Ուրբաթ եւ շաբաթ՝ յունւարի 25-ին եւ 26-ին, երկօրեայ արարողութիւններով մեծ շուքով նշւեց Ս. Սարգիս Զօրավարի տօնը՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, որը միաժամանակ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։

   Այս տօնի առթիւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութիւնը Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպել էր մատաղի զենման եւ հարիսայի պատրաստման ամենամեայ աշխատանքները, որոնց իրենց մասնակցութիւնն էին բերել մեծաթիւ հաւատացեալ ժողովուրդ։

   Ուրբաթ՝ յունւարի 25-ի կէսօրից յետոյ, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, բազմաթիւ հայորդիների ներկայութեամբ, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի ձեռամբ կատարւեց աղօրհնէք, այնուհետեւ տեղի ունեցաւ ոչխարների զենում։ Նոյն օրը՝ երեկոյեան, կատարւեց հսկումի արարողութիւն, որտեղ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն անդրադառնալով «Ուր որ մեր գանձն է, այնտեղ կը դնենք մեր սիրտը» աւետարանական հատւածին՝ շեշտեց, որ մեր գանձը պէտք է տեսնենք յաւիտենական արժէքների մէջ եւ պէտք է կապենք մեր եկեղեցու արժէքների ու սրբութիւնների հետ, որպէսզի կարողանանք Քրիստոսի ճշմարիտ եւ արժանաւոր հետեւորդը դառնալ։

   Շաբաթ՝ յունւարի 26-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցին ու շրջափակը լեցուն էին բազմաթիւ հաւատացեալներով, ի մասնաւորի երիտասարդներով։ Ժամը 9։30-ին սկիզբ առաւ Ս. Պատարագը, որը մատուցւեց առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ։ Արարողութեանը ներկայ էին նաեւ հոգեւորականաց եւ դպրաց դասերը։ Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի։

   Ս. Պատարագի ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց Սրբազան Հայրը։ Նա ներկաներին ուղղւած իր հայրական խօսքում այսպէս ասաց. «Քրիստոս եկաւ ցոյց տալու, որ դէպի փրկութիւն եւ յաւիտենական ուրախութիւն առաջնորդող ճանապարհը փշոտ ճանապարհ է։ Այդ ճանապարհը դժւար, նեղութիւններով, չարչարանքներով ու հալածանքներով լեցուն ճանապարհ է։ Առաքեալներն այդ ճանապարհն ընտրելով՝ իրենց անձերը զոհաբերեցին, թողեցին ամէն ինչ ու հետեւեցին Քրիստոսին»։ Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով Ս. Սարգիս Զօրավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինւորական նահատակների կեանքին ու ամուր հաւատին, ներկաներին յորդորեց հաւատարիմ մնալ Քրիստոսի փոխանցած հաւատին եւ խնդրեց Ս. Սարգսին, որ բարեխօս դառնայ առ Աստւած, որպէսզի մեր երիտասարդները, առողջ սիրեն, առողջ ընտանիքներ կազմեն ու առողջ զաւակներ դաստիարակեն մեր հայրենիքի, եկեղեցու եւ համայնքի ապագայի համար։

   Առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամի աւարտին գնահատանքի խօսք ուղղեց հոգեւորականաց դասին, Կրօնական Խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեանը, Կանանց ու Մատաղի յանձնախմբերին եւ բոլոր հաւատացեալներին՝ իրենց զօրակցութեամբ եկեղեցին պայծառացնելու համար։

   Ս. Պատարագի աւարտին Ս. Սարգիս Զօրավարի աջ-մասունքով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն, այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ մատաղօրհնէք, որից յետոյ՝ օրհնւած ջուրը եւ հարիսան բաժանւեցին հաւատացեալ ժողովրդին։

{gallery}news/2013-01-January/S.Sargis{/gallery}