշումը:

Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւան երթուղու վերաբերեալ ռուս բարձրաստիճան պաշտօնեաների վերջին յայտարարութիւններն ու ի արձագանգ դրանց իրանական կողմի յայտարարութիւնները տարաբնոյթ մեկնաբանութիւնների առիթ են դարձել: Հիմնականում ռուսական կողմին ուղղւած վերլուծական հրապարակումները  յիշեցնում են միջանցքի հարցով Իրանի կարմիր գծերի մասին, մէջբերելով յատկապէս ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի յայտարարութիւնը. «Տարածաշրջանային խաղաղութիւնը, անվտանգութիւնը եւ կայունութիւնը ոչ միայն առաջնահերթութիւն են, այլեւ՝ մեր ազգային անվտանգութեան հիմնասիւներից մէկն են: Մեր հարեւանների տարածքային ամբողջականութեան դէմ ցանկացած սպառնալիք կամ սահմնների վերափոխում՝ լինի հիւսիսում, հարաւում, արեւելքում կամ արեւմուտքում, լիովին անընդունելի է եւ Իրանի համար կարմիր գիծ է համարւում»:

Այս համատեքստում անհրաժեշտ է երեք դիտարկում կատարել:

ԱՌԱՋԻՆ. Անհրաժեշտ է հաշւի առնել այն փաստը, որ պաշտօնական Մոսկւան երբեւէ ուղիղ տեքստով չի խօսում այսպէս կոչւած միջանցքի թեմայի շուրջ: Ընդհակառակը՝ ՌԴ տարբեր տրամաչփի եւ նշանակութեան պաշտօնեաները փորձում են համոզել, որ ՌԴ-ն միջանցք տերմինաբանութիւնը չի կիրառում եւ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկել որեւէ ճանապարհ միջանցքային տրամաբանութեամբ։ Ըստ նրանց՝ խօսքը վերաբերում է բացառապէս տարածաշրջանում հաղորդակցութեան ուղիների, այդ թւում նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի ապաշրջափակմանը:

Իրադարձութիւնների ընթացքը եւ փաստերի դասաւորութիւնը ակնյայտ է դարձնում, որ միջանցքի հարցը Ռուսաստանի առջեւ բարձրացնում է ադրբեջանական կողմը, որը փորձում է հնարաւոր առաւելագոյնը ստանալ Մոսկւայից, նրա միջնորդական ջանքերին համաձայնելու դիմաց, այսպէս կոչւած՝ միջանցքի տեսքով:

Դժւար չէ հասկանալ նաեւ, որ ուկրաինական պատերազմի արդիւնքում աշխարհաքաղաքական փակուղային վիճակում յայտնւած Ռուսաստանն այս պահի դրութեամբ փորձում է Հայաստանի եւ հայութեան շահերի հաշւին սիարաշահել թուրք-ադրբեջանական տանդեմին, կրկնելով նոյն սխալը, ինչ գործեց 1921 թւկանին՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի տեսքով:

Եւրասիական աշխարհաքաղաքական տարածաշրջանում խարխլւած դիրքերի ամրապնդման եւ դրանց վերականգնման հեռանկարի առումով, Մոսկւայի համար չափազանց կարեւոր նշանակութիւն ունի Հարաւային Կովկասի իրադարձութիւններում իր աւանդական դոմինանտի դերի պահպանումը, որը վերջին տարիների ընթացքում նոյնպէս զգալիօրէն նահանջ է ապրել:

Այդ նպատակով Ռուսաստանը փորձում է կրկին հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի առանցք դարձնել 2020 թւականի նոյեմբերի 9-ին ստորագրւած փաստաթուղթը, որի 9-րդ կէտը նախատեսում է Հայաստանի տարածքով («Զանգեզուրի միջանցք») Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի ռեժիմը ռուս սահմանապահների վերահսկողութեամբ:

Մոսկւան սակայն, թւում է, թէ հաշւի չի առնում երկու կարեւոր հանգամանք: Առաջինը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հիմանակն շահառուներն Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն, թուրք-ադրբեջանական տանդեմը եւ Իսրայէլն են, որոնք ակնթարթում կարող են խաղից չէզոքացնել Ռուսաստանին: Երկրորդը՝ ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, որ պատրաստ են կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ, բայց առանց ռուսական վերահսկողութեան:

Կասկածից վեր է, որ ՀՀ գործող իշխանութիւնները պատրաստ են այդ հարցով համաձայնութեան Ադրբեջանի հետ Արեւմուտքի հովանու ներքոյ, ուստի պատահական չէ, որ հրապարակայնօրէն քննարկում են պահնորդական կազմակերպութեանը ճանապարհի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկողութեան գործընթացում ներառելու հարցը։ Տրամաբանութիւնը յուշում է, որ այսպէս կոչւած միջանցքի վերահսկողութիւնը պէտք է, որ վստահւի արեւմտեան կազմակերպութիւններին:

ԵՐԿՐՈՐԴ. Փաստ է, որ Իրանը պատմականօրէն դէմ է ցանկացած տեսքով կամ ձեւաչափով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղւած ջանքերին: Պաշտօնական Թեհրանն իր դիրքորոշումներով փորձում է կանխել այդ հարցի քննարկումն ու քննարկումների զարգացումը:

Ակնյայտ է, որ հարաւկովկասեան քաղաքականութեան հարցում Իրանը Ռուսաստանի հետ ունի լուրջ տարաձայնութիւններ: Հայաստանի, Ադրբեջանի, եւ յատկապէս հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման հարցում Թեհրանի եւ Մոսկւայի տեսակէտներն ու մօտեցումները տրամագծօրէն տարբեր են:

Բայց սա բնաւ էլ չի նշանակում, որ այս հարցով Իրանի եւ Ռուսաստանի ոչ համաչափ մօտեցումները կարող են ընդհանրապէս ստւերել երկու երկրների միջեւ ձեւաւորւած ռազմավարական յարաբերութիւնները, յատկապէս եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում Ռուսաստանն ու Իրանն ունեն բազմաթիւ համընկնող լուրջ շահեր եւ աւելի բարդ հարցերում ունեն կոնսենսուս։ Այնպէս, որ դժւար թէ Թեհրանը եւ Մոսկւան թոյլ տան, որ վէճն այս հարցում վերաճի աշխարհաքաղաքական լուրջ հետեւանքներ ունեցող հակադրութեան:

Նման շրջադարձ կարող է տեղի ունենայ այն դէպքում, եթէ Մոսկւան որոշի ցանկացած գնով կեանքի կոչել այսպէս կոչւած Հարաւային Կովկասում հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման հետ կապւած, դեռեւս դիւանագիտական ջանքերի տեսք ունեցող իր նպատակները: Այդ դէպքում միայն, տեսականօրէն Թեհրանը կարող է վերանայել Մոսկւայի հետ իր յարաբերութիւնները՝ կապւած Ռուսաստանի հետ իր ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնների խորացման անվտանգային գնի հետ:

ԵՐՐՈՐԴ. Չպէտք է աչքաթող անել այն իրողութիւնը, որ պաշտօնական Թեհրանի վերջին յայտարարութիւնները Ռուսաստանից բացի ունեն նաեւ այլ հասցէատէրեր, այդ թւում՝ Հայաստանը:

Ինքնիշխանութեան հարցի վերաբերեալ դեսպան Սոբհանիի յայտարարութիւնն ուղղւած է հէնց ՀՀ իշխանութիւններին եւ վերաբերում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկողութիւնը ինչ-որ միջազգային ընկերութեանը վստահելու մասին յայտարարութիւններին. «Մեր դիրքորոշումը հաղորդակցութիւնների ապաշրջափակման վերաբերեալ շատ պարզ է եւ ակնյայտ։ Մենք դէմ չենք ապաշրջափակմանը, բայց վստահ եմ, որ ապաշրջափակման շրջանակներում բոլոր գործողութիւնները պէտք է տեղի ունենան ազգային ու պետական ինքնիշխանութեան շրջանակներում: Ամբողջական վերահսկողութիւնը պէտք է լինի Հայաստանի կառավարութեան ձեռքում եւ Հայաստանի ինքնիշխանութեան շրջանակներում։ Սա 19-րդ դար չէ, մենք ապրում ենք 21-րդ դարում։ Երկրներն ունեն անկախութիւն եւ ինքնիշխանութիւն եւ օգտւում են այդ իրաւունքից»:

Միջազգային պրակտիկայում դժւար է գտնել նախադէպ, երբ միջպետական սահմանի երկայնքով անցնող ռազմավարական նշանակութեան ինչ-որ ճանապարհի (միջանցք) վերահսկողոութիւնն ու անվտանգութիւնը վստահւում է ինչ-որ միջազգային կազմակերպութեանը, մանաւանդ, եթէ հաշւի առնենք այն իրողութիւնը, որ տւեալ անցուղին գտնւում է այնպիսի պայթիւնավտանգ տարածաշրջանում ինչպիսին է Հարաւային Կովկասը, եւ դրա շահառուներից մէկը՝ Ադրբեջանն անթաքոյց նպատակ ունի բռնազւթել ոչ միայն Հայաստանի հարաւը՝ Սիւնիքը, այլեւ՝ Հայաստանի տարածքի մեծ մասը, որը նա անւանում է «Արեւմտեան Ադրբեջան»:

Իրանի համար սա անվտանգային բնոյթի լրջագոյն մարտահրաւէր է, որի կողքից անտարբեր անցնել նա չի կարող:

Ամփոփելով, թեման, պէտք է նշենք, որ պաշտօնական Թեհրանի կողմից եկող ազդանշաններն ու նոյնաբովանդակ յայտարարութիւնները վկայում են այն մասին, թէ այս խնդիրն ինչպիսի առանցքային նշանակութիւն ունի Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածաշրջանային շահերի դիտանկիւնից:

Կասկածից վեր է, որ անհրաժեշտութեան դէպքում Իրանը ցանկացած միջոցով կարող է կանխել Հայաստանի աշխարհագրութեան փոփոխութեանն ուղղւած որեւէ քայլ:

Սակայն պէտք է հաշւի առնել այն իրողութիւնը, որ Իրանի գործողութիւնները մեծապէս պայմանաւորւած են լինելու Հայաստանի դիքորոշմամբ եւ խնդրանքով, իսկ որ ՀՀ գործող իշխանութիւնները նման խնդրանքով չեն դիմելու Իրանին, պարզից էլ պարզ է:

Այնպէս, որ չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն կարծիքի հետ, որ թէեւ Իրանի կողմից առկայ է յստակ քաղաքական դիրքորոշում, բայց դա ռազմավարական մակարդակի եւ գործնական քայլի վերածելու համար դեռեւս բացակայում են անհրաժեշտ նախադրեալներն ու պայմանները: