Հայկական՝ ի մասնաւորի Նոր Ջուղայում երաժշտութիւնը աշխարհին ծանօթացնելու նպատակով, Վատիկանի եւ Իտալիայի դեսպանների համատեղ հրաւէրով, «Արփա» երաժշտական խումբը սոյն տարւայ փետրւար ամսին, Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմում, հանդէս եկաւ համերգների շարանով: Դոկտ. Արբի Բաբումեանի գլխաւորած «Արփա» երաժշտական խմբին այս ճամբորդութեան ընթացքում անդամակցում էին Րաֆֆի Խուդաբախշեանը, Պարոյր Վարդանեանը եւ Դամուն Շեշբլուքին, հերթաբար նւագելով ակորդէօն, դուդուկ, ուդ եւ հարւածային գործիքները:

Առաջին երաժշտական երեկոն տեղի ունեցաւ Հռոմում Իրանի դեսպանատանը, ներկայութեամբ՝ Իտալիայում Իրանի եւ Հայաստանի դեսպանների ու պատկան պաշտօնեաների. այստեղ հնչեցին Կոմիտասից եւ Սայեաթ Նովայից համարներ, ինչպէս նաեւ պարսկական աւանդական երաժշտութիւններ: Երկրորդ համերգային երեկոն իրականացւեց Հռոմի հայկական եկեղեցում, իսկ երրորդը՝ լատիներէն եւ յունարէն լեզուների միջազգային համալսարանում:

Խմբի ելոյթների շրջագծում տեղ էին գտել յատկապէս՝ ,Ամէն, Հայր Սուրբե, ,Տէր ողորմեայե եւ ,Սուրբ, սուրբե երաժշտութիւնները եւ Կոմիտասի ու Սայեաթ Նովայի ստեղծագործութիւններից՝ «Կռունկ», «Լորիկ», «Ալ Այլուղս», «Չինար ես» եւ «Հով արէք», Սայեաթ Նովայից՝ «Շարան», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Նազանի», «Բրոյի, բրոյի», «Քանի վուր ջանիմ», «Սարի աղջիկ» եւ «Աշուղ մախմուր» կատարումները:

Այդ ընթացքում «Արփա» խումբը հրաւէր է ստացել նաեւ Իտալիայում ԻՒՆԵՍԿՕ-ի գրասենեակից, որին ընդառաջելով, անզուգական կատարումներով հանդէս է եկել այնտեղում ներկայ բարձրաստիճան պաշտօնատարներից բաղկացած հանդիսատեսի  համար:

Շնորհաւորելով «Արփա» երաժշտական խմբին իրենց բացառիկ ելոյթների համար՝ նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում նրանց՝ մասնագիտական ասպարէզում:

Տեղեկութիւնները թղթակցին հաղորդեց «Արփա» երաժշտական խումբը։