Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան 12-րդ շրջանի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ սեպտեմբերի 1-ին: Այս ընտրութիւններին իրենց թեկնածութիւնն են առաջադրել 5 շահինշահրահայեր՝ Վալենտինա Թորոսեանը, Գառնիկ Միրզախանեանը, Անահիտ Այւազեանը, Թէոդիկ Աւանէսեանն ու Արայիկ Խուդավերդեանը:
Վերոնշեալ թեկնածուները համայնքի անդամների հետ իրենց հանդիպումն իրականացրեցին չորեքշաբթի՝ օգոստոսի 30-ի երեկոյեան, «Սրբոց Վարդանանց» սրահում:
Համայնքի անդամներից բացի հանդիպմանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:
Երեկոն հիմնականում ընթացաւ հարց ու պատասխաններով եւ տեսակէտների փոխանակմամբ, որտեղ թեկնածուները, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ատենապետը պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին եւ ունկնդրեցին նրանց տեսակէտներն ու առաջարկները՝ համայնքային կեանքի բարելաւման ուղղութեամբ:
Ընթացքում արտայայտւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը: Նա շեշտելով, որ առաջընթաց արձանագրելու համար հարկաւոր է միասնական ջանք գործադրել, ընդգծեց, թէ Թեմական խորհուրդն իր ամբողջ ներուժով ու հնարաւորութիւններով, լծւել է թեմի համայնքների աշխուժացման եւ կեանքի որակի բարձրացման գործին, իսկ դրա կողքին ջանք չի խնայելու հայրենիքին օգտակար հանդիսանալու ուղղութեամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)