Շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին, Սպահանի քաղաքապետարանի գերեզմանատների կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ալի Հաջիեանը եւ սոյն կազմակերպութեան այլ պատասխանատուներ, Ազգային իշխանութեան ներկայացուցիչների ուղեկցութեամբ, այցելեցին Նոր Ջուղայի հայոց գերեզմանատուն։
Ներկաներն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի թեմիս հայ նահատակների յիշատակը յաւերժացնող կոթողի մօտ աղօթք բարձրացրին նահատակների հոգիների խաղաղութեան համար եւ խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին նրանց յուշաքարերի մօտ։ Ընթացքում կողմերի ներկայացուցիչները արտայայտւեցին հայ նահատակների սխրանքների ու հերոսութիւնների մասին։
Այնուհետեւ պատւիրակութիւնը շրջայց կատարեց գերեզմանատան զբօսաշրջութեան, քարտաշութեան եւ փայտագործութեան բաժիններ։
Պատւիրակութեանն ընկերակցում էին՝ Թեմական խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը, թեմիս նահատակների եւ անձնուրացների հարցերով կապ Զարեհ Ղարախանեանը, Ն. Ջ. հայոց գերեզմանատան բարեզարդման մարմնի ատենապետ Էդիկ Ղազարեանը եւ անդամ Արման Սիմոնեանը։
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի