«Իրաւունքի եւ արդարադատութեան եւրոպական կենտրոնի» հրապարակած զեկոյցում արբանեակային պատկերների հիման վրայ մանրամասն ներկայացւում է, որ 2023 թւականի սեպտեմբերին Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող ԼՂ տարածքներում հայկական յուշարձաններն ու մշակութային ժառանգութիւնը անհետանում է և ոչնչանում։ Նշւած զեկոյցը հիմնաւորում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացւած «մշակութային ջարդը»։ Այս մասին գրում է ֆրանսիական հեղինակաւոր «Լը Ֆիգարօ» (Le Figaro) օրաթերթը։
«Լեռնային Ղարաբաղի հազարամեայ ժառանգութիւնը վտանգի տակ է. Դա ոչ միայն 100,000 հայերի մտահոգութիւնն ու վախն է, ովքեր լքել են իրենց հողը 2023 թւականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ռազմական գործողութիւններից յետոյ, այլ նաեւ «Իրաւունքի եւ արդարադատութեան եւրոպական կենտրոնի» (ECLJ) դիտարկումը։
«Այս «լկտի եւ կործանարար (…) քաղաքականութեամբ աւերածութիւն եւ ռևիզիոնիզմ է քարոզւում, որով ջնջում են Լեռնային Ղարաբաղի հայերի ժառանգութիւնը»,- զգուշացնում է Ստրասբուրգում գործող կազմակերպութիւնը։
«Լեռնային Ղարաբաղը, որը հնագոյն ժամանակներից ի վեր գրեթէ մշտապէս բնակեցւած է եղել հայերով, Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր վիճելի տարածք է համարւել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այն ունի շուրջ 500 մշակութային վայր, որտեղ 6000 հայկական ժառանգութեան մնացորդներ կան:
2023 թւականի սեպտեմբերին ԼՂ ամբողջ տարածքն անցել է ադրբեջանական վերահսկողութեան տակ, Բաքուն մերժում է օտարերկրեայ դիտորդների մուտքը մշակութային վայրեր՝ չնայած Հայաստանի եւ միջազգային կառոյցների բազմաթիւ խնդրանքներին։