Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Վաշինկթոնում ամերիկահայութիւնը սիրիահայերին սատարելու կոչով բողոքի ցոյցեր կատարեց Սպիտակ տան դիմաց:

Ցուցարարները կոչ ուղղեցին նախագահ Բարաք Օբամային` անյապաղ քայլերի ձեռնարկել՝ դադրեցնելու համար թիրախաւորւած ռմբակոծումները Հալէբի հայ բնակչութեան դէմ եւ բարձրացնել իրազեկւածութիւնը հայ համայնքի զգալի հատւածի համար հայրենիք հանդիսացող սիրիական հիւսիսային քաղաքների վերահաս ոչնչացման մասին: «Հալէբի բնակչութիւնը տառապում է անողոք ռմբակոծումների պատճառով, իսկ Նոր գիւղի հայկական համայնքը գտնւում է թրքական կառավարութեան կողմից օժանդակւող ժիհատական խմբերի յարձակումների ամբողջ ծանրութեան տակ: Ժամանակն է, որ նախագահ Օբաման արագ ճնշումներ գործադրի Թուրքիայի վրայ` ստիպելով դադրեցնել այս դաժանութիւնները»,- հաղորդեց Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Ռազմիկ Լիպարեան:

Բողոքի ցոյցերը շարունակութիւնն էին 12 յունիսին Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Քեն Խաչիկեանի նամակի` ուղղւած նախագահ Բարաք Օբամային: Նամակում Խաչիկեանը Սպիտակ տան յորդորել էր «հարկադրաբար միջամտել` օժանդակելու Հալէբի արիաբար մաքառող եւ անպաշտպան բնակչութեանը»:

Նա նաեւ Օբամայից պահանջել էր «եկող շաբթւայ ընթացքում արտակարգ նիստի հրաւիրել ամերիկահայ համայնքի կրօնական, քաղաքացիական, բարեգործական ընկերութիւնների եւ համայնքային առաջնորդների հետ` քննարկել Հալէբի փրկութեան գործողութիւնների ծրագիրը»: