Ուրբաթ՝ 2013 թւականի մարտի 15-ի առաւօտեան ժամը 11-ին, Շահինշահրի հայ համայնքի անդամները եւ Նոր Ջուղայից հրաւիրեալ անձինք ի մի էին եկել Շահինշահրի Հայոց Ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի պողոտայում գտնւող ազգապատկան հողատարածքի վրայ, որտեղ գովազդագրերով եւ պաստառներով յայտնւում էր Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Շահինշահրի Մասնաճիւղի նոր կենտրոնատեղիի կառուցան աւետիսը:
Նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, ներկայութեամբ Շահինշահրի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների, ազգային մարմինների, Հայ Դատի Նոր Ջուղաի Յանձնախմբի, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Կենտրոնական եւ Շահինշահրի Մասնաճիւղի վարչութիւնների անդամների, «Արարատ» Միութեան արտօնատէր պրն. Թաթուլ Օհանեանի եւ բազմաթիւ հայորդիների, տեղի ունեցաւ հողօրհնէքի կրօնական արարողութիւնը, որից յետոյ ազգային մարմինների պատասխանատուների միջոցով կատարւեց մարզա-մշակութային համալիրի շինարարութեան աշխատանքների բացումը:
Հողօրհնէքի արարողութիւնից յետոյ, բոլոր ներկաները հրաւիրւեցին Շահինշահրի Հայոց Ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահ, որտեղ կազմակերպւել էր պատշաճ ծրագիր՝ նշելու այս բարեբաստիկ եւ ուրախ առիթը: Հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը շնորհաւորանքի եւ հրճւանքի խօսքերով ձեռնարկի բացումը կատարեց եւ արտայայտւելու համար հերթաբար ամբիոնի մօտ հրաւիրեց Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ պրն. Վարուժ Մինասեանին եւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանին:
Պրն. Մինասեանը, նոր կենտրոնի կառուցումը Շահինշահրի հայ համայնքի պատմութեան մէջ կարեւոր ձեռքբերում եւ հայ երիտասարդութեան դաստիարակութեան աշխատանքի ծիրում անկիւնադարձային երեւոյթ համարելով, բացատրութիւններ փոխանցեց Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական Խորհրդի որոշումների մասին՝ Շահինշահրում կատարւելիք շինարարական նախագծերի փաթեթի վերաբերեալ: Նա նշեց, որ շինարարական աշխատանքները յետագային համալրւելու են Շահինշահրում հայոց եկեղեցու շէնք կառուցելով եւ հայոց դպրոցի հիմնական նորոգութիւններով: Պրն. Մինասեանն իր խօսքերի մէջ շեշտելով այն հանգամանքը, որ Սպահանի Հայոց Թեմի հայութիւնը համարւում է մէկ ընտանիք ու միասնական համայնք, անհրաժեշտ նկատեց առգոյ հնարաւորութիւններն ու միջոցները համահաւասար կերպով տրամադրւեն Թեմի բոլոր անդամներին եւ աւելացրեց. «Երկու տարի առաջ Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի ընդունած որոշումը տնտեսական ծանր պայմանների պատճառով յետաձգւեց, սակայն մեր նկարագրին յարիր չէր ընդունել մի որոշում եւ մոռանալ այն՝ առանց իրականացման. հետեւաբար, Թեմական Խորհուրդը կենսական համարելով Շահինշահրում մարզա-մշակութային համալիրի կառուցումը, նիւթական հնարաւորութիւն ձեռք բերելուց անմիջապէս յետոյ, անվարան որոշեց սկսել աշխատանքը: Շահինշահրի հայ համայնքը մարզա-մշակութային արդիական կենտրոնատեղի ունենալու արժանի համայնք է, եւ յատկապէս հայ երիտասարդութեան հայեցի առողջ դաստիարակութեան գործի համար արժէ մեծ գումարներ ծախսել»:
Այնուհետեւ պրն. Վարուժ Մինասեանը, շնորհաւորանքի խօսքեր ուղղելով Շահինշահրի հայ համայնքին, յոյս յայտնեց, որ շինարարական աշխատանքներն ընթանալու են անարգել եւ շուտով Շահինշահրի ժողովուրդը, յատկապէս երիտասարդութիւնը, առիթ կունենայ վայելելու յարմար եւ օգտաշատ հնարաւորութիւններով օժտւած կենտրոնատեղին:
Արտայայտութիւնների շարանի աւարտին իր ոգեւորիչ եւ հայրական խօսքը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա գնահատեց եւ շնորհակալութիւն յայտնեց Սպահայն Հայոց Թեմի ազգային իշխանութեանը, որը տնտեսական ծանր պայմաններով հանդերձ քաջութիւնն ունեցաւ ձեռնարկել Շահինշահրի համար նախատեսւած շինարարական եւ նորոգութեան աշխտանքներին: Գերշ. Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ ասաց. «Մենք՝ հայերս, ոտնակոխւած իրաւունքներ ունենք եւ մեզանից խլւել են մեր պապենական եւ պատմական հողերի մեծ մասը, որի պատճառով լաւ գիտակցում ենք, թէ ի՛նչ է նշանակում «հող»: Այսօր կրօնական յատուկ արարողութեամբ օրհնեցինք այն հողը, որի վրայ պէտք է կառուցւի հայ նոր սերնդին ազգային-մշակութային եւ մարզական ազնիւ ոգով դաստիարակութիւն տւող համալիրը, որի առողջ մթնոլորտում հայ երիտասարդը հնարաւորութիւն կունենայ հայօրէն մեծանալ եւ հասակ առնել՝ դառնալով գիտակից եւ արժանի հայորդի: Շահինշահրի հայ համայնքն արժանի է նոր պայմաններին համապատախան եկեղեցի, մազա-մշակութային կենտրոն եւ հայոց դպրոց ունենալ»:
Հանդիսութեան ընթացքում կատարւեց համեստ մի հիւրասիրութիւն եւ հրաւիրւած անձանց միջոցով այս ուրախ առիթի համար հնչեցին երգեր: