" https://yerkir.am/ "

 

Իրանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ իր երկրի հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում:

Այսինքն, ինչպես հայտարարել է Փեզեշքիանը, ավելի ուշ նաև՝ Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին, Իրանն Իսրայելից օրինական պաշտպանության իր իրավունքն ունի: Եվ, թերևս, այս տրամաբանության մեջ Իրանն ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը երկրի արևելյան շրջաններում:

Իրանի հնարավոր գործողությունների մասին տարբեր կանխատեսումներ են արվում, ի վերջո, ի՞նչ սպասել՝ լայնամասշտաբ հարձակո՞ւմ, թե՞ լոկալ ինչ-որ գործողություն, ի՞նչ են ենթադրում Իրանի ղեկավարության նշված հայտարարությունները, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

– Կարծում եմ՝ նախագահ Փեզեշքիանի հայտարարությունն անհրաժեշտ է դիտարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ընթացող գործընթացների ընդհանուր ֆոնին: Վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելն ակնհայտորեն փորձում է մեծացնել սադրանքի աստիճանն ու լարվածությունը: Նպատակը հստակ է. փորձ է արվում Իրանին ներքաշել տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ, ինչը տրամաբանորեն ենթադրում է ԱՄՆ-ի, Արևմուտքի, և, բնականաբար, տարածաշրջանի մյուս երկրների ուղղակի մասնակցությունն այդ պատերազմին:

Հասկանալի պատճառներով, սա օդի և ջրի պես անհրաժեշտ է Նեթանյահուին և Իսրայելի ծայրահեղական ուժերին՝ փրկելու համար թե՛ ներքին, թե՛ արտաքին այն անել վիճակը, որում նրանք հայտնվել են հոկտեմբերի 7-ից ի վեր: Սա Իսրայելի համար ռազմավարական նշանակության նպատակ է: Թեհրանում շատ լավ են հասկանում դա և փորձում են խուսափել ծուղակից:

Նախագահ Փեզեշքիանը հստակ հասկացնել է տվել, որ Իրանը չի պատրաստվում ներքաշվել Իսրայելի հետ մեծ, տևական և հյուծիչ պատերազմի մեջ: Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ դա չի նշանակում, որ Իրանը հրաժարվել է պատասխան հարվածի իր իրավունքից:

Չպետք է մոռանալ, որ տասնամյակների ընթացքում Իսլամական Հանրապետությունը փաստել է, որ իր անվտանգային մթնոլորտի և ինքնիշխանության անձեռմխելիությունն այն կարմիր գծերն են, որոնց նկատմամբ նվազագույն ոտնձգությունն անգամ արժանանալու է համարժեք և համաչափ պատասխանի, և սա չի կարող ունենալ այլընտրանք: Փեզեշքիանի հայտարարության երկրորդ մասը հենց այդ մասին է վկայում:

Իսրայելի կողմից մեծ հարված է հասցվել Իրանի արժանապատվությանն ու հեղինակությանը, և սա անպատասխան չի մնալու: Իրանն այժմ նախապատրաստում է պատասխան հարվածը, ինչպես երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն է հայտարարել՝ հարմար պահին և տեղում:

 Թեպետ արդեն հաջորդ հարցիս պատասխանը տվեցիք, ամեն դեպքում, գերտերություններից ո՞վ ի՞նչ չափով է շահագրգիռ Իրան-Իսրայել պատերազմ լինելու և չլինելու հարցում:

– Մի բան հստակ է՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային պայմանները, առկա ճգնաժամերն ու բազմաբնույթ և բազմաբովանդակ մարտահրավերները, գերտերություններից ոչ մեկը՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, և ես կասեի՝ նաև Չինաստանը չեն ձգտում պատերազմի: Իրանի և Իսրայելի միջև հնարավոր լայնածավալ պատերազմը չի բխում նրանց ռազմավարական անմիջական շահերից: Դա միանշանակ է, և այդ մասին են վկայում պատերազմի հնարավոր վտանգը կասեցնելուն ուղղված դիվանագիտական ուղղակի կամ միջնորդավորված ջանքերը:

– Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնել էր Իրան և հանդիպել Իրանի նորընտիր նախագահի Մասուդ Փեզեշքիանի հետ, այնուհետև Շոյգուն Իրանից մեկնել էր Բաքու: Շրջանառված տարբեր տեղեկությունների համաձայն, նրա այցն Իրան-Իսրայել հակամարտության տրամաբանության մեջ էր, ի՞նչ են խոսում Իրանում:

 ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի Իրան կատարած այցը չէր կարող չտեղավորվել տարածաշրջանային իրադարձությունների տրամաբանության սահմաններում: Թեև պաշտոնական լրահոսում հպանցիկ ակնարկ կար այդ մասին, սակայն փորձագիտական բոլոր շրջանակները համակարծիք են, որ Շոյգուն Իրանի բարձրաստիճան ղեկավարությանն է փոխանցել հակամարտության հետ կապված պաշտոնական Մոսկվայի և անձամբ նախագահ Պուտինի տեսակետներն ու պատգամը:

Իսկ ինչ վերաբերում է Թեհրան այցից հետո նրա Բաքու կատարած այցին, ապա բոլորն այն կարծիքին են, որ Շոյգուն Ադրբեջանին է փոխանցել Իրանի հստակ պատգամը՝ չտրվել Իսրայելի գայթակղությանը և չներքաշվել Թել Ավիվի հակաիրանական սադրանքներում:

– Ի դեպ, Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումները համընկնո՞ւմ են Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին, կամ՝ որքանո՞վ են համընկնում: Չմոռանանք, թե ինչ մեծ աջակցություն է Ադրբեջանը ստացել Իսրայելից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ, այսինքն՝ Ադրբեջանն իր հաղթանակի համար նաև Իսրայելին է պարտական, պարտքեր կան մարելու: Մյուս կողմից, Ադրբեջանն իր հաղթանակի համար նաև կամ առաջին հերթին՝ Թուրքիային է պարտական, որն այսօր լարված հարաբերություններ ունի Իսրայելի հետ:

– Չեմ կարծում, որ ստեղծված լարվածության և հնարավոր մարտահրավերների ֆոնին խնդրի հետ կապված մեծ տարաձայնություններ լինեն պաշտոնական Անկարայի և Բաքվի տեսակետների ու մոտեցումների միջև: Եթե կան նման տարաձայնություններ, ապա, իմ կարծիքով, դրանք մարտավարական բնույթի են: Միգուցե Ադրբեջանի մոտ առկա լինի այն գայթակղությունը, որ Իրան-Իսրայել հնարավոր պատերազմը կարող է նաև առիթ ընձեռել՝ իրականացնելու իրենց տարածաշրջանային հեռահար նպատակներն ու ծրագրերը, այդուհանդերձ, Բաքվում պետք է որ գոյություն ունենա ողջախոհության այնքան պաշար, որը նրանց կհուշի, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Իրանի դեմ կամ Իրանի հանրահռչակած տարածաշրջանային շահերին ու կարմիր գծերին հակասող ցանկացած տիպի արկածախնդրություն:

– Որպես ամփոփում՝ անդրադառնանք Իրան-Ֆրանսիա և Իրան-Հայաստան հարաբերություններին, հատկապես, երբ Հայաստանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացման քաղաքականություն է որդեգրել, Ֆրանսիան զենք է վաճառում Հայաստանին:

– Ակնհայտ է, թե ներկա դրությամբ պաշտոնական Թեհրանի համար ինչպիսի նշանակություն ունեն Հայաստանի հետ հարաբերությունները: Դրանք անմիջականորեն կապված են Իրանի տարածաշրջանային շահերի և անվտանգային մթնոլորտի պահպանման հետ: Թերևս, այդ մասին է վկայում Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հստակ հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված: Իրանն առաջին և միակ պետությունն է, որ ամենաբարձր մակարդակով հստակ արտահայտվել է Հայաստանի /և ոչ միայն Հայաստանի/ համար այդ միջանցք կոչվածի վտանգների մասին:

Սա փաստում է, թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանումը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի և Հայաստանի վերելք ապրող հարաբերությունների հետ կապված Թեհրանի դիրքորոշմանը, ապա կարող եմ ասել, որ ներկա դրությամբ դրանք այնքան էլ չեն հակասում Իրանի տարածաշրջանային շահերին:

Այս պահին Իրանին առավել մտահոգում է Իսրայելի ներկայությունն իր սահմաններում: Սակայն պետք է նշենք, որ երկարատև կտրվածքով Իրանին չի կարող չմտահոգել Արևմտյան, որոշակիորեն՝ ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի ռազմաքաղաքական անմիջական ներկայությունն իր հարևան և սահմանակից երկրում:

Հ.Գ. Նշենք, որ իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ևս մեկ անգամ ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ շեշտելով, որ Իրանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար, և, որ օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում:

Հավելենք, որ այս տարվա փետրվարին, երբ Հայաստան էր այցելել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ 168.amը Սուրեն Պապիկյանից փորձել էր պարզել՝ հայ-ֆրանսիական համագործակցության խորացումն արդյո՞ք չի հակադրվում ՀՀ-ՌԴ հարաբերությունների և ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության շրջանակում դե յուրե առկա պարտավորություններին, ինչո՞ւ չէ՝ չպետք է մոռանալ նաև Իրանի մասին, որը մեր հարևանն է և աշխարհագրորեն ավելի մոտ է, քան Ֆրանսիան:

Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել էր, որ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո է ռազմատեխնիկական ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր դրել, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի և օկուպացվեցին ՀՀ սուվերեն տարածքներ:

«ՀՀ սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և ՀՀ պետականության շահերից։ Մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ ու անթաքույց: Ինչ վերաբերում է մեր հարևաններին, դաշնակիցներին, բարեկամներին, նույն Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է և որևէ մեկի դեմ չէ:

Մեր իրավունքն է՝ համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը և, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերները: ՀՀ-ն չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ ՀՀ-ի։ Սա որևէ երկրի դեմ ուղղված չէ, որևէ մեկը չպետք է մտահոգվի»,- շարունակել էր ՀՀ պաշտպանության նախարարը:

Իսկ սրանից հետո՝ մարտ ամսին Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել էր Իրան: