" https://alikonline.ir/political/24965 "
Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչել է Պաղեստինի պետութիւնը: Այս կապակցութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՀ ԱԳ նախարարութիւնը:
«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը եւ շարունակւող ռազմական հակամարտութիւնն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգաւորում պահանջող առաջնային խնդիրներից մէկն է:
Հայաստանի Հանրապետութիւնը կտրականապէս մերժում է զինւած հակամարտութեան ընթացքում քաղաքացիական ենթակառուցւածքների թիրախաւորումը, քաղաքացիական բնակչութեան դէմ բռնութիւնները եւ քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը եւ միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրութեան պահանջներին:
Հայաստանի Հանրապետութիւնը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւերին, որոնք կոչ են անում անյապաղ հրադադար հաստատել Գազայում: Աւելին, Հայաստանի Հանրապետութիւնն անկեղծօրէն շահագրգռւած է Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմամբ, հրեայ եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ տևական հաշտութեան կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապէս հանդէս ենք եկել պաղեստինեան հարցի խաղաղ եւ համապարփակ կարգաւորման օգտին եւ պաշտպանում ենք իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան լուծման՝ «երկու պետութիւն» սկզբունքը: Համոզւած ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխաւորելու, որ պաղեստինցիներն ու իսրայէլցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:
Ելնելով վերոնշեալից եւ վերահաստատելով իր հաւատարմութիւնը միջազգային իրաւունքին եւ ժողովուրդների հաւասարութեան, ինքնիշխանութեան ու խաղաղ համակեցութեան սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Պաղեստինի պետութիւնը»,- ասւած է ՀՀ ԱԳՆ-ի տարածած յայտարարութիւնում: