Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հինգշաբթի՝ փետրւարի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը, խմբավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի, հանդէս եկաւ յոբելեանական համերգով՝ նւիրւած խմբի հիմնադրման եւ գործունէութեան 25-ամեակին:
Ծրագրին ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու երգարւեստի հաւատարիմ հանդիսատեսը:
Ներկաներին ողջունեց եւ խմբի վարչութեան խօսքով հանդէս եկաւ երգչախմբի վարչութեան նախագահ Վեհանուշ Խուդաբախշեանը, որում մասնաւորապէս ասւած էր. «Նոր Ջուղայի ոսկեզօծ պատմութեան էջերում, բաղձալի հպարտութեամբ ենք հանդիպում երգչախմբային արւեստը ներկայացնող խմբերին եւ նրանց խմբավարներին, որոնք ազնւօրէն եւ անշահախնդիր սիրով, վառ են պահել հայ մշակոյթի ջահը, լուսաւորելով ուղին՝ յաջորդ սերունդների համար: Այսօր եւս մեծ բերկրանքով ենք թերթում պատմութեան այն էջը, որտեղ 1999 թւականի յունւարի 14-ին, Նոր Ջուղայում հիմք դրւեց «Տաթեւ» երգչախումբը, որի մտայղացումը արծարծւեց թեմիս ժամանակի հոգեւոր Առաջնորդ երջանկայիշատակ Տ. Կորիւն Արք. Պապեանի կողմից եւ հաստատւեց ժամանակի Թեմական ու Կրօնական խորհուրդների միջոցով: Խմբի ղեկավարութիւնը վստահւեց, այն օրերին Հայաստանում Կոմիտասի անւան կոնսերւատորիայում ուսանող, համայնքիս շնորհաշատ երիտասարդ երաժիշտ Համիկ Ալեքսանդրեանին»:
Վարչութեան խօսքի մի այլ բաժնում անդրադարձ էր կատարւել անցնող 25 տարիների ընթացքում թեմի Կրօնական խորհրդին ենթակայ այս երգչախմբի ծաւալուն եւ բազմաժանր աշխատանքներին, սկսած ազգային եւ կրօնական միջոցառումների երգացանկից մինչեւ տարեկան համերգների համար խմբավարի ստեղծագործութիւններին ու մշակումներին, որոնք գերազանցում են 300-ը եւ հնչել են տարբեր բեմերից:
Յաջորդիւ իրականացւեց համերգային բաժինը, որի ընթացքում հնչեցին հայկական Էստրադային, աշուղական եւ ժողովրդական խմբերգեր՝ Թ. Ալթունեանի, Ալ. Աճեմեանի, Հ. Ալեքսանդրեանի, Գուսան Շահէնի, Ռ. Պետրոսեանի, Ա. Բաբաջանեանի, Յ. Բադալեանի, Ա. Մէջինեանի, Կ. Օրբէլեանի եւ Խ. Աւետիսեանի ստեղծագործութիւններից:
Յոբելեանական համերգն ընդգրկում էր նաեւ Համիկ Ալեքսանդրեանի երաժշտական հրաշալի ստեղծագործութիւններից եւ քառաձայն մշակումներից, որոնք միւս բոլոր բարձրորակ կատարումների հետ միասին, մեծ հետաքրքրութեամբ եւ գնահատանքի երկարատեւ ծափողջիւններով ընդունւեցին հանդիսատեսի կողմից:
Խմբավարը կատարել էր նաեւ երգերի գործիքաւորումը:
Յատկանշական է, որ կատարումները ընդմիջւում էին երգչախմբի 25-ամեակի առթիւ Նոր Ջուղայի, Շահինշահրի, Թեհրանի եւ արտերկրի ազգային տարբեր կառոյցներից, միութիւններից եւ անհատներից ստացւած շնորհաւորանքի ուղերձներից հատւածների ընթերցմամբ՝ երեկոյի հաղորդավար Ալինա Ալեքսանդրեանի միջոցով:
Համերգի եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, ով նախ խմբավարին յանձնեց երգչախմբի վարչութեան կողմից նախատեսւած յուշանւէրը, ապա գնահատանքով եւ երախտագիտութեամբ արտայայտւեց յաջող եւ գեղեցիկ երեկոյի կապացութեամբ:
Թեմակալ Առաջնորդը նկատի ունենալով համերգային բաժինը «Գարնանային» երգով եզրափակւելուն, յոբելեարին նմանեցրեց գարնանային հասակի եւ տարիքի մէջ գտնւող կանաչազարդ, մշտադալար եւ գեղեցկադէմ խմբի, իսկ խմբավարին գնահատեց որպէս ստեղծագործ անձնաւորութիւն: Նա շարունակութեան մէջ ասաց. «Խօսքերի մէջ հնչեցին Տ. Կորիւն Արք. Պապեանի, խմբավար Թակուշ Բաշիկեանի եւ Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանի անունները, այս եռանկիւնի դիմաց էր, որ գործեց սիրելի Համիկը: Թող իմ խօսքի արձագանքը հասնի՝ որպէս շնորհակալական եւ երախտիքի արտայայտութիւն՝ արեւելքից մինչեւ արեւմուտք իւրաքանչիւր անձի, ով դերակատարութիւն է ունեցել ի խնդիր խմբի բարգաւաճման»:
Երեկոն հագեցած էր նաեւ երգչախմբի անցած ուղին ներկայացնող լուսանկարների, յայտարարութիւնների, յայտագրերի, եկեղեցական զգեստների եւ երգչախմբի տարբեր ժամանակաշրջանների զգեստների ցուցահանդէսով, որի բացումը կատարւեց Սրբազան Հօր ձեռամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ «Գեւիկ» ստուդիա