Շաբաթ՝ 2013 թւականի փետրւարի 9-ի կէսօրից յետոյ ժամը 2:30-ին, Սպահանի Իսլամական Առաջնորդութեան եւ Մշակոյթի Հիմնարկի Փոքրամասնութիւնների Բաժնի կազմակերպութեամբ, եգիպտացի լրագրողների, քաղաքական կուսակցութիւնների գործիչների եւ համալսարանի դասախօսներից բաղկացած 7 հոգանոց մի պատւիրակութիւն ժամանեց Ս. Ամենափրկչեան Վանք եւ Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցաւ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի ատենապետ պրն. Աշոտ Դաւթեանը, Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը, Կրօնական Խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանը, նոյն Խորհրդի անդամ արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը եւ Կրթական Խորհրդի ատենապետ պրն. Ջանսոն Աղաբաբայեանը:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը բարիգալստեան խօսք ուղղեց հիւրերին, ապա պատասխանելով նրանց հարցումներին՝ ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց Թեմի կառոյցի եւ գործունէութեան վերաբերեալ, խօսեց Իրանում եկեղեցական եւ կրօնական ոլորտներում հայութեան իրաւունքների ու ազատութեան մասին: Յաւելեալ մանրամասնութիւններ հաղորդեց արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը՝ հայոց եկեղեցիների եւ դպրոցների ծրագրերի ու հնարաւորութիւնների վերաբերեալ:
Պրն. Նոէլ Մինասեանը, ողջունելով պատւիրակութեան անդամներին, տեղեկութիւններ փոխանցեց մասնաւորաբար Սպահանի Հայոց Թեմի տարածքում ապրող հայութեան հասարակական, մշակութային, կրօնական եւ ազգային գործունէութեան ու իրավիճակի մասին: Նա իր խօսքի մէջ ասաց. «Նոր Ջուղան իր էութեամբ եւ 400-ամեայ գոյութեամբ, միշտ հանդիսանալով բազմաթիւ կրօնների համերաշխ համակեցութեան եւ խաղաղ երկխօսութեան բնօրրան, լաւագոյն օրինակ կարող է հանդիսանալ աշխարհի այլ երկրների համար՝ հանդուրժողականութեան եւ մարդկային իրաւանց սկզբունքների յարգման եւ իրագործման ուղղութեամբ»: Իր խօսքերի վերջին բաժնում, պրն. Մինասեանը երախտագիտութեամբ արտայայտւեց 1915 թւականին թուրք ջարդարարների միջոցով կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան կոտորածից փրկւած եւ Եգիպտոս գաղթած հայութեանը ապաստան տալու եգիպտացի ժողովրդի վերաբերմունքի մասին, միաժամանակ կարեւոր համարելով Իրան-Եգիպտոս քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների առաւել զարգացումն ու բարելաւումը:
Հանդիպումից յետոյ խումբն այցելեց Ս.Ա. Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» անւան թանգարան: