Հինգշաբթի՝ 2013 թւականի փետրւարի 7-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում, Սրբոց Վարդանաց տօնի առթիւ ձեռամբ Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի մատուցւեց Ս. Պատարագ, որին մասնակցում էր նաեւ հոգեւորականաց դասը: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:
Արարողութեանը ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչները, «Արմէն» տարրական կրթահամալիրի 5-րդ ու 6-րդ դասարանների եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, Ծնողական խորհուրդներն ու հաւատացեալ ժողովուրդ:
Պատարագի ընթացքում Ս. Հաղորդութիւն ստացան հայոց դպրոցների աշակերտութիւնն ու ներկաները:
Արարողութեան վերջաւորութեանը յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ Քահանայ Հայրը: Արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեան անդրադառնալով առաքեալների ամուր հաւատին, որոնք չվախենալով նահատակութիւնից՝ ընտրեցին քրիստոսի խոստացած յաւիտենական կեանքը, անդրադարձաւ Սրբոց Վարդանանց պատերազմին եւ աւելացրեց. «Վարդանանց պատերազմի քաջերը զոհւեցին ու նահատակւեցին եւ իրենց արեամբ ծաղկեցրին մեր հոգինները: Նրանք յաղթեցին հաւատի կեանքի մէջ, եւ այդպիսով մեր հաւատը կանգուն մնաց մեր ժողովրդի կեանքում»: Վերջում Քահանայ Հայրը դիմելով ներկաներին՝ ի մասնաւորի աշակերտներին, այսպէս ասաց. «Հպարտացէ՛ք հայ եւ քրիստոնիայ լինելու համար: Հպարտացէ՛ք մեր սուրբերով ու եկեղեցիով, քանի որ մեր եկեղեցին եւ ազգը միասին շաղկապւած են: Ձեզ մէջ պէտք է զարգացնէք հայ միտքն ու ոգին՝ քրիստոնէական սուրբ սկզբունքներով եւ հաւատով: Քրիստոնէութիւնը ճշմարտութիւն է եւ յաւիտենականութիւն: Թող սուրբ Վարդանը եւ Ղեւոնդ Երէցը ձեզ համար օրինակ դառնան»: