Երէկ՝ մարտի 1-ին Իրանում կայացան Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնները: Այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։
Թշնամական՝ հակաիրանական ուժերի գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, Իրանի ժողովուրդը դարձեալ ցուցաբերեց ազգային-քաղաքացիական բարձր գիտակցւածութիւն, եւ խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:
Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ ընտրութիւններին մասնակցել է աւելի քան 25 միլիոն քաղաքացի:
Իրանահայութիւնը եւս իր մուսուլման հայրենակիցների կողքին, խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:
Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ 12-րդ գումարման խորհրդարանում Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի իրանահայութեան շահերը կը պաշտպանի գործող պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԸ, իսկ Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանի իրանահայութեանը՝ ԳԵՂԱՐԴ ՄԱՆՍՈՒՐԵԱՆԸ:
Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի ընտրութիւններին մասնակցած 6193 ընտրողներից 5097-ը (82.30%) իրենց ձայնը վստահել են Արա Շահվերդեանին: Ժոզէֆ Ամիրեանի օգտին քւէարկել են 596 ընտրող (9.62%), իսկ Սեւան Սոհրայիի օգտին՝ 424 ընտրող (6.85%): 76 քւէաթերթիկ ճանաչւել է անվաւեր:
Ինչ վերաբերում է Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանին, ապա ընտրութիւններին մասնակցած ընտրողների 78%-ը իրենց ձայնը վստահել են Գեղարդ Մանսուրեանին, իսկ 22%-ը՝ Էմին Յովսէփին: