" https://alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – «Իրանը դէմ է միջազգային սահմանների փոփոխութեանը եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեան»: Այս մասին իրանական SNN գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։

Անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին, դեսպանը նշել է.

«Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները առանձնայատուկ կարեւորութիւն ունեն իրենց աշխարհագրական եւ ռազմավարական դիրքով։ Երկրների միջեւ կայ 46 կմ սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգութեան ամրապնդման գործում:

Բացի այդ, երկու երկրների միջեւ տնտեսական, էներգետիկ եւ կրթական համագործակցութիւնը կը նպաստի երկկողմ կապերի ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը»:

Դեսպանը յատուկ մատնանշել է Իրանի համար Հայաստանի Սիւնիքի մարզի անվտանգութեան կարեւորութիւնը։

«Սա ռազմավարական նշանակութեան տարածաշրջան է, որը կարեւոր դեր է խաղում Իրանի եւ Հայաստանի միջեւ անվտանգութեան եւ առեւտրի ապահովման գործում։ Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան բացումը նպաստեց սահմանային հաղորդակցութեան բարելաւմանը»,- ասել է նա՝ յաւելելով. «Տարածաշրջանի անվտանգութիւնն ու կայունութիւնը բխում են Իրանի շահերից, եւ մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղութեամբ»:

Խօսելով էներգետիկ ոլորտում երկու երկրների յարաբերութիւնների մասին, Մեհդի Սոբհանին տեղեկացրել է, որ առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կը կրկնապատկւի:

Նա յիշեցրեց, որ մէկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը մինչեւ 2030 թւականը։ Այսպիսով, Իրանը տարեկան 360 մլն խմ գազ է արտահանում Հայաստան, իսկ դրա դիմաց ներմուծում է էլեկտրաէներգիա։

«Մեզ յաջողւեց գրեթէ վերջնական փուլ բերել նաեւ Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կը յանձնւի մի քանի ամսում, եւ մենք կը կարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ առեւտրի ոլորտում հնարաւոր է եղել Հայաստանի հետ ապրանքաշրջանառութիւնը հասցնել 711 մլն դոլարի, օրական 400 բեռնատար աւտոմեքենայ:

Սոբհանին ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր շուկայ է Իրանի համար, քանի որ ԵԱՏՄ անդամ երկիր է։

Իրականացւող համատեղ ծրագրերի թւում նա նշել է ենթակառուցւածքների եւ էներգետիկայի ոլորտում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը եւ գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը։

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցութեան «3+3» ձեւաչափին, դեսպան Սոբհանին յայտնել է, որ այդ ձեւաչափով ԱԳ նախարարների յաջորդ հանդիպումը կը կայանայ մօտ ժամանակներս Թուրքիայում։

Նա յիշեցրել է, որ հարթակին մասնակցող արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է Թեհրանում։

Յիշեցնենք, որ «3+3» խմբի (ըստ էութեան՝ «հնգեակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին հանդիպումը կայացել է 2021 թւականի դեկտեմբերին Մոսկւայում՝ 5 երկրների՝ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։