ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՒԱԾ ԱՆՄԵՂ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ 25-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՒ
Հինգշաբթի՝ փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 7-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ մասնակցութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ու հոգեւորականաց դասի, կայացաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ Սումգայիթում ադրբեջանցիների վայրագութեան զոհ գնացած անմեղ հայորդիների յիշատակին: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:
Արարողութեանը ներկայ էին Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, Թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի Յանձնախմբի ներկայացուցիչներն ու համայնքի անդամներ:
Հոգեհանգստեան արարողութեան ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին: Նա նշելով, որ մեր ժողովուրդը կարողացաւ նեղութիւնների ու տառապանքների միջից անցնելով՝ ոտքի կանգնել եւ իր յաղթական երթը շարունակել, անդրադառձաւ պատմութեան տարբեր հանգրւաններում հայ ազգի տառապանքներին ու արձանագրած յաղթանակներին եւ ասաց. «Այսօր մեր պարտականութիւնն է՝ որպէս ժողովուրդ միակամ դառնանք եւ միասնաբար մեր ձայնն աշխարհին լսելի դարձնելով ասենք՝ մենք մեռած ժողովուրդ չենք եւ կը շարունակենք մեր պայքարը այնքան ժամանակ մինչեւ մեր արդար իրաւունքներին տէր կանգնեք»:
Այնուհետեւ ներկաները բոլորւելով եկեղեցու բակում՝ ունկնդրեցին Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանի եւ դեսպան Գրիգոր Առաքեալեանի օրւան պատշաճ արտայայտութիւնները: Պրն. Մինասեանը կարեւորութեամբ ընդգծելով մինչեւ այսօր շարունակւող թուրք-ադրբեջանական հայատեաց քաղաքականութիւնը, որի պարզ ապացոյցն Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին հերոսի կոչում շնորհելն է, յիշեց արցախեան ազատամարտը եւ ասաց, որ արի հայ զաւակների միասնական պայքարի շնորհիւ Արցախի ժողովուրդը կարողացաւ ստեղծել իր անկախ հանրապետութիւնը եւ իր ապահով կեանքը շարունակելու հնարաւորութիւնը:
Որպէս եզրափակիչ ելոյթ՝ դեսպան Գրիգոր Առաքելեանն անդրադառնալով արցախեան շարժման ձեւաւորմանը եւ Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացւած ջարդերին՝ աւելացրեց. «Այսօր մենք ականատեսն ենք նոյն քաղաքականութեան, երբ Ադրբեջանում հայատեացութիւնը քարոզւում է, երբ Սաֆարովների նմանները հերոսացւում են: Մենք պէտք է ուրախ լինենք, որ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի ջանքերի շնորհիւ շատ արագ կարողացանք պատռել Ադրբեջանի դիմակը եւ համաշխարհային հանրութեանը ցոյց տալ նրա իսկական դէմքը»: