Հայ ուսուցչի տօնին ընդառաջ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի, կազմակերպւեց մեծարման երեկոյ, ուր հրաւիրւել եւ ներկայ էին հայոց ազգ. դպրոցներում աշխատող ու հանգստի կոչւած ուսուցիչներն ու պաշտօնեաները: Ծրագրին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու հայոց ազգ. դպրոցների ծնողական խորհուրդների անդամները:

Երեկոն հանդիսավարեց Մանիա Ղուկասեանը, ով իր խօսքում ընդգծեց. «Արդի ժամանակների մարտահրաւէրների դիմագրաւման գործում բաւականին մեծ տեղ է յատկացւում կրթութեան գործօնին եւ գիտութեան սրընթաց զարգացման պայմաններում այսօր, առաւել քան երբեւէ, կարեւոր ու պարտաւորեցնող է ուսուցչի դերը, որի ափերում էլ ձեւաւորւում են ապագայ հանրութեան սաղմերը. կերտւում հայրենիքի ապագան»:

Այնուհետեւ Կրթական խորհրդի անունից ելոյթով հանդէս եկաւ ատենապետ Վարուժ Մովսիսեանը, որը շնորհաւորելով տօնի առթիւ, խոնարհւելով կրթութեան եւ լուսաւորութեան մշակների վաստակի առջեւ, ինչպէս նաեւ շնորհակալական խօսք ուղղելով մեծարման երեկոյի կազմակերպչական գործում դերակատարներին,  անդրադարձ ունեցաւ վերջին երկու տարիների ընթացքում տարրական եւ միջնակարգ օղակների համար տպագրւած կրօնի, հայոց պատմութեան եւ հայոց լեզւի ու գրականութեան նոր դասագրքերին, ապա շնորհակալութիւն յայտնեց դրանց գրառման ու վերակազմութեան գործում դերակատար ուսուցիչներին:

Թեմական խորհրդի անունից շնորհաւորանքի եւ գնահատանքի խօսքով հանդէս եկաւ նոյն խորհրդի անդամ Տարօն Տէր-Մարտիրոսեանը, որտեղ ասւած էր. «Առաւել մեծ պատասխանատւութիւն է դրւած սփիւռքահայ ուսուցիչների ուսերին: Նրանք իրենց աշխատանքային պարտականութիւնների բարեխիղճ կատարումից բացի, հանդիսանում են սերունդների ազգային ինքնութեան պահպանման եւ նրանց՝ պատմական ակունքներին հաղորդակից դարձնելու կարեւորագոյն օղակը: Այս առումով բացառութիւն չեն կազմում նաեւ թեմիս ուսուցիչները, ովքեր հաւատարիմ իրենց առաքելութեանը, ուսումնական ծրագրերից բացի, կերտում են հայեցի դաստիարակութեամբ ու շնչով օժտւած եւ ազգային ու համայնքային կեանքին օգտակար սերունդ, իսկ մենք որպէս թեմի պատասխանատուներ պէտք է նրանց հովանաւորենք թէ՛ բարոյապէս եւ թէ՛ նիւթապէս»:

Շարունակութեան մէջ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանի եւ Վարուժ Մինասեանի, ինչպէս նաեւ Կրթական խորհրդի փոխ-ատենապետ Սաթենիկ Աւետումեանի պատւոգիր եւ յուշանւէր յանձնւեցին անցնող երկու տարիների ընթացքում հանգստի կոչւած՝ Ն.Ջ. հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմից՝ տեսչուհի Քառոլին Դիլանչեանին, ուսուցչուհի Ռայեա Խուդավերդեանին եւ պաշտօնեայ Րաֆֆի Վարդանեանին, իսկ Ն.Ջ. հայոց ազգ. «Արմէն» տարրական դպրոցի պաշտօնեայ Մելքոմ Քեշիշեանին:

Նշելի է նաեւ, որ այս բաժնում գնահատանքի խօսք ուղղւեց Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանին՝ «Արմէն» տարրական դպրոցի տնօրէնութեան պատասխանատու պարտականութիւնը տարիներ ստանձնելու համար եւ յաջողութեան մաղթանքներ ասւեց նրան՝ իր աշխատանքային նոր ասպարէզում:

Հանգստի կոչւածների կողմից որպէս ներկայացուցիչ իր սրտի խօսքով ներկաների հետ կիսւեց Քառոլին Դիլանչեանը, ով նշելով, որ մանկապարտէզից մինչեւ համալսարան աշակերտների հետ 34 տարիներ թէ որպէս ուսուցիչ եւ թէ որպէս տնօրէն աշխատելու տարիներին եւ դրանից յետոյ, այդ կոչումն իր համար եղել է ոչ թէ աշխատանք, այլ ապրելակերպ: Նա կարեւորեց նաեւ, այն փաստը, որ իւրաքանչիւր օղակում աշխատելն իր համար եղել է առանձնայատուկ եւ լի նորանոր փորձառութիւններով ու յիշարժան պահերով:

Երեկոյի ընթացքում հնչեցին գեղարւեստական կատարումներ: «Խատուտիկների պար» եւ «Մադամ Դիանա Աբգար» երաժշտական կատարումները նւագեց նոյն ինքը հեղինակը՝ մայեստրօ-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանը, իսկ վերջինիս դաշնամուրի նւագակցութեամբ «Կանչէ կռունկ»-ը եւ «Հայ մշակոյթ»-ը հերթաբար մեներգեցին՝ Ասպետ Մարգարեանն ու Արսինէ Մարգարեանը:

Միջոցառումը եզրափակւեց Սրբազան Հօր հայրական պատգամով: Նա նոյնպէս շնորհաւորեց առիթի կապակցութեամբ, որպէս օրւայ իր պատգամ վերարտասանելով իր ժամանակի ուսուցչի պատասխանը տրւած այն հարցին, թէ ինչպիսի՞ վերաբերմունք պէտք է ցուցաբերի շրջանաւարտ աշակերտն իր նախկին ուսուցչի նկատմամբ, այսպէս ասաց. «Աշակերտը պէտք է սէր եւ յարգանք դրսեւորի իր ուսուցչի նկատմամբ, իսկ շրջանաւարտը՝ երախտագիտութիւն եւ յիշողութիւն, որպէսզի կեանքում ուսուցչին պատւի երախտագիտութեամբ, իսկ յետ մահու նրան անմահացնի յիշողութեամբ»:

Աւարտին կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:  Այս սրահի մի հատւածում ցուցադրւել էին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ ու հայերէն դասաւանդող ուսուցիչների համագործակցութեամբ հրատարակւած նոր դասագրքերը՝ ներկաներին առիթ ընձեռելով մօտիկից ծանօթանալու նշւած տպագրութիւններին:

Թղթակից (Նոր Ջուղա)