Շաբաթ` հոկտեմբերի 5-ի երեկոյեան ժամը 8-ին, նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ նախաձեռնութեամբ Կրօնական Խորհրդի, Մեծի Տանն Կիլիկիոյ երանաշնորհ կաթողիկոսներ՝ Տ.Տ. Զարեհ Ա Փայասլեանի եւ Տ.Տ. Խորէն Ա Բարոյեանի վախճանման 50 եւ 30-ամեակների առիթով Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ՝ դասախօսական եւ գեղարւեստական յայտագրով:
Միջոցառմանը ներկայ էին՝ հոգեւորականաց դասը, Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների անդամներ, միութենականներ, հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ եւ համայնքի անդամներ:
Երեկոն վարեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Նրա արտասանած բացման խօսքում կարեւորութեամբ ասւած էր. «Նրանք իրենց ճշմարիտ եւ անձնազոհ հովւապետականի նւիրեալ առաքինութիւններով ոչ միայն տէր կանգնեցին իրենց բանաւոր հօտին, այլեւ հայրենանւէր, եկեղեցաշէն ու բազմաբնոյթ ազգօգուտ ծառայութիւններով երաշխաւորեցին տարագիր հայ բեկորների գոյութեան լինելութիւնը եւ հոգեւոր խնամատարութիւն ջամբեցին Սփիւռքի զանազան երկրների ու քաղաքների մէջ հաստատւած գաղթօջախներին»:
Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը: Սրբազան Հայրն իր ելոյթի սկզբում համառօտ եւ պատմական տւեալներով ներկայացրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը՝ որպէս Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի լծակից եւ գործակից: Ապա անդրադառնալով Տ.Տ. Զարեհ Ա Կաթողիկոսի կենսագրական գծերին, ով Անթիլիասում՝ Կաթողիկոսութեան հաստատւելուց յետոյ եղել է Դպրեվանքի առաջին ուսանողը, ներկայացրեց նրա կեանքից այնպիսի դրւագներ, որոնցով ունկնդիրն առաւել ծանօթացաւ երանաշնորհ Կաթողիկոսի անհատականութեանն ու ազգանւէր ոգուն: Գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանն իր ելոյթի մէկ այլ հատւածում աւելացրեց. «Ամէն անգամ երանաշնոհ Տ.Տ. Զարեհ Ա Կաթողիկոսը մեզ յիշեցնում էր, որ մեր Եկեղեցին մէկ է եւ դուք կոչւած էք ծառայելու մէկ եկեղեցու եւ մէկ ժողովրդի»:
Ապա ելոյթով հանդէս եկաւ Լիբանանի Խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունին: Նա կարեւորութեամբ նշելով Զարեհ եւ Խորէն վեհափառ հայրապետների միջեւ եղած անքակտելի կապը՝ ասաց. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աթոռի երկու հսկաների վախճանման ամեակների զուգադիպութիւնը կրնայ պատահական ըլլալ, բայց երկու ուխտակից եղբայրներու հաստատած ու ապրած մէկութիւնը՝ երբէ՛ք»: Այնուհետեւ դասախօսն իր յուշերից ներկայացրեց Տ.Տ. Խորէն Ա Կաթողիկոսի կեանքը եւ նրա շինարար ու ազգանւէր գործունէութիւնը:
Միջոցառումն եզրափակւեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի հայրական պատգամով: Առաջնորդ Սրբազան Հայրը երեկոն յուզիչ համարելով՝ անդրադարձաւ երկու երանաշնորհների անհատականութեանն ու մտածումներին եւ կարեւորութեամբ ընդգծեց. «Զարեհ եւ Խորէն կաթողիկոսներն ասացին՝ հայ հոգեւորականն այսօր պէտք է իր նկարագրո՛վ յարգանքի արժանի դառնայ եւ այս ոգին փոխանցեցին յաջորդող սերունդներին, ու մենք այդ ոգով պիտի շարունակենք մեր ծառայական կեանքը՝ որպէս Հայաստանեայց Առաքելական մէկ ամբողջական Եկեղեցի»: Նա իր պատգամի աւարտին մատնանշեց մի քանի օր առաջ, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսների ներկայութեամբ եւ օրհնութեամբ, շուրջ 600 տարի յետոյ Ս. Էջմիածնում կայացած Եպիսկոպոսաց Ժողովի մասին, այն համարելով մեր Եկեղեցու միութեան եւ միասնականութեան կարեւորագոյն դրսեւորումներից եւ ապացոյցներից մէկը:
Յատկանշելի է, որ յուշերեկոյի ընթացքում իրագործւեցին գեղարւեստական կատարումներ, որոնց շարանում ասմունքներով հանդէս եկան Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Մշակութային Միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ Նայիրի Թահմազեանն ու Լեռնիկ Ղազարեանը՝ ղեկավարութեամբ տկն. Ռիմա Սիմոնեանի, իսկ երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ Ս. Ամենափրկիչ Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի խմբավարութեամբ:
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան