«ԱԼԻՔ» – Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշաւ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դէմ եւ զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգութեան իւրացման գործընթացին նոր ուղղութիւններ տալ՝ թիրախաւորելով ոչ նիւթական ժառանգութիւնը։ Այդպիսի միջոցառումներից մէկը 2024 թւականի յունիսի 21-ից 22-ը Նախիջեւանում անցկացւած ազգագրական փառատօն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դէպի արեւմտեան ադրբեջան» խորագիրը։ Այս մասին ահազանգում է monumentwatch.org-ը:
Փառատօնը կազմակերպւել էր Ադրբեջանի եւ Նախիջեւանի նախագահների, Ադրբեջանի գիտութեան եւ կրթութեան նախարարութեան, Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան պետական համալսարանի եւ «արեւմտեան ադրբեջան» կոչւող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խօսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքականութեանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրաւունքները»։ Փառատօնի շրջանակներում ներկայացւած տարբեր լուսանկարներով ու դեկորատիւ արւեստի առարկաներով ներկայացւել է ՀՀ քարտէզը՝ քաղաքների ու գիւղերի հնարած անուններով։ Փառատօնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսեւորումներ ներկայացւել են որպէս զուտ ադրբեջանական, այդ թւում՝ «արեւմտեան ադրբեջան»-ին նւիրւած բանահիւսութեան օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականութեան նմուշներ եւ այլն։ Փառատօնի շրջանակներում ներկայացւել են նաեւ հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրեւանեան խոհանոց» անւան տակ՝ նկատի ունենալով ոչ թէ Հայաստանը, այլ, բնականաբար, Ադրբեջանը (նկ․ 1, 2, 3, 4):
Փառատօն-համագումարի առաջին օրն անցկացւել է Բաթաբաթ սարահարթում։ Այստեղ տեղադրւել են վրաններ, որոնք ներկայացրել են Հայաստանի Հանրապետութեան 11 մարզերը՝ (ադրբեջանցիների կայքերում ՀՀ մարզերը ներկայացւում են որպէս «արեւմտեան ադրբեջանի»-ի նահանգներ)։ Իւրաքանչիւր տաղաւար ներկայացնում է հայկական մշակոյթի բռնիւրացման իր տարբերակը՝ ներառեալ բանահիւսութիւնն ու ազգագրական մշակոյթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրեայ միջոցառումը դարձել է նաեւ Հայաստան (իրենց խօսքով «արեւմտեան ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։ Փառատօնի «գիտական» քննարկումներում ներգրաււած են եղել Ադրբեջանի Գիտութիւնների ազգային ակադեմիան, Բաքւի պետական համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերւատորիան, Բաքւի ճարտարագիտական համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրոյթի աջակցութիւնը «հինաւուրց հայրենիք»՝ «արեւմտեան ադրբեջան» վերադառնալու գործընթացին։ Յիշեցնենք, որ նման մէկ այլ փառատօն էլ անցկացւել է 2023 թւականի նոյեմբերին՝ կրելով նոյն խորագիրն ու հայկական ժառանգութիւնը իւրացնելու նոյն նպատակը։