«ԱԼԻՔ» – Պատմական գիտութիւնների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի (Հայկական կիրառական քաղաքականութեան գիտահետազօտական ինստիտուտ) գիտաշխատող Սերգէյ Մելքոնեանը իրանական հետազօտական կենտրոններից «Ջահանէ մոասէր» կայքով հրապարակւած յօդւածում անդրադարձել է Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներին:
Անւանի փորձագէտը նշել է, որ Կովկասը վերջին չորս տարիներին հիմնովին փոփոխութիւնների է ենթարկւել՝ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանի քաղաքական քարտէզից հանւելու կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման գործընթացով։ «Այս գործընթացները փոխկապակցւած են հաւասարումների էական փոփոխութիւնների հետ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական պայմանագրի ստորագրումը, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը, Եւրոմիութեան սահմանափակ դիտորդական առաքելութիւնը եւ ռուս սահմանապահների դուրսբերումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանից, խորը հետեւանքներ են ունենալու, մասնաւորապէս, Իրանի տարածաշրջանային շահերն ու անվտանգութիւնը հաշւի առնելով»,- նշւած է յօդւածում։
Սերգէյ Մելքոնեանը նշել է նաեւ, որ, որպէս այդպիսին առաջին քայլը Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների կարգաւորումն էր, ապա Հարաւային Կովկասում հաղորդակցութիւնների ապաշրջափակումը, միաժամանակ բոլոր վիճայարոյց հարցերի լուծման գործընթացով զբաղւելն էր, եւ վերջապէս Ռուսաստանի միջնորդութեամբ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը երեւի։
«Հետագայում Արեւմուտքը կողմերին նոր քաղաքականութեան մասին է յուշում՝ բանակցութիւնների գծով։ Շուրջ մէկ տարի Երեւանն ու Բաքուն հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ում, Եւրոպայում եւ Ռուսաստանում։ Այս ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմեանց տարածքային ամբողջականութիւնը՝ հիմնւելով Ալմա-Աթայի հռչակագրի վրայ, ինչը տեղի ունեցաւ Պրահայում՝ 2022 թւականին Եւրոմիութեան գագաթնաժողովից յետոյ: Սա ճանապարհ հարթեց որպէսզի 2023 թւականին Ադրբեջանի բանակը Լեռնային Ղարաբաղի դէմ անցի գործողութեան եւ այն ամբողջապէս իր վերահսկողութեան տակ առնի: Լեռնային Ղարաբաղի վերջնական անկումից յետոյ Հայաստանն ընդունեց երկկողմ բանակցութիւններ վարելու Ադրբեջանի պնդումները»,- նշել է նա։
Քաղաքագէտը յաւելել է, որ ներկայումս Երեւանի ու Բաքւի միջեւ երկկողմ յանձնաժողով է աշխատում երկու երկրների սահմանների «վերանայման» հարցով, սակայն այս յանձնաժողովի գործունէութիւնը տարբեր առումներով վիճայարոյց գործօններից մէկն է:
«Նախ՝ այս գործընթացը 1991 թւականի Ալմա-Աթայի հռչակագիրը կրկնելու փորձ է, որի նպատակն էր վերանայել երկու երկրների սահմանները՝ հիմնւելով Խորհրդային Միութեան աշխարհագրական վարչական բաժանումների վրայ։
Երկրորդ՝ Երեւանը պնդում է, որ Բաքւի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել սահմանազատւած 1976 թւականի քարտէզի շուրջ, եւ հիմնւելով դրա վրայ անցնելու է սահմանային խնդիրների հետապնդման եւ լուծման գործին։ Ելնելով դրանից՝ Հայաստանը 2024 թւականի մայիսին սահմանային սիւներ տեղադրելով չորս գիւղ է փոխանցել Ադրբեջանի Հանրապետութեանը՝ յղում անելով համապատասխան յանձնաժողովի սահմանազատման գործընթացին։ Մինչդեռ խնդրոյ առարկայ տարածքները պէտք է նրանց յատկացւէին ենթակառուցւածքների եւ ճանապարհների բաժանման վերաբերեալ առանձին փորձագիտական խմբերի կողմից տրւած գնահատականից յետոյ»,- յիշեցրել է փորձագէտը:
Արդիւնքում՝ Ադրբեջանը բաւարար չի համարում այդ գիւղերի յանձնումը եւ պահանջում է յանձնել դէպի անկլաւ տանող միւս բոլոր ճանապարհները եւս, ինչպէս նաեւ ճանապարհին գտնւող կարեւոր ենթակառուցւածքները,- նշել է փորձագէտը։
Գործընթացի հետեւանքներն Իրանի համար
Սերգէյ Մելքոնեանի կարծիքով պատահականութիւն չէ, որ Բաքուն Հայաստանի հիւսիսային շրջանից է սկսել «սահմանափակման եւ սահմանազատման» գործընթացը։ Դրա համար կան մի քանի պատճառներ: Նախ, այս հատւածը Հայաստանի ամենակայուն ու ամուր պաշտպանական գծերից մէկն էր, իսկ ներկայումս Բաքւին յանձնած Տաւուշի այս ամուր հատւածներում հայ զինւորների խումբ չկայ, փոխարէնը հայ սահմանապահներ են տեղակայւել յանձնած չորս գիւղերի մերձակայքում։ Պատերազմը վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքների ներքոյ եւ նշանակւած սահմաններում ռազմական յարձակման ենթարկւած այս միակողմանի զիջումները Հայաստանին դարձրել է աւելի խոցելի՝ անվտանգային առումներով։ Ուստի յաջորդ միակողմանի զիջումների համար Բաքւին աւելի հեշտ կը լինի ռազմական ճնշում գործադրելով Երեւանից պոկել իրեն պէտք եղած ցանկացած բան:
«Այսօր Իրանը, որպէս տարածաշրջանի առանցքային ուժ, երաշխաւորում է առկայ իրավիճակի կայունութիւնն ու սահմանների անփոփոխ լինելը: Հայաստանի ու Ադրբեջանի եւ Իրանի միջեւ սահմանների հարաւում տեղի ունեցած Իրանի նախագահի ուղղաթիռի ողբերգական դէպքից յետոյ Իրանի Գերագոյն առաջնորդ այաթ. Ալի Խամենէին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ Իրանի հանգուցեալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի սահմանների հետ կապւած խնդիրների նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ Թեհրանը կը շարունակի պաշտպանել ստատուս քւոն եւ Իրանի համար ոչ մի փոփոխութիւն հիւսիսային սահմաններում ընդունելի չէ։
Մինչդեռ սահմանների փոփոխման հիմնական սպառնալիքը կապւած է Հայաստանի հարաւային շրջանի՝ Սիւնիքի մարզի հետ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի եւ Հայաստանի սահմանին ստեղծել իբր «Զանգեզուրի միջանցք»։ Իրանի բարձրաստիճան պաշտօնեաները բազմիցս արտայայտել են իրենց մօտեցումը նման նախագծի շուրջ։ Սահմանների փոփոխութիւնը յօգուտ Բաքւի այժմ տեղի է ունենում Հայաստանի հիւսիսում եւ Իրանի սահմանից զգալի հեռաւորութեան վրայ։ Սա դժւարացնում է սահմանային փոփոխութիւններ կիրառելու Բաքւի ռազմական ճնշումներին արձագանգելու Թեհրանի գործը:
Երկրորդ՝ գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարւում Հայաստանին, անցնում է Տաւուշի վիճելի տարածքներից։ Եթէ Բաքւի պահանջով այս երկիրը ճանապարհային կապ ստանայ դէպի անկլաւներ, ապա դէպի Հայաստան ռուսական ռազմավարական նշանակութեամբ գազատարը կը յայտնւի Բաքւի յարաբերական վերահսկողութեան տակ նաեւ։ Այսօր երկու երկրների բանակցութիւնների եւ ապագայ յարաբերութիւնների օրակարգում է էներգամատակարարման կարեւոր հարցը, քննարկւել է Բաքւից Երեւան գազի մատակարարման հնարաւորութիւնը նաեւ։ Այս համաձայնագիրը հնարաւոր է նշւի, որպէս կողմերի միջեւ համապարփակ համաձայնագրի մաս:
Ինչեւ է, Հայաստանը ծրագրում է նւազեցնել իր կախւածութիւնը Ռուսաստանից՝ տնտեսական եւ էներգիայի առումներով, իսկ Բաքուն հասկանալով Երեւանի վիճակը, իրավիճակից օգուտներ քաղելով ճնշում է բանեցնում Երեւանի վրայ աւելի շատ օգուտներ քաղելու նպատակով:
Տարածաշրջանում ռուսական գազին փոխարինման երկու տարբերակ կայ՝ Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան արտահանած գազով։ Եթէ Երեւանն ընտրի երկրորդ տարբերակը եւ նախընտրի օգտագործել Ադրբեջանը որպէս ապագայ էներգետիկ գործընկեր, ապա աւելի արագ է խրւելու թուրք-ադրբեջանական բլոկի ազդեցութեան գօտի։ Մինչդեռ Երեւանն ու Թեհրանը կարող են ընդլայնել համագործակցութիւնը էներգետիկայի ոլորտում։ Ներկայումս Իրան-Հայաստան գազատարը շահագործւում է փոքր ծաւալներով, սակայն, տեղեկագրերի եւ բնութագրերի համաձայն, այս խողովակաշարը կարող է ծածկել Հայաստանի էներգետիկ կարիքների կէսից աւելին։
«Սահմանափակման եւ սահմանազատման» ներկայիս գործընթացը Հարաւային Կովկասի նոր պատկեր է ստեղծում, որը վտանգաւոր լինելու հետ միասին, որպէս օրինաչափութիւն՝ անընդունելի է տարածաշրջանի միւս երկրների համար եւս: Նախ, տարածաշրջանային հաւասարումների այս փոփոխութիւնն ունենալու է նոր ու աւելի փխրուն ճարտարապետութիւն, ինչը հիմնւած է յարաբերականօրէն թոյլ կողմի վրայ կրկնակի ճնշումների վրայ, որով փորձ է արւում հաւասարակշռութեան վերջնական խախտման համար լարւած իրավիճակ ստեղծել:
Երկրորդ՝ այս գործընթացը Հայաստանը դարձնելու է Ադրբեջանի յաճախորդ երկիր։ Այդ կերպ Երեւանը բաւարարելով Բաքւի եւ Անկարայի պահանջները հաստատելու է Թուրքիայի հեգեմոնիան տարածաշրջանում։
Այդուհանդերձ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի վերջնական կարգաւորումը չպէտք է լինի խաղաղութեան եւս մէկ նախապայման։ Սահմանազատման գործընթացի համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ այդ գործընթացը կարող է շարունակւել մի քանի տասնամեակ։ Վրաստանն ու Ադրբեջանը շուրջ 30 տարի քննարկում եւ խորհրդակցում են իրենց ընդհանուր սահմանի շուրջ, սակայն, չնայած հնարաւոր տարաձայնութիւններին, ռազմական ճնշում չի գործադրւում այս հարցում։ Միեւնոյն ժամանակ սահմանազատման գործընթացին կառավարութիւնները մասնակցում եւ համագործակցում են տարբեր ոլորտներում, եւ հետեւաբար, Ադրբեջանի տեսակէտը խաղաղութեան պայմանագրի ստորագրումն այդ փաստաթղթի հետ պայմանաւորելու փորձերը, խաղաղութեան գործընթացի իրական հեռանկարը միտումնաւոր արգելափակելու նշան է:
Այսպիսով վտանգ կայ, որ տարածաշրջանի ապակայունացման մէջ շահագրգռւած թշնամական երկրները կօգտագործեն Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու Բաքւի դժկամութիւնը՝ հետագայ զարգացումներում Իրանի սահմանների մօտ տարածաշրջանն ապակայունացնելու հարցում»,- յղում տալով Սերգէյ Մելքոնեանին եզրակացրել է «Ջահանէ մոասէր»-ը։