Աղբիւր՝ www.asbarez.com
Պոլսի Գումգաբու թաղամասում բնակւող հայաստանցիները վերջին շրջանում լարւածութեան եւ վախի մթնոլորտի մէջ են ապրում: Պատճառը՝ Գումգաբուի մէջ տեղի ունեցած Հայաստանի քաղաքացի Համբարձում Յարութիւնեանի սպանութիւնից յետոյ ոստիկանութեան սաստկացած հետախուզութիւններն են։ Ըստ թրքական «Դեմոկրաթհաբեր» կայքի՝ թրքական իրաւապահ մարմինները մտնում են թաղամասի տները՝ հետախուզութիւն իրականացնելու համար: Այս գործողութիւններին մասնակցում է 1600 ոստիկան, ինչպէս նաեւ՝ ոստիկանական ուղղաթիռներ:
10 տարուց ի վեր Գումգաբուի մէջ բնակւող հայաստանցի մի կին, իր մտահոգութիւնը յայտնելով տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ՝ տեղեկացրել է, որ վերջին երկու տարիներում թաղամասի մէջ աճել է թմրանիւթերի շրջանառութեամբ զբաղւող անձերի թիւը՝ շրջանը նւազ ապահով դարձնելով։
Հետաքրքրական է, որ ցարդ հայաստանցիների տները չեն խուզարկւել եւ ոչ մէկ հայաստանցի չի ձերբակալւել, այդուհանդերձ, ոստիկանութեան գործողութիւններից յետոյ, Թուրքիայում հաստատւած Հայաստանի քաղաքացիների վրայ սկսել են յարձակւել թմրանիւթերի շրջանառութեամբ զբաղւողներ՝ պնդելով, որ հայերն իրենց գտնւած վայրերը մատնում են իշխանութիւններին: