Երկուշաբթի՝ հոկտեմբերի 21-ի երեկոյեան, Սպահանի Հայոց Թեմի հաւատաւոր հայորդիների ներկայութեամբ, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքում մեծ շուքով նշւեց Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը, որը միաժամանակ տօնն է Ս. Ամենափրկչեան Վանքի:
Անւանակոչութեան տօնի առիթով Ս. Պատարագ մատուցւեց Վանքի եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի: Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Խորէն եպս. Տողրամաճեանը, իսկ երգեցողութիւնը կատարում էր Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:
Նախքան օրւայ քարոզը, գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, ողջունելով Տ. Խորէն եպս. Տողրամաճեանի ներկայութիւնը Նոր Ջուղայում, անդրադարձ ունեցաւ վերջնիս ծառայական աշխատանքներին: Սրբազան Հայրն իր խօսքն աւարտեց աղօթելով սիրիահայութեան խաղաղութեան եւ առողջութեան համար:
Այնուհետեւ ներկայ հաւատացեալներին իր հայրական պատգամն ուղղեց պատարագիչ Սրբազան Հայրը: Գերշ. Տ. Խորէն եպս. Տողրամաճեանն իր քարոզն սկսեց անւանի բանաստեղծ Վահան Թեքէյեանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծութիւնից մի հատւածի մէջբերմամբ, որին յաջորդեց նրա դրւատանքի խօսքը՝ Ս. Ամենափրկիչեան Վանքի եկեղեցին Ս. Յովսէփ Արեմաթացու անւամբ մկրտելու համար: Նա իր քարոզի շարունակութեան մէջ կարեւորութեամբ նշելով, որ ուխտը՝ Աստծու նկատմամբ ունեցած յանձնառութիւնն ու հաւատարմութիւնն է, աւելացրեց, որ երբ ուխտ ենք կատարում՝ որոշում ենք Աստծու դիմաց մաքրւել եւ մեր կարողութեան համաձայն փորձում ենք մի աստիճան եւս բարձրանալ դէպի սրբակենցաղ կեանք: Սրբազան Հայրն իր խօսքում անդրադառնալով նաեւ հայութեան Հայաստանից արտագաղթին եւ մեր դարաւոր համայնքներից հեռանալուն՝ ասաց. «Մենք ամէն գնով պէտք է տէր կանգնենք մեր աւանդութեան, հաստատութիւններին, եկեղեցիներին, կառոյցներին ու հայկական օջախներին եւ նոր շունչ, նոր կեանք ու նոր հոգի տանք, որպէսզի երիտասարդանայ մեր ազգը»: Քարոզի աւարտին Սրբազան Հայրն աւելացրեց. «Թող ուխտի այս օրը բոլորիս համար դառնայ ինքնասրբագրման եւ մասնակցութեան պահ: Այսօր մենք ամէն մէկ հայի օժանդակութեան, մտքի եւ ներգործութեան կարիքն ունենք: Պէտք է մասնակցութիւն ունենանք եւ հեռու վանենք մեզանից անտարբերութիւնը: Մասնակցութիւն ամենօրեայ մեր կեանքի մէջ, որպէսզի եկեղեցական տօներն իրողապէս իմաստ առնեն եւ Եկեղեցին Հայկական կարողանայ մեզ դէպի երկինք բարձրացնել»:
Ս. Պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրօրհնէք՝ Ս. Յովսէփ Արեմաթացու աջ-մասունքով եւ ներկայ հաւատացեալներն ստացան օրհնւած ջրից: Ապա Վանքի բակի արեւմտեան բաժնում, զանգակատան կողքին, ուր կան բարերարների եւ հոգեւորականների շիրմաքարեր, կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Ս. Ամենափրկչեան Վանքում ծառայած եկեղեցական ու աշխարահական բոլոր սպասաւորների ու բարերարների հոգիների խաղաղութեան համար:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, երեկոն շարունակւեց ոգեշնչող գեղարւեստական կատարումներով յագեցած յայտագրով՝ Լեռնիկ Ծատուրեանի հանդիսավարութեամբ: Սոյն բաժնում ասմունքով հանդէս եկան Մեղրի Կարապետեանը, Նարեգա Սիմոնեանը եւ Արեգա Ծատուրեանը, իսկ երգերի կատարմամբ՝ Նարինէ Խուդաբախշեանը, Թանիա Մինասեանն ու Վանայ Շիրւանեանը: Տօնախմբութեան շարունակութեան մէջ պարային կատարմամբ ելոյթ ունեցաւ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Մշակութային Միաւորի «Կռունկ» պարախումբը, իսկ երգերի կատարմամբ՝ Շահինշահրի «Նարօտ» մանկա-պատանեկան երգչախումբը:
Գեղարւեստական կատարումներն իրականացւել էին ղեկավարութեամբ՝ Շահինշահրի «Նարօտ» մանկա-պատանեկան երգչախմբի ղեկավար հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախմբի խմբավար Արմէն Ամիրխանեանի, Ն.Ջ. Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի ղեկավար դկտ. Սիլւա Ալլահվերդեանի եւ համագործակցութեամբ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Մշակութային Միաւորի:
Որպէս օրւայ եզրափակիչ խօսք, ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, որտեղ նշելով, որ իւրաքանչիւրն այս երեկոյ պէտք է հպարտանայ իր հաւատով, հայութեամբ, ազգութեամբ, եկեղեցով, համայնքով ու թեմով, շնորհակալութիւն յայտնեց գերշ. Տ. Խորէն եպս. Տողրամաճեանին՝ հոգեպարար արարողութեան մատուցման համար եւ գնահատանքի խօսք ուղղեց տօնի կազմակերպիչ յանձնախմբին ու գեղարւեստական կատարողներին: Այնուհետեւ անդրադառնալով Քրիստոսի պատգամին՝ Աստծու կամքը կատարողների յաւիտենական լինելու մասին, աւելացրեց, որ Աստծու կամքը հնազանդութիւնն է աստւածային օրէնքներին եւ կամքին ու Քրիստոսով մեզ բերւած կեանքին. նա ներկաներին պատգամեց՝ Աստծու կամքը կատարել, հնազանդ լինել, բարի կեանք ապրել ու սիրով լի վերաբերմունք ցոյց տալ միմեանց նկատմամբ: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին կարեւորեց ուխտի վերանորոգումը Աստծու, եկեղեցու եւ ազգի հետ, ինչպէս նաեւ հաւատի, արժէքների ու սրբութիւնների ամուր պահելը:
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան