" https://www.alikonline.ir/ "
«Զանգեզուրի միջանցք»-ի, դրա հնարաւոր հետեւանքների եւ առկայ մարատահրաւէրների մասին, իրանական Khabaronline-ը զրուցել է Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի հետ;
– Ի՞նչ վտանգեր է պարունակում Իրանի համար «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը:
– Եթէ այս ծրագիրը կեանքի կոչւի, ապա ամբողջովին կը փակւի իրանական բեռների՝ հարաւից հիւսիս, դէպի Եւրոպա եւ Ռուսաստան տեղափոխելու ուղիները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով: Այնպէս, ինչպէս 2020 թւականի Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ, Հայաստանի տարածքում, դէպի Վրաստան եւ Եւրոպա տանող ճանապարհի այն հատւածը, որը պատերազմի պատճառով անցել էր Ադրբեջանի ձեռքը, երկու անգամ փակւեց, եւ մեր բեռնատարների վարորդները յայտնւեցին երկար հերթերի մէջ, եւ նոյնիսկ իրանական իւրաքանչիւր բեռնատարից 100 դոլար էին գանձում, որ անցնի ու գնայ Վրաստան:
Այս փորձը վկայում է, որ եթէ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանութիւնն այդ հատւածի նկատմամբ, դա կարող է սպառնալիք լինել Իրանից եւ հարաւից հիւսիսի ապրանքների արտահանման համար, սա առաջին վտանգն է։ Երկրորդ վտանգն այն է, որ Իրան-Հայաստան սահմանին աշխարհաքաղաքական շնչահեղձութիւն է առաջանալու, քանզի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանն Իրանի շնչափողն է, որն Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող հազարամեակների բարեկամական յարաբերութիւնների արդիւնքում, միշտ եղել է անվտանգ եւ օգտագործւել է Իրանի կողմից: Եթէ այս ծրագիրը («Զանգեզուրի միջանցք»-ԽՄԲ.) կեանքի կոչի, ապա Իրանի հարեւաններից կը պակսի մէկը:
Երրորդ խնդիրը, որը մենք չենք կարող աչքաթող անել, այն է, որ այս ծրագրի իրագործմամբ կեանքի կը կոչւի «Մեծ Թուրան»-ը, ինչին դժւար, թէ տարածաշրջանի եւ անգամ արտատարածաշրջանային երկրների մեծ մասը համաձայն լինի:
– Բայց ռուսները, ըստ երեւոյթին, համաձայն են այս ծրագրի իրականացմանն այնքանով, որ նոյնիսկ նախօրէին յայտարարեցին, որ այդ միջանցքը պէտք է ստեղծւի:
– Ռուսները համաձայն չեն, նրանք նկատի չունեն միջանցքը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թւականի նոյեմբերի 9-ին ստորագրւած զինադադարի համաձայնագրի 9-րդ կէտը նշում է Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ կապի ապաշրջափակումը, եւ չի ակնարկում միջանցքի, եւ այն մասին, թէ ով է վերահսկելու այն: Ռուսաստանն ասում է, որ այս կէտը պէտք է կեանքի կոչւի, միեւնոյն ժամանակ, Ռուսաստանը ցանկանում է յայտարարել, որ Հարաւային Կովկասն իմ յետնաբակն է: Ռուսաստանը զգուշացնում է, որ ինձնից բացի, այլ ուժ չի կարող մտնել այս տարածաշրջան, եւ ես պէտք է լինեմ այս տարածաշրջանի հիմնական խաղացողն ու որոշում կայացնողը:
Նաեւ, հաշւի առնելով այն փաստը, որ վերջին տարիների ընթացքում Երեւանը հեռացել է Մոսկւայից եւ շրջւել է դէպի Արեւմուտք, նման յայտարարութիւնները կարող ենք համարել նախազգուշացում՝ Հայաստանին: Բացի այդ, այս բոլորը կօգնի Ռուսաստանին օգուտներ քաղել Ադրբեջանից, էներգակիրների արտահանման առումով:
– Ի՞նչ էք կարծում, Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութեան հաւանականութիւն կա՞յ, եթէ, իհարկէ, այս միտումը շարունակւի:
– Պէտք է սպասել, տեսնելու համար, թէ այս հարցի հետ կապւած ինչ որոշում է կայացնելու համակարգի ղեկավարութիւնը: Ես սակայն վստահ եմ, որ Իրանը կարձագանգի, եթէ փորձ արւի ռազմական գործողութիւնների միջոցով այդ ծրագիրը կեանքի կոչել: Իրանը տարածաշրջանի հզօր եւ առանցքային խաղացողներից է: Ցաւօք, Հարաւային Կովկասի նկատմամբ ուշադրութեան պակասի պատճառով, վերջին տարիներին դուրս է մնացել խաղից՝ այն թողնելով ռուսներին ու թուրքերին: Բայց 2020 թւականի պատերազմից յետոյ, բարեբախտաբար, ուշադրութիւնն այս տարածաշրջանի նկատմամբ աւելացել է: Չմոռանանք, որ երբ Ղարաբաղը հայաթափւեց, այնտեղ ներկայ Ադրբեջանը չունէր անհրաժեշտ ռազմական հզօրութիւն, հայկական ուժերին ջախջախելու համար: Այնտեղ էին իսրայէլցի խորհրդականներն ու իսրայէլական ռազմական տեխնիկան:
– Եթէ լարւածութիւն առաջանայ մեր եւ թուրք-ադրբեջանական ալիանսի միջեւ, ինչպիսի՞ն կը լինի ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի դիրքորոշումը:
– Եթէ ուշադրութիւն դարձնենք, ապա ԱՄՆ-ից «Զանգեզուրի միջանցք»-ի առնչութեամբ առայժմ յստակ ու վճռական յայտարարութիւն չկայ, եւ կոնկրետ դիրքորոշում չի որդեգրել։ Իհարկէ, ինչպէս նշեցինք, Երեւանը շարժւում է դէպի Արեւմուտք, եւ նրանք ինչ-որ կերպ պէտք է, որ աջակցեն: Անգլիան շատ շահագրգռւած է այդ միջանցքի ստեղծմամբ: Թուրքիան եւ Սիոնիստական ռեժիմը նոյնպէս մեծ ցանկութիւն ունեն:
– Իսկ Ֆրանսիան ու Գերմանիան…
– Այս խնդրի կապակցութեամբ արեւմտեան երկրների իջեւ գոյութիւն ունի տարաձայնութիւն: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն այնքան էլ ցանկութիւն չունեն կեանքի կոչելու այս ծրագիրը: Սակայն, եթէ այն կեանքի կոչւի, ապա ՆԱՏՕ-ի դիրքերն այս տարածաշրջանում կտրուկ կամրանան:
– Ինչո՞վ է պայմանաւորւած նման մօտեցումը: Միւս կողմից ԱՄՆ-ի անորոշ դիրքորոշումը կարո՞ղ է արդեօք պայմանաւրւած լինել այդ երկրում սպասւող ընտրութիւններով:
– Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում գործում են հայկական հզօր լաբիստական կազմակերպութիւններ: Միւնոյն ժամանակ, ինչպէս նշեցիք, ԱՄՆ-ում սպասւում են նախագահական ընտրութիւններ, եւ այդ պատճառով ԱՄՆ-ը կրաւորական է գործում: Հայկական լաբիստական կազմակերպութիւնները կարող են ազդել ընտրութիւնների վրայ:
– Այսինքն՝ հայերն աւելի՞ ազդեցիկ են, քան սիոնիստական լաբբին:
– Չմոռանանք, որ Ամերիկայում եւ Ֆրանսիայում հրէական լաբբից յետոյ, ամենաուժեղը հայկական լաբբին է, որը երկար պատմութիւն եւ ազդեցութիւն ունի այս երկրներում:
– Թուրքիայի աջակցութիւնն այս ծրագրին կարո՞ղ ենք արդեօք վերագրել պանթուրքիզմի նոյն պատմութեանն ու հայերի ցեղասպանութեանը:
– Այո, անկասկած: Մենք չենք կարող հերքել այն փաստը, որ այժմ Թուրքիայի քաղաքականութիւնը նէօօսմանիզմն է, եւ ինչ-որ կերպ շարունակում է պանթուրքիզմի ուղին եւ փորձում է վերականգնել օսմանիզմ։ Այժմ Հայաստանը եւ յատկապէս Սիւնիքի մարզը (Իրանի եւ Հայաստանի սահմանը) վահան է պանթուրքիզմի եւ նէօօսմանիզմի էքսպանսիայի դէմ։