" https://www.alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – Իսլ. Խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Արա Շահվերդեանը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առիթով շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի ժողովրդին ու կառավարութեանը եւ ընդգծել, որ երկու երկրների համագործակցութեան եւ յարաբերութիւնների խորացման համար չկայ որեւէ սահմանափակում, իսկ խորհրդարանական բարեկամութեան խումբն այդ համագործակցութիւնների ամրապնդման կարեւոր յենասիւներից մէկն է: Այս մասին է տեղեկացրել «ICANA»-ն:

Արա Շահվերդեանն ուղերձում  ընդգծւած նշել է. «Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմական սահմանը կամուրջ է երկու երկրների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան խորացման համար, եւ պէտք է ցանկացած սպառնալիքի դէմ մնայ պաշտպանւած»։

Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Իրանը, որպէս Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը ճանաչած առաջին երկիր ականատեսն է եղել երկու երկրների յարաբերութիւնների զարգացմանը, ինչպէս նաեւ երկկողմ համագործակցութեանը տարբեր հարթութիւններում, այդ թւում՝ տնտեսական եւ մշակութային ոլորտներում, հիմնւած՝ երկու ժողովուրդների ընդհանուր շահերի վրայ:

Որպէս երկրի, որը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատմանը, ինչը համարւում է Իսլամական յեղափոխութեան հիմնարար արժէքներից ու հիմնաքարերից մէկը, Իրանը յատուկ շեշտադրել է տարածաշրջանային խաղաղութիւնը, անվտանգութիւնը եւ կայունութեան հաստատման կարեւորութիւնը: Այս կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւնները բազմիցս յայտարարել են, որ հարեւանների տարածքային ամբողջականութեանն ուղղւած ցանկացած սպառնալիք կամ տարածաշրջանային սահմանները փոխելու ցանկացած փորձ անընդունելի է Իրանի համար։ Այս հարցն Իրանի արտաքին քաղաքականութեան կարմիր գիծն է, եւ յստակօրէն  շեշտադրւած է նաեւ Յեղափոխութեան գերագոյն առաջնորդի ուղերձում։

Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը յարգելն Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան համար համարւում է սկզբունք, եւ բարեբախտաբար, մենք հայկական կողմի հետ այս հարցում ունենք ամբողջական համաձայնութիւն»։