Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման միջոցառումների ծիրում, չորեքշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, նախ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի տեղի ունեցաւ Հսկման կարգ՝ սրբադասւած նահատակների յիշատակին, ապա վանքի շրջափակում, Հայոց ցեղասպանութեան յուշարձանի առջեւ իրականացաւ համահաւաք:
Միջոցառմանը ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, եկեղեցականաց դասը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Իգոր Սարգսեանը, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամներն ու պահանջատէր ժողովուրդ:
Նախքան համահաւաքի մեկնարկը թեմակալ Առաջնորդի գլխաւորութեամբ ներկաները մոմեր տեղադրեցին պատւանդանի վրայ, ապա համահաւաքի հաղորդավար Մանիա Ղուկասեանն ընթերցեց բացման խօսքը, որտեղ ընդգծւած էր. «Պահանջում ենք արդարութիւն, պահանջում ենք ճանաչում, դատապարտում եւ հատուցում, պահանջում ենք կորցւած հողերը, մեր մշակութային ժառանգութիւնը եւ ազատ ու արժանապատիւ գոյութեան իրաւունքը»:
Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների անունից հանդէս եկաւ Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը: Նա որպէս հայ ժողովրդին բնաջնջելու նոր դրսեւորումներ յատկապէս նշեց Ադրբեջանի իշխանութիւնների կողմից 2023-ից մեկնարկած ռազմական գործողութիւններն ընդդէմ Արցախի Հանրապետութեան, Արցախի բռնակցումը Ադրբեջանին եւ Բաքւում հայ պատանդների ու գերիների շինծու դատավարութիւնը, ապա շեշտեց. «Չպէտք է տրւել սերմանւող պարտւողական տրամադրութիւններին, չպէտք է յուսահատւել, այլ պէտք է համախմբւելով եւ միասնականութեամբ բեկում մտցնել ներկայ իրավիճակի մէջ։ Հայաստանն ու Արցախն այսօր պէտք է հզօրանան առաւել քան երբեւէ, պէտք է ապահովել Արցախի հայութեան հաւաքական վերադարձը իր պապենական հայրենիք։ Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք տէր կանգնել մեր հողին ու մեր արժէքներին»։
Գեղարդ Մանսուրեանն իր խօսքերում անդրադարձ ունենալով Թուրքիայի անպատժելիութեան հետեւանքներին, ինչպէս նաեւ Ադրբեջանի բանտում գերեվարւած արցախահայ մեր հայրենակիցների շուտափոյթ ազատութեանը, նշեց. «Խաղաղութիւնը թանկ արժէք է եւ ամէն գնով պէտք է այն պահպանել, սակայն այն պէտք է պահպանել արժանապատւօրէն եւ ոչ թէ պարտւողական դիրքից: Խաղաղութիւնը ձեռք է բերւում անկոտրում կամքի եւ աննկուն պայքարի արդիւնքում: Պարտւողական դիրքից միայն կարելի է գնալ անդառնալի եւ ազգակործան զիջումների: Պատմութիւնը երբեք չի յիշում որեւէ փաստ, որտեղ զիջող կեցւածքի տէր կողմը կարողացել է պահպանել իր ինքնութիւնն ու ապահովութիւնը»:
Այնուհետեւ պատգամաւորն իր շնորհակալական խօսքն ուղղեց Իրանի պետական այրերին՝ ի մասնաւորի երկրի առաջնորդին՝ երկու երկրների ընդհանուր սահմանի ապահովութեան պահպանման եւ Սիւնիքի ու Զանգեզուրի միջանցքի խնդիրների շուրջ ողջախոհութիւն ցուցաբերելու համար, ինչպէս նաեւ Իրանի եւ Հայաստանի զինւած ուժերին՝ օրեր առաջ, Նորդուզի սահմանին համատեղ զօրավարժութիւններ անցկացնելու կապակցութեամբ:
Հ. Յ. Դ. «Ռուբէն» երիտասարդական եւ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութիւնների անունից հանդէս եկաւ «Ռուբէն» երիտ. միութեան վարչութեան անդամ Արգին Ղարիբեանը: Մի հատւածի մէջբերում երիտ.-պատանեկան միութիւններից խօսքից:
«Անցեալի փորձը պարզ է ու յստակ. այն մեզ սովորեցրել է, որ երեւակայական խոստումներով եւ միակողմանի ու անարժանավայել զիջումներով, չի կարելի հայութեան համար ապահովել խաղաղութիւն եւ արժանապատիւ կեանք: Մեր կամքը անկոտրում է. մենք շարունակելու ենք մեր պայքարը յանուն Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման եւ ընդդէմ՝ այն ուրացողներին. մեր ամբողջ ճիգ ու ջանքը գործադրելու ենք Ադրբեջանում ապօրինի գերեվարւած մեր հայրենակիցների ազատութեան համար. մեր ամենաթանկն ենք զոհաբերելու Հայաստանի հողային ամբողջականութեան պաշտպանութեան ուղղութեամբ՝ չզիջելով այդ Սրբազան հողից անգամ մէկ թիզը ո՛չ թշնամուն եւ ո՛չ էլ խաղաղութեան պատրանքը քարոզող թուրքի գործակալ պաշտօնատարներին»:
Համահաւաքի երկրորդ բաժինը ողողւած էր գեղարւեստական կատարումներով:
Սկզբում «Սումգայիթից … լինելութիւն» խորագիրը կրող կատարումներով հանդէս եկաւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթը, ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի ու Կարին Տէր-Մարտիրոսեանի եւ Քաթրին Թորոսեանի պարերի ուսուցմամբ: «Գիշերը Սումգայիթում»-ը (հեղինակ՝ Մետաքսէ) ասմունքեց Լալագէ Իսաղուելանը, իսկ «Նրանք»-ը (հեղինակ՝ Վարանդ) Ալինա Տէր-Սուքիասեանն ու Վանանդ Իսաղուլեանը: «Կռունկ» պարախումբը հանդէս եկաւ պարային համարների շարանով:
Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը կատարեց «Կեանք ու կռիւ» խմբական պարը եւ մէկ մենապար իրականացրեց Ալինէ Յարութիւնեանը: Խմբի պարուսոյցն է Ալինա Գրիգորեանը:
«Արեւից առաջ Մասիսն է ծագում»-ը ասմունքեց Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամ Վանիա Պետրոսեանը: Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի, կատարեց «Նոր Ծաղիկ», «Արի իմ սոխակ» եւ «Սուրբերու աչքեր» երգերը. երգչախմբի անհատական ելոյթների ներքոյ Պարոյր Վարդանեանը դուդուկով կատարեց «Ադանայի ողբը», «Անտունի»-ն մեներգեց Ալենուշ Թորոսեաը՝ Արբի Բաբումեանի դաշնամուրի նւագակցութեամբ, իսկ «Ադանա» երգը կատարեցին՝ Լիլիան Ալեքսանդրեանը, Թենի Մկրտչեանը, Հարմա Կարապետեանն ու Թադէ Մկրտչեանը:
Աւարտին իր խօսքն ասաց թեմակալ Առաջնոդ Սրբազան Հայրը: Նա շեշտելով, որ 1915 թւականին տեղի ունեցած ցեղասպանութիւնը առաջացել է սատանայական խտրութեան արդիւնքում, երբ որեւէ կայսրութիւն խտրութիւն է դնում իր ժողովրդի եւ ազգութիւնների միջեւ, կարեւորութեամբ նշեց, թէ ազգովի ձեռք-ձեռքի տալով, պէտք է շարունակենք պահանջատիրական աշխատանքը, մինչեւ հասնենք մեր արդար իրաւունքին եւ արժանի հատուցում կատարի ցեղասպանը, եւ միայն այն ժամանակ է, որ կը կարողանանք հանգիստ խղճով նայել երկինք ու նահատակներին ասել, թէ ձեր արդար պահանջն իրականացաւ:
Հարկ է նշել, որ Հարկ է նշել, որ համահաւաքին զուգահեռ, Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի միջոցով շրջափակում տեղադրւել էր կրպակ, որտեղ ժողովուրդն առիթ ունեցաւ ստորագրութեամբ իր բողոքի ձայնը միացնել համայն հայութեան ձայնին՝ Ադրբեջանում ապօրինաբար բանտարկւած Արցախի ռազմագերիների ազատութեան համար. յուշարձանի շուրջ, անմար ջահերով, հսկումի արարողութիւն կատարեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները, իսկ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան պատանիներն իրենց ձեռքում ունենալով Արցախի դրօշը, շրջափակում նստացոյցի դիմեցին եւ Թուրքիայից պահանջեցին հատուցում, իսկ Ադրբեջանից՝ ապրօրինի գերեվարւած հայորդիների շուտափոյթ ազատում:
Յաջորդ օրը՝ հինգշաբթի՝ ապրիլ 24-ի առաւօտեան, նախագահութեամբ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տէր Վարդան քհնյ. Աղաբաբայեանի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, ապա ներկաները համախմբւեցին յուշարձանի շուրջ, որտեղ նախ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցներն իրենց ելոյթներն ունեցան, իսկ յաջորդիւ իրականացաւ ծաղկեմատոյց:
«Արմէն» դպրոցի սաները՝ Տաթեւ Քեշիշեանը, Էմինէ Շահվերդեանը, Անժելինա Թորոսեանն ու Արէն Բաբումեանը ասմունքեցին Սիլվա Կապուտիկեանի «Թուրք պատմաբանին կարդալուց յետոյ» բանաստեղծութիւնը, իսկ աշակերտական խօսքն ընթերցեց դպրոցի Աշակերտական խորհրդի անդամ Անի Թորոսեանը: Այս դպրոցի ելոյթների շարանը եզրափակւեց «Արցախն իմ տունն է» խմբական երգով՝ ամբողջ աշակերտների կատարմամբ. դպրոցի երգուսոյցն է ուսուցչուհի Արսինէ Մարգարեանը:
«Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցից Էմիլի Նաւասարդեանը ասմունքեց Վարանդի «Շառաչող շղթաներ» բանաստեղծութիւնից հատւած: Դպրոցի «Ղօղանջ» երգչախումբը կատարեց «Ազգագրական երգերի շարան» եւ «Դարձիր իմ Անի» երգերը, որից յետոյ «Հայկազուններ» պարով հանդէս եկաւ դպրոցի պարախումբը: Այս ծրագրի երգուսոյցն էր Նայիրա Ալեքսանեանը, պարուսոյցը Քաթրին Թորոսեանը, իսկ ասմունքի բաժնի ղեկավարը՝ Ռիմա Սիմոնեանը:
Աշակերտուհի Նազելի Փանոսեանը մեներգեց «Իմ փոքրիկ Հայաստանը», երգուսոյց Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ:
Յաջորդիւ Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի խօսքն ընթերցեց նախագահ Արմինէ Սիմոնեանը, ով շեշտեց. «Մինչ անկախութիւնը, սփիւռքահայութիւնը իր նւազ հնարաւորութիւններով եւ տքնաջան աշխատանքների շնորհիւ կարողացաւ օրակարգի վրայ պահել Ցեղասպանութեան հարցը, միայն այն յոյսով, որ մի օր պետականութիւն ունենալու դէպքում այն հետապնդելու է շատ լուրջ մակարդակում՝ պետականութեամբ, իսկ այսօր հէնց Հայաստանի իշխանութիւնն է, որ բռնել է ուրացման ու հերքումի ճանապարհը՝ հարցականի տակ տանելով այն։ Թող որեւէ հայի մօտ չլինի յուսահատութեան եւ յանձնւողականութեան գէթ մի նշոյլ։ Մեր ժողովուրդը իր պատմութեան ընթացքում դիմագրաւել, պայքարել եւ պարզ ճակատով է դուրս եկել բազմաբնոյթ փորձանքներից։ Այսօր եւս ի վիճակի ենք այս փորձադաշտից դուրս գալու՝ միասնականութեամբ ու հանդուրժողականութեամբ։ Մեր ողջ ներուժը ի գործ դնելու վասն մեր ժողովրդի եւ Հայաստան աշխարհի, որը մօտ ապագայում իր արժանի տեղն ու դերն է գտնելու ամբողջ աշխարհում»։
Այնուհետեւ գլխաւորութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Գեղարդ Մանսուրեանը, Իգոր Սարգսեանը, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, եկեղեցականաց դասը, հայոց ազգային դպրոցների սաներն ու անձնակազմերը, ինչպէս նաեւ միութենականներն առիթ ունեցան ծաղիկ զետեղելով յուշարձանի շուրջ՝ իրենց յարգանքի տուրքը մատուցել նահատակների յիշատակին: Այս բաժինն աւարտւեց Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի ծաղկեմատոյցով, որից յետոյ ներկայ ժողովուրդը նոյնպէս իր ծաղիկները տեղադրեց յուշարձանի առջեւ:
Ապրիլ 24-ի առաւօտեան միջոցառումը հաղորդավարեցին՝ Վանէ Յովսէփեանն ու Շաղիկ Մատթէոսեանը:
Ընթացքում Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամները Ադրբեջանում բանտարկւած հայ ռազմագերիների ազատութիւնը պահանջող որմազդներով լուսանկարում էին ժողովրդին, որոնք ցուցադրւելու են միութեան ինստագրամեան էջում:
Թղթակից (Նոր Ջուղա)