Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանը հրամանագիր է ստորագրել 2023 թւականի սեպտեմբերի 19-ից յետոյ ստեղծւած իրավիճակից բխող գործողութիւնների մասին։
Համաձայն հրամանագրի՝ ստեղծւած ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցութեամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիքական անվտանգութեան եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթութիւնից՝ հաշւի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը, Ադրբեջանի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ պայմանաւորւելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թւում՝ զէնքերը վայր դրած զինւորականների ազատ, կամաւոր եւ անխոչընդոտ անցումն ապահովւում է Լաչինի միջանցքի երկայնքով մեքենաների վրայ իրենց գոյքով եւ առաջնորդւելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրութեան 93-րդ յօդւածով, որոշւել է.
1 – Մինչեւ 2024 թւականի յունւարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայութեան բոլոր պետական հիմնարկները եւ կազմակերպութիւնները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնը դադարում է գոյութիւն ունենալ։
2 – Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը, այդ թւում՝ հանրապետութիւնից դուրս գտնւող բնակչութիւնը, սոյն հրամանագրի ուժի մէջ մտնելուց յետոյ ծանօթանում է Ադրբեջանի Հանրապետութեան կողմից ներկայացւած վերաինտեգրման պայմաններին՝ Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարաւորութեան մասին անկախ եւ անհատական որոշում կայացնելու նպատակով։
Սոյն հրամանագիրն ուժի մէջ է մտնում հրապարակման պահից անմիջապէս յետոյ։