Ուրբաթ՝ նոյեմբերի 22-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան սրահում, հովանաւորութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, տեղի ունեցաւ Ս. Ամենափրկչեան Վանքի «Տաթեւ» երգչախմբի 13-րդ տարեկան համերգը, նւիրւած «Հայ Մօր Տարւան» եւ Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու 400-ամեակին: Ձեռնարկին ներկայ էին նաեւ՝ քահանայից դասը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի Յանձնախմբի ներկայացուցիչները եւ համայնքի անդամները:
Ծրագրի սկզբում, երգչախմբի Վարչութեան անունից բացման խօսքով հանդէս եկաւ Արմէն Թահմազեանը՝ շեշտելով. «Մարիամ Աստւածածինն այն միակ սուրբն է, որն արժանի եղաւ ծնելու եւ մայրը կոչւելու Յիսուս Քրիստոսի: Նա մայրը կոչւեց նաեւ քրիստոնեայ աշխարհի: Քրիստոնեայ աշխարհում, յատկապէս հայ ժողովրդի մօտ, իր յատուկ տեղն է ունեցել սուրբ Կոյսը՝ իր մայրութեան օրինակով, հեզութեամբ, անմեղութեամբ, իմաստութեամբ, քաջութեամբ ու բարութեամբ: Եւ հաւատացեալ հայ մայրն այդ յատկութիւններն է օգտագործում իր զաւակների դաստիարակութեան համար»:
Բացման խօսքից յետոյ, երգչախմբի արհեստավարժ անդամների միջոցով հնչեցին մօրն ու մայրական սիրուն նւիրւած եւ օրօրոցային 15 երգեր, որնցից 8-ը կատարւեցին խմբի, իսկ մնացեալը՝ մենակատարների միջոցով: Մեներգութեամբ հանդէս եկաւ նաեւ երգչախմբի ղեկավար Համիկ Ալեքսանդրեանը: Համերգում ներկայացւած բարձրաճաշակ արւեստի կողքին ուշագրաւ էին նաեւ օրւայ առիթներին համահունչ պատկերների ցուցադրումն ու հայկական պարային ելոյթները, որոնք իրականցւեցին Անեթ Քեշիշեանի միջոցով, որոշ երգերին զուգահեռ:
Հարկ է նշել, որ «Մայրիկիս» (խօսք՝ Է. Գարեան) եւ «Կոյս ձեռքեր» (խօսք՝ Յ. Շիրազ) երգերի երաժշտութեան հեղինակը խմբավար Համիկ Ալեքսանդրեանն էր: Ներկայացւած երգերի մի բաժինը հնչեց ղեկավարի միջոցով դաշնամուրի կենդանի նւագակցութեան ներքոյ:
Գեղեցիկ մտայղացում էր նաեւ երգերի շարանի ընդմիջումը Ս. Աստւածածին եկեղեցու պատմական անցեալի մասին բացատրութեամբ, որը ներկայացրեց Արմէն Թահմազեանը:
Երեկոն եզրափակւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր հայրական օրհնանքով: Նա իր պատգամի սկզբում գնահատանքի խօսք ուղղելով «Տաթեւ» երգչախմբի անդամներին եւ ղեկավարին՝ համերգը «Հայ Մօր Տարւան» եւ Ս. Աստւածածին եկեղեցու 400-ամեակին նւիրելու կապակցութեամբ, ասաց. «Հայ մայրը զաւակներին իրար կապող միութիւն, դաստիարակ, ուսուցիչ, անարատ եւ նւիրեալ առաքեալ է: Հետեւաբար, եթէ օրեր էլ երգենք հայ մօր մասին՝ քիչ է: Եթէ տարւայ ամբողջ ընթացքում մեծարենք հայ մօրը՝ դարձեալ քիչ է, որովհետեւ հայ մօր արժէքն աւելի բարձր է: Հայ մօր դերակատարութիւնն ուրիշ է մեր ընտանեկան եւ ազգային-եկեղեցական կեանքում»:
Թեմակալ առաջնորդը նշելով նաեւ Աստծու կողմից Ս. Մարիամի ընտրութիւնը՝ որպէս Աստւածորդու լոյս աշխարհ բերող եւ տիպար մայր, շնորհաւորեց Ս. Աստւածածին եկեղեցու 400-ամեակի առթիւ եւ աւելացրեց. «Այսօր մայր դառնալը հեշտ չէ, սակայն աւելի դժւար է հայ մայր դառնալը, քանի որ այն աւելի զոհողութիւն եւ նւիրում է պահանջում: Հայ մօրից պահանջն աւելին է, որովհետեւ նա իր զաւակին ազգային հոգի պէտք է ներշնչի, հայեցի կրթութիւն պէտք է փոխանցի: Հայ զաւակը պէտք է դառնայ եկեղեցու եւ հայրենիքի զաւակ»: