Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Դեկտեմբերի 23-ին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց ՀՀ վաստակաւոր արտիստուհի, երգչուհի Աննա Մայիլեանին եւ իրանահայ արւեստագէտ Ռուբէն Բաբայեանին:

Հանդիպման ընթացքում երգչուհի Աննա Մայիլեանը նախարարին պատմեց Իրանի հայ համայնքում իր վերջին համերգների մասին: Երգչուհին իր հիացմունքն արտայայտեց Նոր Ջուղայի սուրբ Ամենափրկչեան Վանքի վերաբերեալ, որի եկեղեցին 2014-ին կը դառնայ 350 տարեկան:

Քննարկումների արդիւնքում որոշւեց 2014-ին Հայաստանում կազմակերպել Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի եկեղեցու 350-ամեակին նւիրւած միջոցառումների շարք, որի ընթացքում կը կատարւեն Սայաթ Նովայի, Կոմիտասի երգերից, ինչպէս նաեւ կտորներ պարսկական երաժշտական արւեստից, իսկ Մատենադարանում կը ցուցադրւեն Ջուղայից բերւած Աւետարանն ու այլ ձեռագիր մատեաններ:

Նախարար Հրանուշ Յակոբեանի խօսքով՝ այդ միջոցառումների շնորհիւ Սուրբ Ամենափրկչեան Վանքի եկեղեցին կը դառնայ աւելի հանրահռչակ եւ մեծ ուխտատեղի աշխարհի քրիստոնեաների համար:

Միջոցառումների կազմակերպման վերաբերեալ նախարարը յանձնարարութիւններ տւեց Սփիւռքի նախարարութեան համապատասխան վարչութիւնների աշխատակիցներին: