Ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան մարզասրահում, Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի նախաձեռնութեամբ հանդիսութեամբ տօնւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 22-րդ տարեդարձը:
Ծրագրին ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, հոգեւորականաց դասը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, Իրանի Իսլամական Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ազգային մարմինների ու Հայ Դատի Յանձնախմբի անդամները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամներ:
Ժողովրդական տօնակատարութիւնը բացւած յայտարարւեց Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերի յոտնկայս ունկնդրութեամբ: Այնուհետեւ ողջոյնի եւ բացման խօսքով ելոյթ ունեցաւ օրւայ հանդիսավար Արթին Մուրադեանը, որն անդրադառնալով անկախութեան խորհրդին, կարեւորութեամբ նշեց համայն հայութեան, ի մասնաւորի իրանահայութեան կողմից ի նպաստ Հայրենքի հզօրացման իրագործւող աշխատանքները եւ աւելացրեց. «Այսօր մենք առաւել համոզւած ենք, որ իրականացնելու ենք մեր վաղեմի նպատակներն ու երազանքները, քանզի հայութիւնը միասնական ուժ է՝ լինի Հայրենիքում, թէ Հայրենիքի սահմաններից դուրս»:
Հաղորդավարի խօսքին յաջորդեց դեսպան Գրիգոր Առաքելեանի օրւան պատշաճ արտայայտութիւններն ու շնորհաւորանքները: Սկզբում նա կարեւորութեամբ անդրադառնալով անկախութեանը, նշեց, որ մեզ համար անհրաժեշտ է ամուր հիմքերի վրայ կառուցւած կուռ պետականութիւն ունենալը, որպէսզի կարողանանք խրոխտ կեցւածքով նայենք դէպի ապագայ՝ այն վստահութեամբ, որ ապագան պէտք է լուծում տայ մեր հարցերին եւ արդարութիւնը պէտք է յաղթանակի:
Այնուհետեւ պրն. Առաքելեանը յիշատակեց անկախութեան 22 տարիների ընթացքում դիմագրաււած մարտահարւէրներն ու ձեռքբերումները եւ աւելացնելով, որ Հայաստանի պետութիւնը պետական եւ ազգային շահերը գերադասում է ամէն ինչից, ասաց. «Շուտով նշելու ենք նաեւ հայ-իրանական յարաբերութիւնների հաստատման 22-րդ տարեդարձը. յարաբերութիւններ, որոնց կարելի է օրինակելի համարել: Իրանն առաջին երկրներից եղաւ, որ Հայաստանի Հանրապետութեան անկախացումից յետոյ, դեսպանատների մակարդակով, դիւանագիտական յարաբերութիւններ ստեղծեց Հայաստանի հետ: Երկու երկրների միջեւ քաղաքական երկխօսութիւնը գտնւում է բարձր մակարդակի վրայ եւ անշուշտ այս հարցում շատ կարեւոր դերակատարութիւն ունի իրանահայ համայնքը, որը մշտապէս կամուրջ է հանդիսացել հայ-իրանական յարաբերութիւնների համար»:
Ծրագրի շարունակութեան մէջ, ելոյթների շարանում իր պատգամը փոխանցեց նաեւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Նա յիշեցնելով միասնականութեան ուժի եւ զօրութեան մասին՝ ասաց. «Հայ լինելը հեշտ է, սակայն հայ մնալը, հայ ապրելը եւ Հայաստանի ու Հայրենիքի համար գործելը դժւար է: Հայաստանը եւ անկախութիւնը դո՛ւք էք, սիրելի՛ ժողովուրդ: Առանց հայ ժողովրդի՝ Հայաստանն անկախութիւն պէտք չունի: Առանց հայ ժողովրդի ներկայութեան, գործելակերպի ու առաքելութեան՝ Հայաստանն ինչո՞ւ պէտք է տօնի իր անկախութիւնը: Հայաստանը սրբութիւն է եւ այդ սրբութեան արժեւորողը ժողովուրդն է»:
Տօնակատարութեան երկրորդ բաժնում հայրենասիրական եւ ժողովրդական երգերով ու ասմունքով ներկաներին ոգեշնչեցին Հայաստանից հրաւիրւած երգչուհի Ալլա Լեւոնեանը եւ համայնքի տաղանդաւոր երիդասարդուհիներ՝ Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի մենակատարներ՝ Թանիա Մինասեանը, Վանա Շիրւանեանը եւ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Ալինա Տէր Սուքիասեանն ու Մանիա Ղուկասեանը:
Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեան