Ալֆրէդ Եաղուբզադէի լուսանկարների բացառիկ ցուցադրումը Թեհրանում
«Ժամանակակից արւեստի «ԱՐԳՕ» մշակութային կենտրոն-թանգարան»-ում շարունակւում է Ալֆրէդ Եաղուբզադէի «Բախման գօտի» լուսանկարչական ցուցահանդէսը:
Ցուցադրութեան հանւած լուսանկարների մի մասը Իրանում ցուցադրւում է առաջին անգամ, որոնք նաեւ տեղ են գտել ցուցահանդէսի անունը կրող հրատարակւած հատոր-ալբոմում:
Այսպիսով, Ալֆրէդը ոնց որ աղամանը ձեռքին քայլում է այն վէրքերի վրայով, որոնց միջից առաջինը ինքն էր անցել:
Նա եւս մէկ անգամ բացայայտում է լուսանկարչութեան ասպարէզում իր ոդիսականի տխուր վկայութիւններից մէկը՝ հրատարակելով «Պատերազմի գիրքը» (Իրան-իրաքեան պատերազմի լուսանկարների հաւաքածոյ-էլեգիան): Աշխատութիւնը պարունակում է պատերազմի ցնցող պատկերներ, որի ազդեցութիւնից փոխւեց նաեւ յաջորդ սերունդների կեանքը: Ալֆրէդի ցուցահանդէսի յայտարարութեան մէջ ընդգծւած նշւած է, որ ցուցահանդէսի հետ հրատարակւած գրքում Իրանի ժողովրդի ապրումներն են, միասնութիւնը, կրած կորուստների համար միասին սգալը, այլ խօսքով՝ գրքում ներկայ է ողջ Իրանը։
Գիրքը հրատարակւել է 749 օրինակով «Բայգանի» հրատարակչութեան կողմից: Գրքի մակագրւած օրինակները եւս առկայ են վաճառքի, որից միայն 60 օրինակ է դուրս գրւել, չնայած արդէն իսկ սպառւած պիտի համարել այն, քանի որ արժանացել է հաւաքածոների սիրահար շրջանակի ուշադրութեանը: Մակագրւած տարբերակը կարելի է ձեռք բերել 160 դոլարին համարժէք գումարով:
Երբ խօսում ենք իրանական լուսանկարչութեան մասին, չենք կարող հեշտութեամբ մոռանալ Ալֆրէդի անունը։ Նրա գործունէութիւնը այս տարիներին այնքան է ընդլայնւել, որ հանգիստ խղճով կարելի է արձանագրել, որ Ալֆրէդ Եաղուբզադէի անունը չի կարելի անտեսել համաշխարհային լուսանկարչութեան հօրիզոններում։
Թանգարանի վերածւած «ԱՐԳՕ» գարեջրի գործարանում բացւած «Բախման գօտի» ցուցահանդէսն աշխատելու է մինչեւ յուլիսի 19-ը:
Այցելելու համար ձեզ պարզապէս պէտք է հասնել Ֆերդուսի հրապարակ: Իսկ ցուցահանդէս այցելելու համար հարկաւոր է վճարել 100 հազար թուման մուտքի տոմսի համար, ինչը լուսանկարչութեան ցուցահանդէսներին բնորոշ չէ, եւ այս բացառիկ առիթի միակ բացասական շունչն էր դա: