«ԱԼԻՔ» – Եւրոպական խորհրդարանում Լիւքսեմբուրգը ներկայացնող պատգամաւոր Ֆերնանդ Կարթէյզերը նամակ է յղել ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին եւ նրա ուշադրութիւնը հրաւիրել Բաքւում անօրինաբար պահւող Ռուբէն Վարդանեանի եւ միւս հայ գերիների ներկայ դրութեան վրայ։
«Պարոն Վարդանեանի հետ միասին Ադրբեջանում պահւում են եւս 22 հայեր, որոնց իրաւունքները խախտւում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրաւունքի նորմերին։ Հաշւի առնելով իրավիճակի լրջութիւնը՝ ես խորապէս երախտապարտ կը լինեմ, եթէ Դուք ցուցաբերէք ձեր աջակցութիւնն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկւած կոնկրետ քայլերը կարող են էականօրէն օգնել այս կալանաւորւած անձանց։ Կայ աճող մտահոգութիւն, որ նրանք կարող են օգտագործւել որպէս պատանդներ»,- իր նամակում գրել է Կարթէյզերը եւ Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անյապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարաւորութիւնը, իսկ դրանից յետոյ աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։