Երեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Ս. Մինասի տօնի առթիւ, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը նախագահութեամբ, տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր եկեղեցու հովիւ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը: Երգեցողութիւնը կատարում էր Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը, եւ ներկայ էր հոգեւորականաց դասը: 

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս Ս. Պատարագի իր պատգամն ուղղեց ժողովրդին: Նա խօսեց սուրբ Մինասի կեանքի ու մարտիրոսութեան մասին, եւ նրա կեանքի ընդմիջից անդրադարձաւ հաւատի վկայութեան կարեւորութեանը: Նա գնահատեց բոլոր նրանց՝ ովքեր ծառայում են եկեղեցու պայծառացման եւ բարեզարդման համար:

Պատարագի աւարտին կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն, որից յետոյ եկեղեցու սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ գեղարւեստական յայտագիր: