2013 թւականի սեպտեմբերի 8-ին, Կիրակի օր, նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, հերթական սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում: Եկեղեցին մարդաշատ էր: Ներկայ էին նաեւ հոգեւորականաց դասը, Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան եւ Ս. Մինաս Եկեղեցու երէցփոխութեան անդամները: Հաւատաւոր հայորդիները Ս. Պատարագին մասնակցելուց բացի, ներկայացել էին օրւայ պատարագիչ արժն. Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանի, իբրեւ ծխատէր քահանայի, պաշտօնական վերջին արարողութեան օրհնութիւնը վայելելու:
Առաջնորդ Սրբազան Հօր եւ Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի որոշմամբ, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան հետ համախորհուրդ եւ արժանապատիւ Տէր Հօր համաձայնութեամբ, 47 երկար տարիների հաւատարմութեամբ ծառայութիւնից յետոյ հանգստեան կոչւեց արժն. Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանը:
Ս. Պատարագի քարոզի պահին, առաջնորդ Սրբազան Հայրը, բնաբան ունենալով օրւայ աւետարանական ընթերցանութեան հատւածից առնւած Քրիստոսի հրաշագործութիւններից մէկը, որտեղ մեր Տէրը միայն «Բացւ՛իր» հրամայականով լսողութիւն պարգեւեց խուլ մի անձի, իր համոզումը յայտնեց առ այն, որ քահանայական ձեռնադրութիւն ստանալով, արժն. Տէր Հայրը նոյն կերպով արժանացել է քրիստոսապարգեւ շնորհքի՝ իր միտքն ու լեզուն բացւելով՝ աւետարանի խօսքի քարոզչութիւնը կատարելու համար: Թեմակալ առաջնորդն ամփոփ գծերով անդրադառնալով արժն. Տէր Հօր կենսագրականին եւ յատկապէս նրա հոգեւորական կեանքին, եզրակացրեց, որ նա իր ծառայական տարիներն անց է կացրել ամենայն խոնարհութեամբ եւ Հայոց Եկեղեցու դաւանանքի ու ծէսի նկատմամբ բծախնդրութեամբ եւ հաւատարմութեամբ, որով բարձր գնահատեց արժն. Տէր Հօր նւիրումը եւ նրան արժանի համարեց պատւով եւ արժանաւորութեամբ հանգստի կոչւելու:
Առաջնորդ Սրբազան Հօր խօսքերից յետոյ արտայայտւեց արժն. Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանը՝ երախտագիտութեան խօսքեր ուղղելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նւիրապետութեանը եւ անցեալում պաշտօնավարած ու ներկայում ծառայող բոլոր հոգեւորականութեանը՝ ովքեր նեցուկ են հանդիսացել իրեն՝ իր ծառայական կեանքի ամբողջ ընթացքում: Արժն. Տէր Հայրը շնորհակալական խօսք ուղղեց Թեմի եկեղեցական մարմինների եւ իր ծուխի եկեղեցիներում աշխատած բոլոր կազմերի անդամներին, երէցփոխներին, երգեցիկ խմբերին, սարկաւագներին եւ համայն ժողովրդին, ովքեր միշտ լինելով իր կողքին՝ քաջալերել եւ խրախուսել են նրան:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, եկեղեցու սրահում, Ն.Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան միջոցով կազմակերպւել էր պատշաճ ծրագիր: Եկեղեցեաց Վարչութեան նախագահ պրն. Ղուկաս Ծատուրեանը, իբրեւ օրւայ սեղանավար, հերթաբար հրաւիրեց Ս. Մինաս եկեղեցու երէցփոխութեան, Եկեղեցեաց Վարչութեան, հոգեւորականաց դասի եւ Կրօնական Խորհրդի ներկայացուցիչներին՝ արտայայտւելու, ովքեր իրենց սրտի խօսքն ու բարեմաղթութիւններն ուղղեցին հանգստի կոչւած Տէր Հօրը՝ բարձր գնահատելով նրա մօտ կէս դար հոգեւորական կեանքի նւիրական ծառայութիւնը եւ իրենց երախտագիտութիւնը յայտնեցին նրան: Արտայայտւողները չմոռացան իրենց գնահատանքը յայտնելու արժն. Տէր Հօր երէցկնոջը, նաեւ 15 տարի եկեղեցուն ծառայած եւ Տէր Հօր կողքին եղած տիրացուին, որոնց շնորհիւ նա կարողացել է դիմակայել զանազան դժւարութիւններ եւ յաջող աւարտի հասցնել իր կոչումը:
Եկեղեցեաց Վարչութեան կողմից արժն. Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանի համար պատրաստւել էր մի գեղեցիկ յուշանւէր, որը առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ յանձնւեց նրան: Նւէրով գնահատւեց նաեւ տիրացու Առաքել Խուդավերդեանը:
Վերջում արտայայտւեց եւ իր օրհնութիւնը փոխանցեց գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Տէր Հօրը մաղթելով երկար կեանք, խաղաղ եւ ուրախ օրեր իր ընտանեկան ջերմ յարկի տակ: Սրբազան Հայրը յատուկ կերպով շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն կազմերին եւ անձանց, ովքեր օժանդակել են արժն. Տէր Հօրը՝ Սանգիբարանում, Խուզիստանում եւ Նոր Ջուղայում իր ծառայական աշխատանքը լաւապէս կատարելու համար:
Գնահատման ծրագրի վերջին բաժինն եղաւ արժն. Տէր Հօր պատւին նրա թոռան՝ Մհեր Պօղոսեանի միջոցով «Հայաստան», ապա բոլոր ներկաների միջոցով յոտնկայս «Կիլիկիա» երգերի կատարումները: