Չորեքշաբթի՝ յունւարի 17-ի առաւօտեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով քաղաքավարական այցով Շահինշահրի Հայ համայնքի կենտրոնատեղիում ներկայ գտնւեցին՝ Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջաթ. Բաղերեանը, քաղաքապետ Սաիդ Աբրիշամի Ռադը եւ նրանց ընկերակցող մի շարք այլ պետական բարձրաստիճան պաշտօնատարներ. հիւրերին դիմաւորող հայկական պատւիրակութեանը, որին գլխաւորում էր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, մաս էին կազմել՝ տեղի համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորներն ու Հայ համայնքի վարչութեան անդամները:
Սկզբում հիւրերին բարիգալստեան խօսք ասաց հիւրընկալը՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Անահիտ Այւազեանը: Նա իր խօսքում յատկապէս շնորհակալութիւն յայտնեց Շահինշահրի պետական պաշտօնատարներին՝ հայ համայնքին զանազան բնագաւառներում հովանաւորելու եւ պատկան վարչութեան հետ համագործակցելու համար:
Բարի գալստեան մաղթանքներով արտայայտւեց նաեւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա յատկապէս նշեց, որ թէեւ թշնամիները սադրիչ գործողութիւններով փորձում են պառակտել Իրանի ժողովրդի միասնականութիւնը, սակայն այս երկրի քաղաքացիները անկախ իրենց ազգութիւնից ու դաւանանքից, ոչ միայն հնազանդ ու հպատակ են երկրի ղեկավարութեանը, այլ նաեւ հարազատօրէն եւ եղբայրաբար ապրում են միմեանց կողքի, ինչն արդիւնքն է երկրի հոգեւոր առաջնորդի եւ պետական այրերի տարիների վարած գովելի քաղաքականութեան: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը դատապարտելով Քերմանում տեղի ունեցած ողբերգութիւնը, իր, թեմի ազգային մարմինների եւ ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց զոհւածների կապակցութեամբ եւ շուտափոյթ ապաքինում ցանկացաւ վիրաւորների համար։ Սրբազան Հայրը վերջում խնդրեց Աստծուն սէր, միութիւն, խաղաղութիւն եւ ապահովութիւն՝ իրանեան հայրենիքում եղբայրական մթնոլորտում կեանքը շարունակելու համար:
Հոջաթ. Բաղերեանը դրւատանքի խօսք ասելով հայ համայնքի կապակցութեամբ՝ հպրատութեան առիթ համարեց նման քաղաքացիներ ունենալը. նա իր խօսքում յատկապէս ընդգծեց այն փաստը, որ Իրանի ժողովուրդը միշտ միասնական է եղել՝ թէ երկրի հողային ամբողջականութեան պաշտպանման հարցում եւ թէ զարգացման ու բարգավաճման ժամանակաշրջաններում:
Շարունակութեան մէջ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ շնորհաւորանքի խօսքերով ու մաղթանքներով հանդէս եկան քաղաքապետ պրն. Աբրիշամի Ռադն ու Քաղխորհրդի անդամ պրն. Շահզադէ Ֆարդը: Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը շնորհակալութիւն յայտնելով հիւրերին իրենց այցի առիթով՝ գնահատեց, որ բազմազբաղ լինելով հանդերձ միշտ ջերմ վերաբերմունք են ցուցաբերում հայ համայնքի նկատմամբ: Պրն. Մինասեանը ցաւալի համարելով այն, որ 2024-ի սկզբնական օրերին Իրանի ժողովուրդը ակնատեսը եղաւ Քերմանի ողբերգութեանը, խաղաղութիւն եւ առաւել առաջադիմութիւն ցանկացաւ Իրանի եւ ժողովրդի համար:
Թղթակից (Նոր Ջուղա)