Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, ուրբաթ՝ յուլիսի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանի շրջափակում կազմակերպւեց մայեստրօ-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի հեղինակած գրքերի եւ դաշնամուրային ալբոմների շնորհանդէսը: Ծրագրին ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, երաժիշտներ եւ հեղինակի հարազատները, ուսուցիչներ, աշակերտներ ու մի շարք այլ հայ եւ պարսիկ հայրենակիցներ:
Այս շնորհանդէսով պաշտօնապէս երաժշտութեան աշխարհ մուտք գործեցին «Թռիչք նւագարաններով» (پرواز با سازها), «Կապուտիկ» (گل گندم) եւ «Կապոյտ երկինք»-ի 2-րդ եւ 3-րդ հատորները (آسمان آبی 2 و 3) ուսուցողական գրքերն, ինչպէս նաեւ «Արարչութիւն» (آفرینش) եւ «Փրկութիւն» (رهایی) դաշնամուրային ալբոմները:
«Թռիչք նւագարաններով» գիրքը հիանալի առիթ է հանդիսանում այն անձանց համար, ովքեր ցանկանում են նոր փորձառութիւններ ունենալ զանազան նւագարանների եւ դաշնամուրի զուգորդւած կատարումներով, «Կապոյտ երկինք»-ի 2-րդ եւ 3-րդ հատորները, ինչպէս առաջին հատորը, եզակի հաւաքածուներ են բաղկացած փոփ երգերի երաժշտութիւնների դաշնամուրային վերամշակւած մեղեդիներից, իսկ «Կապուտիկ» գրքում տեղ են գտել հայկական եւ պարսկական ժողովրդական երաժշտութիւններ. «Արարչութիւն» ալբոմը բաղկացած է թւով 12, իսկ «Փրկութիւն»-ը 11 դաշնամուրային կատարումներից՝ Համիկ Ալեքսանդրեանի նւագակցութեամբ: Նա այս երկու սկաւառակները հերթաբար նւիրել է իր ուսուցիչներին եւ զաւակներին:
Հարկ է նշել, որ դաշնակահարը մինչեւ այս հրապարակել է «Կապոյտ երկինք» գրքի առաջին հատորը (آسمان آبی 1), «Թռիչք դաշնամուրով» (پرواز با پیانو) գիրքը եւ «Թիթեռնիկների պարը» (رقص پروانه ها) ու «Ծաղիկների շշունջը» (زمزمه ی گل ها) դաշնամուրային կատարումներից բաղկացած սկաւառակները:
Շնորհանդէսն սկիզբ առաւ հանդիսավար Վանանդ Իսաղուլեանի ողջոյնի խօսքով, այնուհետեւ նա ընթերցեց Համիկ Ալեքսանդրեանի կենսագրականը եւ ի մասնաւորի ներկայացրեց երաժշտութեան ասպարէզում նրա կրթութիւնն ու ձեռքբերումները, ընդգծելով հետեւեալը. «Համիկ Ալեքսանդրեանը ծնւել է 1971 թւականին, Նոր Ջուղայում: Վեց տարեկանից յաճախել է դաշնամուրի մասնաւոր դասընթացների: 2001 թւականին աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիան մագիստրատուրայի (գերլիսանս) մակարդակով՝ մասնագիտանալով խմբավարական եւ սիմֆոնիկ-օպերայի դիրիժորութեան ճիւղերում: Նա 1999 թւականին թեմի Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ հիմնադրել է Ս Ամենափկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը եւ ստանձնել խմբի ղեկավարութիւնը՝ հիմնադրման օրից մինչեւ այսօր: Ուսումը կատարելագործելու նպատակով 2006 թւականին Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի «Էքոլ նորմալ սուպերիեր» երաժշտական դպրոցի Սիմֆոնիկ դիրիժորութեան ֆակուլտետի դասընթացներին՝ պրոֆ. Դոմինիք Ռուիթզի դասախօսութեամբ: Հեղինակն է բազմաթիւ ուսուցողական գրքերի եւ երաժշտական ալբոմների, որոնք բոլորը պաշտօնական գրանցում են գտել համաշխարհային պլատֆորմեր՝ «Ամազոն»-ում, «Այ թիունզ»-ում, «Սփաթիֆայ»-ում եւ «Ափլ միուզիք»-ում. երաժշտին նաեւ յաջողւել է իր ստեղծագործութիւնները գրանցել տալ Եւրոպայի եւ Ամերիկայի անւանի հրատարակչութիւններից՝ «Իւնիվերսալ Էդիշն»-ում, որին պատկանող կայքում Համիկն ունի իր անձնական էջը»:
Յաջորդիւ արտայայտւեց Համիկ Ալեքսանդրեանը: Նա նշելով, որ արւեստագէտի գոյութիւնն իմաստաւորւում է արւեստասէր անձանց կողքին լինելով, աւելացրեց, որ իր աշխատանքային գործունէութեան ընթացքում իր առաքելութիւնն է համարել անարատ եւ աստւածային արւեստի արարումը եւ բարձրագոյն արժէք է նկատել այնպիսի սերնդի կրթելն ու դաստիարակելը, որը կը կարողանայ շարունակել այս ընթացքը եւ զարգացնել երաժշտութեան աշխարհը: Նա աւելացրեց, որ իր նպատակին հասնելու համար որդեգրել է երկու ուղի՝ առաջինը՝ ստեղծել եւ կատարել բարձրորակ երաժշտութիւն, որն արդիւնքն է լինելու տարիներ ջանադիր եւ համբերատար աշխատնքի, իսկ երկրորդը՝ հրապարակել համաշխարհային դասական երաժշտութեան ստանդարտներին համապատասխան ուսուցողական որակեալ գրքեր՝ իր ուսանողների համար՝ սկսած սկսնակներից մինչեւ բարձր մակարդակներում կրթւողները: Պրն. Ալեքսանդրեանն իր խօսքի աւարտին յոյս յայտնեց, որ այս տարիների ընթացքում կարողացել է ինչ որ մի արժէք աւելացնել այս ոլորտին եւ ընթացքը աւելի հեշտացնել նոր սերնդի համար:
Ելոյթների շարանում իր սրտի խօսքն ասաց հեղինակի կինը՝ Արսինէ Մարգարեանը, ով աւելի քան 25 տարիներ աշակերտել է մայեստրոյին՝ լինելով «Տաթեւ» երգչախմբի անդամ եւ մենակատար երգիչ: Նա անդրադառնալով իր ամուսնու բնաւորութեան գծերին, որոնց ականատեսն է եղել 20 տարիներ համատեղ կեանքում՝ հանգիստ բնաւորութիւնը, ուսուցման գործում ազնւութիւնը, անաչառութիւնը, անկեղծութիւնը, երախտագիտութեան զգացումն իր ուսուցիչների նկատմամբ եւ միայն իր անցեալի հետ մրցակցութիւնը, նրա ներաշխարհի ամենափայլուն յատկութիւնները համարեց եւ ասաց, որ իրենց կեանքում յաջողութիւնը միշտ դիտւել է որպէս նոր փորձառութիւն ապագայ ձեռքբերումների համար եւ երբեք չեն յուսահատւել դրանցից: Տկն. Արսինէն յատկապէս ընդգծեց, որ Համիկի մօտ ընդունւած չեն գործակիցների նկատմամբ անյարգալից պահւածքը կամ նրանց դատելը, որովհետեւ համոզւած է իւրաքանչիւր անհատ արժեւորւում է իր կատարածի հիմամբ:
Արտայայտւեց նաեւ պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա նշելով, որ Համիկ Ալեքսանդրեանի երաժշտութիւնում ոչ միայն արտացոլւած են հայկական եւ իրանական մեղեդիները, այլ նաեւ Սպահանի առոգանութիւնը յիշեցնող մի երեւոյթ, ինչը իւրայատուկ բոյր է հաղորդում նրա ստեղծագործութիւններին: Պրն. Բեգլարեանն ընդգծելով, որ հայկական եւ իրանական մշակոյթում իր ուրոյն դերն է զբաղեցրել երաժշտութիւնը, բարձր գնահատեց հեղինակի ծաւալած գործունէութիւնը՝ նրան մշակութային ոլորտի սահմանային ակտիւիստ (کنشگرمرزی) անւանելով, ովքեր ոչ միայն նոր հասկացութիւններ են ներմուծում մշակոյթի մէջ, այլ նաեւ շարունակ աւանդոյթի եւ արդիականութեան սահմաններում են իրականացնում իրենց աշխատանքները: Պատգամաւորն իր խօսքն աւարտեց Համիկին նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ մաղթելով:
Այնուհետեւ երեք դաշնամուրային կատարումներով երեկոյին իւրայատուկ բոյր հաղորդեց Համիկ Ալեքսանդրեանը: Սկզբում Հայաստանի Ազգային Ֆիլարմոնիկ նւագախմբի առաջին ֆլէյտահար եւ Շիրազի «Արւեստի համալսարան»-ի դասախօս արցախահայ Արտաշէս Գրիգորեանի ֆլէյտայի նւագակցութեամբ, նա նւագեց «Կապուտիկ» գրքից հայկական եւ պարսկական երաժշտութիւններից շարան, ապա մենակատարեց դարձեալ իր ստեղծագործութիւններից՝ «Արարչութիւն»-ը եւ «Փրկութիւն»-ը, որոնք տեղ են գտել նոյնանուն երկու սկաւառակներում:
Վերջում պրն. Ալեքսանդրեանը ցանկացողների համար ստորագրեց իր գրքերն ու սկաւառակները:
Նշելի է նաեւ, որ երեկոյի ընթացքում հեղինակի ստեղծագործութիւններից նւագեցին մի շարք պատանի կատարողներ. նւագողներից մեծամասնութիւնը Համիկի աշակերտներից էին: Կատարումներից մէկում հանդէս եկան երաժշտի երկու զաւակները՝ Արամէն ու Տաթեւիկը՝ հերթաբար դաշնամուրի եւ ֆլէյտայի նւագակցութեամբ: Ի դէպ Արամէն աշակերտում է հէնց իր հայրիկին:
Թղթակից (Նոր Ջուղա)