Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան օրն է. հայրենիքի վերածննդի, հայ ժողովրդի՝ հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու օրը:
1990 թւականի օգոստոսի 23-ին ընդունւեց «Հայաստանի անկախութեան մասին» հռչակագիրը։ Իսկ 1991 թւականի Սեպտեմբերի 21-ին, Հայաստանում անցկացւած անկախութեան հանրաքւէի արդիւնքում, հայ ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ «Այո» ասելով անկախութեանը։
Ցաւօք, այսօր, անկախութեան պահպանման 32 տարիների յամառ պայքարից յետոյ, ՀՀ գործող իշխանութիւնների ոչ սթափ եւ ապազգային քաղաքականութեան շնորհիւ, վտանգւած են Հայաստանի պետականութիւնն ու մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը։ 2021 թւականի մայիսի 12-ից սկսեալ Հայաստանի Հանրապետութեան սուվերէն տարածք է մտել թշնամին եւ մինչ օրս շարունակում է մնալ։ Դեռ աւելին՝ Ադրբեջանի զինւած ուժերը պարագայաբար կրակ են բացում ՀՀ սահմանին տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ։
Արցախի շուրջ վերջին զարգացումները՝ սանձազերծւած պատերազմն ու խաղաղ բնակչութեան տեղահանումը եւ կանանց ու երեխաների նկատմամբ բռնի ուժի կիրառումը եւս արդիւնքն են ՀՀ ապազգային իշխանութիւնների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու անհեռատես մօտեցման։
Այս իրադարձութիւնները մէկ անգամ եւս վկայում են խաղաղութեան կեղծ օրակարգի ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնների որդեգրած սնանկ քաղաքականութիւնը, որով անցնող երեք տարիների ընթացքին մոլորեցրել են հայութեանը։
Իսկ այսօր Արցախը ՀՀ իշխանութիւնների կողմից չստանալով որեւէ օգնութիւն՝ լքւած ու անպաշտպան, ապաւինելով իր սեփական ուժերին, յամառ մարտերից յետոյ, խաղաղ բնակչութեան կեանքը փրկելու մտահոգութեամբ, պարտաւորւեց համաձայնւել ռուսական խաղաղապահ առաքելութիւն իրականացնող զօրակազմի հրամանատարութեան առաջարկութեանը՝ կրակի դադարեցման վերաբերեալ եւ ընդունել Ադրբեջանի իշխանութեան ոչ հայանպաստ առաջարկները։
Սա ոչ այլ ինչ է, քան համազգային մեծ աղէտ, որի առաջին եւ գլխաւոր պատասխանատուն է ՀՀ իշխանութիւնը, որը սեփական աթոռը պահելու գնով, զոհասեղանին դրեց Արցախն ու արցախահայութեանը եւ հայ ժողովրդի վերջին 30 տարիների բոլոր ձեռքբերումները։
ԱՅՍՕՐ ՎՃՌՒՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ։ Ժամանակն է զգաստանալ եւ անտարբեր չմնալ հայրենի պետականութեան յետագայ կորստի նկատմամբ։ Հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին մենք ի զօրու ենք դիմակայել, եթէ առաջնորդւենք համահայկական օրակարգերով, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնմամբ, համախմբւած եւ միասնաբար գործելով։
Դիւան Ազգային Առաջնորդարանի
Սպահանի Հայոց Թեմի
21 Սեպտեմբեր 2023
Ազգային Առաջնորդարան – Ս. Ա. Վանք