" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ»- Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքը կարեւոր է հայ ժողովրդի արժանապատւութեան վերականգնման եւ տարածաշրջանում կայունութեան համար: Այս մասին ասւում է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի յայտարարութեան մէջ՝ ուղղւած հայ-ամերիկեան հանրութեանը:
«Իմ բարեմաղթանքներն եմ յղում Ձեզ այս օրը, երբ դուք նշում էք Հայաստանի անկախութեան օրը։
Մինչ մենք տօնում ենք այս օրը, մենք նաեւ պէտք է երբեք չմոռանանք Հայոց Ցեղասպանութեան մասին, երբ շուրջ 1.5 միլիոն հայեր տեղահանւեցին, սպանւեցին եւ քշւեցին դէպի մահւաներթ:
Սա ողբերգութիւն է, որը շարունակում է ձեւաւորել հայ ժողովրդի ինքնութիւնը։ Հայ-ամերիկեան համայնքի տոկունութիւնը մնում է ոգեշնչման աղբիւր Ամերիկեան մեր հաւաքական պատմութեան մէջ: Ես հաւատարիմ եմ մնում Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղութեան հասնելու գաղափարին՝ հիմնւած ինքնիշխանութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան յարգանքի վրայ:
Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքը կարեւոր է հայ ժողովրդի արժանապատւութեան վերականգնման եւ տարածաշրջանում կայունութեան համար:
Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարութեան ամրապնդման եւ տարածաշրջանում կայունութեան խթանման նրա ջանքերում:
Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմութիւն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատութեան եւ արդարութեան: Ես հաւատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերութեան ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժէքներին եւ ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել աւելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ:
Յարգանքով,
Փոխնախագահ Քամալա Հարիս»,- ասւած է յայտարարութեան մէջ: