Ընդհանուր Ակնարկ
Պարսկաստանի հետ հայերի տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերը յատկապէս սերտացել են Պարթեւ Արշակունիների թագաւորութեան ժամանակաշրջանում (II–III դարեր): Հայկական առաջին գաղթավայրերն այստեղ կազմաւորւել են 360–370-ական թւականներին, երբ Սասանեան Շապուհ II թագաւորը հազարաւոր հայերի բռնութեամբ գաղթեցրել է Պարսկաստան (Խուզիստան եւ այլուր): Այդ բռնագաղթը շարունակւել է նաեւ հետագայում. յիշատակելի է առանձնապէս 1604–05 թթ-ի բռնագաղթը՝ «մեծ սուրգունը», երբ Շահ Աբբաս I-ը Պարսկաստան բռնագաղթեցրեց շուրջ 300.000 հայ՝ նրանց բնակեցնելով յատկապէս մայրաքաղաք Սպահանի շրջակայքում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Ջուղա քաղաքը՝ ի յիշատակ իրենց հայրենի Ջուղայի (այժմեան Նախիջեւանի տարածքում):
Օսմանեան բանակը 1604 թւականի ամռանը Արզրումից (Կարին) շարժւեց դէպի Կարս եւ Շիրակ։ Շահ Աբբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի յարձակման ուղղութեամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչութեանը քշել Պարսկաստան։ Դրանով Շահ Աբբասը զրկում էր թշնամուն պարենաւորւելուց, ինչի հետևանքով թուրքերի առաջխաղացումը կը դժւարանար։
Շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթը նպատակ ունէր հայ բնակչութեանը քշել Պարսկաստան՝ դրանով զարկ տալու երկրի տնտեսական զարգացմանը։ Հայ առեւտրականները, որոնք յատկապէս աչքի էին ընկնում մետաքսի առեւտրում, մեծ եկամուտ կը բերէին պարսից գանձարանին։
Պարսկական բանակը նահանջում էր Այրարատեան դաշտով, Երասխի հոսանքի ուղղութեամբ։ Առջեւից նրանք Պարսկաստան էին քշում Այրարատեան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչութեանը։ Պարսից զինւորները Կարսից մինչեւ Ջուղա ընկած տարածքում այրում էին ամէն ինչ, ոչնչացնում տեղահանւած բնակչութեան տները, ունեցւածքը, պարենը, անասնակերը, որպէսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն, իսկ գաղթած բնակչութիւնն էլ կորցնի վերադարձի յոյսը։
Հայաստանը վերածւեց անապատի։ Գաղթից ազատւեց միայն Սիւնիքի եւ Արցախ-Ուտիքի հայութիւնը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Բացի այդ, պարսիկները գիտակցում էին, որ տեղի բնակչութիւնը, օգտւելով իր լեռնոտ երկրամասի անառիկութիւնից, կարող է յամառ դիմադրել։
Պարսկական բանակը, հետապնդւելով թուրքերից, շտապեցնում էր ժողովրդին օր առաջ անցնել Երասխի միւս ափը։ Ի վերջոյ, մեծ կորուստների գնով Ջուղա հասած ժողովուրդը պարսկական բանակի հետ անցնում է Երասխը։ Դրանից յետոյ թուրքական բանակը մտաւ Նախիջեւան։
Գաղթող բնակչութեան համար ամենադժւար վիճակն ստեղծւեց Երասխն անցնելիս։ Եղած կամուրջներն ու միւս միջոցները գետանցի համար բաւարար չէին։ Իսկ պարսիկները, վախենալով թուրքերից, ձգտում էին օր առաջ գետն անցնել եւ ազատւել հետապնդումից։ Շահի հրամանով զօրքն ստիպում է ժողովրդին լցւել գետը եւ ոտքով անցնել միւս ափը։ Մարդիկ լցւում են ջուրը։ Ով կարողանում է լողալ, հասնում է միւս ափը։ Իսկ ով չի կարողանում, յատկապէս ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցւեցին նաեւ Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելութիւն էին ցոյց տւել Շահ Աբբասին։
17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դաւրիժեցու (1669 թ.) «Հայոց պատմութիւն»-ն ընդգրկում է 1601-1662 թթ. տեղի ունեցած դէպքերը Հայաստանում, Թուրքիայում, Պարսկաստանում, Ստամբուլի, Իսպահանի, Լւովի եւ այլ վայրերի հայկական գաղութներում։ Այստեղ մանրամասն ներկայացւում է պարսից Շահ Աբբաս Ա թագաւորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմութիւնը։
Առաքել պատմիչի աւանդութեան համաձայն, երեք առանձին խումբ են եղել, որ տարագրւել են Հայաստանից։ Առաջին խմբին անւանում է «Օտարականների վտարումը», երկրորդին՝ «Արարատի վտարումը», իսկ երրորդը համարւում են ջուղայեցիները։ Առաջինները Պարսկաստան են տարւել 1603 թւականին, Երեւանի ամրոցի գրաւման պատերազմի ժամանակ։ Առաքելը չի յիշատակում այդ հատւածի մասին, թէ Պարսկաստանի ո՞ր քաղաքում տեղաւորեցին նրանց, բայց ասում է՝ բոլորին տեղահանելով՝ քշեցին Պարսկաստան։ Ըստ հետագայ ապացոյցների, թւում է թէ նրանց մի մասին բնակեցրեցին Քաշանում եւ մի մասին՝ Ղազւինում, Գիլանում, Անզալիում եւ Դարբանդում։ Յայտնւում է, որ նրանց ցրեցին զանազան քաղաքներում, որովհետեւ եթէ ուղղակի Սպահան էին տարւել, թերեւս պատմիչը զանց չէր առնի գրել նրանց բնակութեան վայրի անունը, քանի որ այդ ժամանակում Սպահանը մեծահամբաւ մայրաքաղաք էր։
Արարատեան դաշտի վտարւածներին Արաքս գետն անցկացնելուց յետոյ, լեռների եւ ձորերի դժւարանցելի ճանապարհով գաղթեցնելով, ձմեռն անցկացրեցին Թարում, Խալխանում, Ահարում, Մուշկանում եւ դրանց մերձակայքում։ Գարնանային քաղցրաշունչ եղանակը հասնելուն պէս, նորից ժողովրդին քշեցին մինչեւ Սպահան քաղաքը։ Նրանց միջից նրանց՝ ովքեր քաղաքացիներ էին, այդ քաղաքում տեղաւորելով՝ բնակեցրեցին, եւ նրանց՝ ովքեր երկրագործ գիւղացիներ էին՝ բնակեցրին Սպահան քաղաքի գաւառներում՝ Լնջան, Ալինջան, Գանդիման եւ Ջղախօռ, Փերիա եւ Բուրւարի։
Գաղթականների մեծ մասն եղել են գաւառների ժողովուրդներ, որոնք բնակւեցին վերոյիշեալ գաւառներում։ Սակայն կան ուրիշ չորս գաւառներ եւս՝ Քեազազ, Քեամարա, Գեափլա եւ Ղարաղան, որտեղ հայեր կային բնակւած, որոնց մասին Առաքելը չյիշատակելով ենթադրել է տալիս թէ այդ գաւառների բնակիչներն այս գաղթականութիւնից չէին, այլ մի առանձին հատւած, որ հետագային տարագրւելով բերւել են Պարսկաստան եւ բնակւել այդ չորս գաւառներում։ Այս կարծիքի առաջնորդը Առաքելի այն խօսքն է թէ՝ «Ինչպէս շատ տեղեր պատմել ենք, մեծ Շահ Աբբաս առաջինը ո՛չ թէ երկու կամ երեք, այլ շատ անգամներ հայոց ազգին Ատրպատական գաւառից գաղթեցրեց Պարսկաստան»։
Լնջանը՝ 10 գիւղերով եւ Ալինջանը՝ 7 գիւղերով, Սպահան քաղաքին սահմանակից գաւառներ էին։ Գանդիմանն ու Ջղախօռը Սպահանի հարաւ-արեւմտեան կողմում հինգ գիւղեր ունէին։ Փերիան մի մեծ գաւառ էր, Սպահանի հարաւ-արեւմտեան կողմում, 22 գիւղերով։ Բուրւարի գաւառն ունէր 22 գիւղեր։ Այս բոլոր գաւառները բնակեցւեցին գաղթականներով, որոնք այսօր դատարկւած են հայերից. միայն Փերիոյ գաւառի մի քանի գիւղեր ունեն մատնահաշիւ հայ բնակչութիւն։
Գաղթականների մի մասին, հիմնականում գիւղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակայ գաւառներ, իսկ Ջուղայի առեւտրականներին շահի հրամանով թոյլատրեցին բնակւել Սպահանում։
Առաքելը պատմում է, որ հայերի երեւելի խաւը Սպահանի քաղաքամիջում զանազան տեղեր բնակեցւեց եւ շահի հրամանով նրանց շինութեան համար գետիններ տրւեց։ Հայերը գեղեցիկ շէնքեր կառուցեցին՝ զարդարւած ծաղկադաճերով։ Նոյնպէս կառուցեցին եկեղեցիներ։
Ջուղայեցիք սիրելի էին Շահ Աբբաս թագաւորին, որը մի քանի հրովարտակներով Զայանդեռուդ գետի հարաւային կողմը նշանակեց որպէս այդ գաղթականների համար բնակարաններ կառուցելու վայր։ Յիշեալ հողամասը, որի վրայ հիմնարկւեց Նոր Ջուղան, դրա մի մասը կառավարութեան կողմից նւէր շնորհւեց եւ մի մասն էլ հայերը գնեցին արծաթով։
Նոր Ջուղայի հիմնարկութեան յատակագիծը կազմւեց ճարտարապետական գեղեցիկ կազմութեամբ։ Նոր Ջուղայի տարածքը նախքան տների կամ շինութիւնների կառուցումը եղել է ընդարձակ դաշտ կամ հողագործութեան վայր, հետեւաբար ջուղայեցիների համար հեշտ եղաւ իրենց ցանկութեան համաձայն ձգել յատակագիծը:
Մի երկար ուղիղ պողոտայ ձգեցին արեւելքից դէպի արեւմուտք Նազար անունով, Ջուղայի մեծ եւ առաջին իշխանապետ Խոջա Նազար անունով: Զայանդեռուդ գետի եզերքից դէպի հարաւի կողմը բաժանեցին 10 ուղիղ եւ լայն փողոցներ, որոնք անցնում էին Նազար պողոտայով, որոնցից եօթի ծայրերը նոյն ուղղութեամբ հասնում էին այն դաշտին, որտեղ գտնւում էր հայոց գերեզմանատունը:
Այդ 10 փողոցները, միմեանցից անջատւող տարածութեան համաձայն, եղել են թաղերի սահմանները եւ դրանց միջեւ կառուցւել են բնակարանները՝ սկիզբ առնելով գետի եզերքից:
Այդպիսի դրութեամբ կառուցւեց եւ անւանւեց գիւղաքաղաք Նոր Ջուղան, որտեղ բնակութիւն հաստատեցին Հայաստանից գաղթած ջուղայեցիները: Նոր Ջուղայի այժմեան Քոչեր, Դաւրէժ կամ Մահլաթ, Երեւան եւ Գասկ թաղերն այս գիւղաքաղաքի մաս չէին կազմում, որովհետեւ Սպահանի քաղաքամիջում բնակեցւած հայերն իրենց յանձնւած շրջաններից դուրս գալուց յետոյ կառուցեցին այդ թաղերը եւ այնուհետեւ այդ մասը կոչւեց Նոր Ջուղա, իսկ սկզբնական մասը՝ Հին Ջուղա:
Ջուղայեցիների Սպահան քաղաք ժամանելն եղել է 1605 թւականին, իսկ Հին Ջուղայի հիմնարկութիւնը՝ 1606 թւականին:
Հայերն այստեղ զբաղւել են գինեգործութեամբ, հիւսնութեամբ, կօշկակարութեամբ, դերձակութեամբ, ժամագործութեամբ, այգեգործութեամբ, գուլպայագործութեամբ, ոսկերչութեամբ, ակնագործութեամբ. արքունական հռչակաւոր ոսկեգործ վարպետներից էին Թադէոս Առաքելեանը, Ստեփան Եդիգարեանը, Առաքելը, Ծերունը եւ ուրիշներ, շատերը մասնակցել են երկրի ներքին եւ արտաքին առեւտրին. ազդեցիկ ուժ են եղել Սաֆրազեան, Շահրիմանեան, Վելիջանեան, Խաղդարեան, Նազարբեկեանց, Թումանեան, Շահգելդեանց առեւտրական տները: Պարսկահայերն անժխտելի դեր են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կեանքում. նշանաւոր դէմքերից են Միրզա Մելքում խանը, Ենիկոլոպեանները, Դաւիթ խան Դաւթեանը եւ ուրիշներ:
Նոր Ջուղայում եղել են նաեւ քահանաներ, բժիշկներ, ուսուցիչներ, ատամնաբոյժներ, նկարիչներ, քանդակագործներ, խանութպաններ, վաճառականներ, հացագործներ, ատաղձագործներ, քարտաշներ, բաղնիսպաններ, սափրիչներ, պղնձագործներ, երկաթագործներ, մսավաճառներ, ջուլհակներ, սեղանաւորներ, բրուտներ եւ այլ արհեստաւորներ։
Դեռեւս 17-րդ դարի 30-ական թւականներին Խաչատուր Կեսարացու նախաձեռնութեամբ Նոր Ջուղայում բացւել է հայկական բարձրագոյն դպրոց, որը կոչւել է նաեւ համալսարան կամ ճեմարան: Առաջին աշխարհիկ դպրոցը բացւել է 19-րդ դարի կէսերին, 1833 թւականին՝ Նոր Ջուղայի Ազգային Կենտրոնական դպրոցը:
***
Արարատեան դաշտի տարագիր հայութեան բեկորները կենտրոնանալով օտար այս հորիզոնների տակ, կարողացել են պահպանել իրենց լեզուն, կրօնը, եկեղեցին, գրականութիւնը, ազգային առանձնայատկութիւնները, եւ քայլելով դէպի մտաւոր եւ բարոյական վերածնունդ՝ ստեղծել են իրենց համար մի նոր կեանք՝ նոր մշակոյթ, գրականութիւն եւ տնտեսական կեանք։ Նրանք կտրւած եւ կղզիացած լինելով հարեւան քաղաքակիրթ ազգերից, միանգամայն նւիրւած են եղել իրենց տնտեսական-կրթական գործերին։ Դարերի խոշտանգումներն ու սարսափներն չեն կարողացել ջնջել նրա կենսունակութիւնը, նրա հոգեկան ձգտումներն ու իդէալները։ Այսքան հեռու, անհարազատ մի միջավայրում, նրանք զարգացել են ու առաջադիմել եւ ստեղծել կրթական-մշակութային մի նոր աշխարհ՝ նոր մտքերի, յոյզերի եւ հոգեկան ապրումների։ Դրան ապացոյց է նրանց կրթական-մշակութային նպատակներով կազմւած ընկերութիւնները, գրադարան-ընթերցարանները, դպրոցները, նրանց հոյակապ վանքը, եկեղեցիները, մատենադարանը, տպարանը, թատրոնը եւ այլն։ Դա մի մեծագործութիւն է։