Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ի կէսօրից յետոյ ժամը 3:00-ին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում, բողոքի համահաւաք իրականացւեց՝ ի դատապարտում Պաղեստինի խաղաղ բնակչութեան վրայ Իսրայէլի զանգւածային եւ ամենօրեայ յարձակումների եւ ի պաշտպանութիւն Երուսաղէմի հայկական համայնքի նկատմամբ կիրառած սիոնիստական ոտնձգութիւնների:
Համահաւաքին մասնակցութիւն էին բերել թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու միութիւնների անդամները, հայոց ազգ. դպրոցների անձնակազմերը եւ ժողովուրդ:
Համահաւաքի ընթացքում թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ընթերցեց իր եւ ազգային մարմինների անունից պատգամը. ընթերցւեց նաեւ սոյն պատգամի պարսկերէն թարգամանութիւնը՝ առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի միջոցով:
Ստորեւ մէջբերում ենք գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի պատգամն այս առիթով.
«Այս օրերին ընթացող պաղեստինեան դիմադրութեան գործողութիւնը, որն արդիւնքն է Պաղեստինի դէմ սիոնիստական ռեժիմի շարունակական ոճրագործութիւնների, հերթական անգամ յօդս ցնդեցրեց համաշխարհային տէրութիւնների մարդասիրական եւ մարդու իրաւունքների պաշտպանը լինելու յաւակնութիւնները: Արեւմտեան տէրութիւնները տարիներ շարունակ պատրւակ բերելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի շրջագծում՝ մարդկութեան արժանապատւութեան ու հաւասար իրաւունքների ճանաչման հարցը, փորձել են օրինական տեսք տալ իրենց միջամտողական քաղաքականութեանը, սակայն այսօր, ականատես ենք լինում հէնց այդ գերտէրութիւնների կողմից իրականացւող յանցագործութիւնների շարանին ու մարդկային իրաւունքների ոտնահարմանը։
Գազայի հատւածի շրջափակումը, սպանութիւնները եւ բռնի տեղահանութիւնը, իսրայէլական զինւած ուժերի կողմից միջազգային կոնւենցիաներով արգելւած ռազմամթերքի կիրառումը, խմելու ջրի, վառելիքի եւ բուժման պարագաների հասանելիութեան կանխարգելումը, հիւանդանոցների ռմբակոծումը, այս բոլորը իրագործւող յանցագործութիւնների մի փոքր մասն է միայն, որի ականատեսն ենք այսօր՝ Պաղեստինում: Իսկ սա այն դէպքում, երբ Արեւմտեան տէրութիւնները՝ Ամերիկայի գլխաւորութեամբ, տեսնելով այդ ամբողջը, դարձեալ իրենց բոլոր միջոցներով շարունակում են պաշտպանել Իսրայէլին։
Այս արհաւիրքը, հայ ժողովուրդը ապրել է անցնող ամիսների ընթացքում, երբ Սիոնիստական մանկասպան ռեժիմի հովանաւորութեամբ եւ իրենց մարդու իրաւունքի պաշտպանը համարող երկրների կատարեալ լռութեան պայմաններում, բիւրաւոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց պապենական հայրենիքը եւ տարածքը յանձնւեց օկուպանտներին։
Սիոնիստական ռեժիմի զինւած յարձակումը Երուսաղէմի հայկական թաղամասի վրայ և հայ եկեղեցուն պատկանող ունեցւածքի իւրացումը, բնիկ տեղացիների դէմ կիրառւող համակարգւած ոտնձգութիւնների միայն մի մասն է։
Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, հայ համայնքի եւ անձամբ իմ անունից, դատապարտում եմ Գազայի հատւածում իրականացւող ռազմական յանցագործութիւնները եւ տեղի բնակիչների զանգւածային սպանութիւններն ու ցեղասպանութիւնը։ Յոյսով եմ արդարամիտ ժողովրդի միասնական ջանքերով, Պաղեստինցի ժողովուրդը կը վերագտնի Աստծոյ կողմից տրւած ամենաթանկ պարգեւը՝ ազատութիւնը»։