" https://alikonline.ir/community/25078 "
Իրանական հայրենիքում հայ ժողովրդի դարաւոր գոյութեան բացայայտ եւ խօսուն վկաններն են այն պատմական վանքերն ու եկեղեցիները, որոնք գտնւում են երկրի տարբեր շրջաններում:
Իրանի պատմութեան հետ շաղախւած այս պատմական յուշակոթողների պահպանման գործում մեծ է իրանահայ համայնքի այն ներկայացուցիչների դերը, ովքեր մասնագիտացւած են այս ոլորտում:
Այս մասնագէտներից է դոկտ. Շերլի Աւետեանը, որը հեղինակն է «Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի:
Յունիսի 22-ի երեկոյեան, Թեհրանի Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում, տեղի ունեցաւ գրքի պարսկերէն լեզւով հրատարակութեան շնորհանդէսը, որը Վահէ Ահարոնեանի մեկենասութեամբ հրատարակել է «Նայիրի» հրատարակչութիւնը:
Միջոցառումը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, որից յետոյ իր ողջոյնի խօսքը փոխանցեց «Նայիրի» հրատարակչութեան տնօրէն Արտոյտ Զոհրաբեանը, ով հանդիսացաւ նաեւ միջոցառման հաղորդավարը: Նա համապարփակ գծերով անդրադարձաւ «Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի բովանդակութեանը, տպագրական հարցերին եւ ընդգծեց, որ հակառակ հրատարակչութեան ոլորտի դժւարութիւններին, նմանօրինակ գրքերի հրատարակումը կարեւոր հայ-իրանական պատմական կապերի հարցով: Ապա ցուցադրւեց տեսաֆիլմ, որը ներկայացնում էր իրանահայ համայնքի պատմա-կրօնական ու մշակութային ծէսերն ու եկեղեցիները: Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու գրքի հեղինակ դոկտ. Շերլի Աւետեանը: Իր ելոյթի ընթացքում նա խօսեց գրքի բովանդակութեան եւ երկարամեայ աշխատանքի մասին եւ ընդգծեց գիրքը նւիրել է իր ծնողների յիշատակին: Նա սկզբում ակնարկ նետեց Իրանի Պատմական եկեղեցիների կենտրոնի աշխատանքներին, որի տնօրէնն է 2000 թւականից ի վեր: Նա անդրադարձաւ ԻՒՆԵՍԿՕ-ում Իրանի մի շարք հայկական եկեղեցիների ու վանքերի գրանցման մասին:
Դոկտ. Շերլի Աւետեանը իր ելոյթում համապարփակ գծերով անդրադարձաւ Ս. Թադէոս Առաքեալի, Ս. Ստեփանոս Նախավկայի վերանորոգման աշխատանքներին, եւ կարեւորեց իրանահայ համայնքի երեք թեմերի հոգեւոր առաջնորդների անվերապահ աջակցութիւններին ու հովանաւորութիւններին:
Նա ընդգծեց որ գրքի պարսկերէն տարբերակը նւիրում է գրքի հովանաւոր Վահէ Ահարոնեանի հանգուցեալ հօրը, բարերար Լեւոն Ահարոնեանի յիշատակին եւ գնահատանքով անդրադարձաւ բոլոր նրանց մասին, որոնց համագործակցութեամբ հնարաւոր դարձաւ գրքի հրատարակումը:
Ապա ցուցադրւեց Ս. Թադէոս Առաքեալ վանքի տանիքի վերանորոգման աշխատանքների մասին տեսաֆիլմ, որի ռեժիսորն էր Արտեմ Ղարիբեանը: Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի մշակութային ժառանգութեան նախարարութեան ժամանակի փոխնախարար ճրտ. Թալեբեանը ում ժամանակ Ս. Թադէոս Առաքեալի եւ այդ տարածքի պատմական եկեղեցիների փաթեթը գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ում: Նա կարեւորեց դոկտ. Շերլի Աւետեանի դերը Իրանում հայկական ճարտարապետութեան մասին իրազեկութիւնը զրագացնելու առումով:
Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը իր ելոյթի ընթացքում փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութիւնը եւ առաւել յաջողութիւն մաղթեց դոկտ. Աւետեանին:
Կապանում Իրանի հիւպատոս Աբեդինի Վարամինին, բարձր գնահատեց դոկտ. Շերլի Աւետեանի բծախնդիր եւ հետեւողական աշխատանքը, ընդգծելով նրա երկու կարեւոր իւրայատկութիւնները պատասխանատւութեան զգացումը եւ մասնագիտական մօտեցումները: Նա ընդգծեց, որ նման օրինակ աշխատանքները, ինչպէս օրինակ Հայաստանի պատմական եկեղեցիների գծով այսպիսի աշխատանք մեծապէս նպաստելու են Իրան-Հայաստան սերտ յարաբերութիւններին:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը իր ելոյթի ընթացքում կարեւորեց նման փաստագրական գրքերի հրատարակումը, որոնք առիթ են ընձեռնում ծանօթանալու մեր երկրի պատմութեանը եւ ընդգծեց, որ անհրաժեշտ է հովանաւորել գիտահետազօտողներին, հեղինակներին ու հրատարակիչներին, շարունակելու իրենց կարեւոր քայլերը, որոնք պատճառ են դառնում Իրանում աւելի լայն ծանօթացում հայկական պատմամշակութային կոթողների հետ:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչներ, «ԱԼԻՔ» հաստատութեան անդամներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:
Միջոցառման աւարտին գրքի հեղինակ դոկտ. Շերլի Աւետեանի միջոցով գնահատւեցին բոլոր նրանք ովքեր իրենց ներդրումն էին բերել գրքի տպագրման գործում:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ