Կոմիտասի 155-ամեակին ընդառաջ «Իւ. Յովհաննիսեանի անւան Արւեստի եւ գրականութեան ժողովրդական համալսարան»-ը նախաձեռնել է «Կոմիտասեան Հայաստան» խորագրով ֆլեշմոբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ֆլեշմոբն անցկացւելու է սոցիալական ցանցերով: Մեկնարկելու է օգոստոսի 11-ին եւ աւարտւելու է Կոմիտասի ծննդեան օրը՝ սեպտեմբերի 26-ին:
Ներկայացնելով ֆլեշմոբի կանոնները՝ համալսարանի ռեկտոր Անահիտ Օհանեանը տեղեկացրեց, որ իւրաքանչիւր անհատ, ընկերութիւն կամ հաստատութիւն կարող է դառնալ այդ ֆլեշմոբի մասնակիցը: «Իւրաքանչիւր մասնակից «Ֆէյսբուք»-ի իր յարթակի ուղիղ եթերում կամ նախօրօք պատրաստւած տեսահոլովակի ձեւաչափով տեղադրում է Կոմիտասին վերաբերող նիւթ՝ նկար, քանդակ, կամ հանդէս է գալու երգով, բանաստեղծութեամբ, ասոյթով, յուշով: Անհրաժեշտ է տեղադրել նաեւ միջոցառման հեշթեգերը՝ #ԿոմիտասեանՀայաստան, #Կոմիտաս155»,- նշեց Անահիտ Օհանեանը՝ կարեւորելով կոմիտասեան ֆլեշմոբի մասսայականացումը, կոչ անելով միանալ նախաձեռնութեանը:
«Կոչ ենք անում հայութեանը ակտիւ մասնակցել ֆլեշմոբին: Մէկ ակնթարթ միաւորւենք մեծն Կոմիտասի շուրջ, մեր խոնարհումը բերենք ու դառնանք Վարդապետի ժառանգութեան իրաւատէրը»,- յաւելեց Անահիտ Օհանեանը։