Աւագ հինգշաբթի՝ ապրիլի 17-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի:
Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը. Պատարագին մասնակցում էին նաեւ թեմի քահանայից եւ դպրաց դասերը:
Ընթացքում, ըստ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կարգ ու կանոնի, քարոզախօսութեան փոխարէն Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Ս. Բարսեղ հայրապետի աղօթքը:
Արարողութեանը ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիներն՝ իրենց պատասխանատուների ուղեկցութեամբ:
Նոյն օրը երեկոյեան ժամը 4:00-ին, Ոտնլւայի կարգ իրականացւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: «Ս. Ստեփանոս» եկեղեցու արարողութիւնն իրականացւեց Սրբազան Հօր միջոցով:
Աւարտին թեմակալ Առաջնորդն անդրադարձ ունենալով Ոտնլւայի խորհրդին՝ շեշտեց, թէ այդ կարգի իրականացմամբ Նոր Ջուղայի ընտանիքների որդիների ոտքերի լւացմամբ, նրանց մէջ հաստատւեց հաւատը եւ նրանք ստացան սրտի ու մտքի սրբութիւն ու մաքրութիւն: Նա յորդորեց բոլոր հաւատացեալներին, որ խորհելով օրւայ խորհրդի մասին, ոչ միայն ստանան սրտի եւ մտքի մաքրութիւն ու սրբութիւն, այլ նաեւ արժանանան Աստծու օրհնութեանը, ողորմութեանը, գթութեանն ու շնորհներին:
Նշելի է, որ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտները հերթաբար «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում մարմնաւորեցին Քրիստոսի առաքեալների դերը:
Այնուհետեւ, երեկոյեան ժամը 7:30-ից սկսեալ, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Աստւածածին» եւ «Ս. Մինաս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում տեղի ունեցաւ Խաւարման կարգը: Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Աստւածածին» եկեղեցու կարգին:
Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը բնաբան ունենալով Քրիստոսի հետեւեալ խօսքը՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, ոչ էլ ուղարկւածը՝ աւելի մեծ, քան նա ով նրան ուղարկեց», շեշտեց, թէ սխալ է այն մտայնութիւնը, որ քրիստոնեաներն այս աշխարհում ապրում են խաղաղ, հանգիստ, ուրախ եւ երջանիկ, քանի որ քրիստոնէութեան հաւատին դաւանողների վարձատրութիւնը տրւում է ոչ թէ այս աշխարհում, այլ երկնքում: Այնուհետեւ նա որպէս օրինակ իր նախորդ խօսքի, յիշատակեց աշխարհում չարչարանքներ տեսած եւ խաչւած Յիսուս Քրիստոսին եւ աւելացրեց, որ հաւատացեալները պէտք է լինեն տոկուն եւ դիմացկուն, որպէսզի ապագայում երկնքի արքայութեան մէջ իրենց հաւատի համաձայն վարձատրութիւն ստանան Աստծուց:
Աւագ ուրբաթ՝ ապրիլի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ներկայութեամբ թեմի քահանայից ու դպրաց դասերի, նշւեց Յիսուս Քրիստոսի չարչարանքի, խաչելութեան եւ թաղման յիշատակի օրը:
Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն անդրադառնալով Քրիստոսի թաղման աւետարանական դրւագին՝ ըստ «Յովհաննէս» աւետարանի, շեշտը դրեց սխալ սովորութիւնների վրայ, որոնք կիրառւում են մերօրեայ ժամանակներում թաղման կարգի ընթացքում եւ ընդգծեց, թէ 2025 թւականը որպէս «Աւանդութիւնների վերակենսաւորման տարի» պատեհ համարելով պէտք է սրբագրենք բոլոր սխալները եւ կիրառենք այն ինչ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու կողմից հաստատւած է որպէս օրէնք:
Խաչելութեան եւ թաղման յիշատակի օրը նշւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում:
Թղթակից (Նոր Ջուղա)