Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում նշւեց զոհողութեան եւ մայրական սիրոյ տիպար Հայ մայրերի տօնը:
Երեկոյին ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայցուցիչներ ու ժողովուրդ:
Միջոցառումն հանդիսավարեցին՝ Վանէ Շահիջանեանն ու Կարէն Խանլարեանը, ովքեր իրենց խօսքերում օրւան պատշած արտայայտութիւններով ու մաղթանքներով ողողեցին սրահը:
Ընթացքում ինը երգերի գերազանց կատարումներով հանդէս եկան Անասիկ Յովսէփեանը, Թանիա Մինասեանը եւ Վանանդ Իսաղուլեանը, որոնց ընկերակցում էր «Արփա» նւագախումբը՝ անդամակցութեամբ՝ դոկտ. Արբի Բաբումեանի, Րաֆֆի Խուդաբախշեանի, Էրւին Յովսէփեանի, Մելինէ Հայրապետեանի, Ասպետ Սիմոնեանի եւ Լիօ Ջանիի. խումբը ղեկավարում է դոկտ. Արբի Բաբումեանը:
Գեղարւեստական յայտագրում տեղ էին գտել նաեւ անզուգական պարային կատարումներ եւ ասմունքներ. մէկ մենապար եւ երկու խմբական կատարում Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախմբից՝ ղեկավարութեամբ Ալինա Գրիգորեանի, իսկ երկու ասմունք, որոնք կատարեցին Ն.Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի պատանեկան բաժնի անդամներ՝ Սէրլի եւ Քաջազնունի Սարեաններն ու Սերինէ Յակոբեանը. «Փարոս»-ի պատանեկան բաժնի պատասխանատուն է Վեհանուշ Խուդաբախշեանը:
Ծրագրի աւարտին իր սրտի խօսքն ասաց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա բարձր գնահատելով երեկոյի բոլոր կատարումները, շեշտեց, որ ոչ մի խօսք, կատարում կամ որեւէ գնահատման միջոց չի կարող արժանին գնահատել հայ մայրերին: Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանն իր խօսքի մի այլ բաժնում կարեւորութեամբ նշեց, թէ երբ դուստրերին օրհնելիս ասում են՝ մայր դառնաս, դա ոչ միայն աղջիկներին ուղղւած օրհնութիւն է, որպէսզի վայելեն մայրական բերկրանքը, այլ նաեւ օրհնութիւն է նրանց ապագայ զաւակներին, որ վայելեն իրենց մայրիկների ներկայութիւնը: Սրբազան Հայրը վերջում մայրերին հրեշտակային արարածներ անւանելով՝ շեշտեց, թէ Աստւած իր սիրուց մի կաթիլ կաթեցնելու համար ամենաարժանաւոր սրտերը գտաւ նախ մայրերի, ապա հայրերի մէջ:
Սրբազան Հօր ձեռամբ կազմակերպիչ ընկերութեան վարչութեան անունից գնահատագրեր եւ ծաղիկներ նւիրւեցին գեղարւեստական բաժնի երեք ղեկավարներին, իսկ ծաղիկներ՝ բոլոր դերակատարներին:
Թղթակից (Նոր Ջուղա)