Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սիրիայի հայաբնակ Քեսաբ աւանն ազատագրւել է իսլամ զինեալներներից։ Այդ մասին հաղորդում են միջազգային լրատւական գործակալութիւնները եւ սիրիական լրատւական պաշտօնական աղբիւրները։
Քեսաբի մեր հայրենակիցներից ստացւած տեղեկութեան համաձայն, շաբաթ սկսւած գործողութեան արդիւնքում սիրիական բանակային ուժերը եւ կամաւորական խմբերը կարողացել են գրաւել ռազմավարական բարձրունքներ եւ շարժւել դէպի Քեսաբի կենտրոն։ Ազատագրելով Քարադուրան, Երկու աղբիւր գիւղերն ու ռազմավարական բարձրունքները՝ բանակն արդէն հաստատւել է քաղաքում, պետական դրօշ բարձրացրել քաղաքապետարանի վրայ։
«Ալ Նուսրա» խմբաւորման անդամները, որոնց շարքերում եղել են թուրքմեններ, չեչեններ, եւ որոնք ստանում էին Թուրքիայի պետական աջակցութիւնը, փախել են Քեսաբից։
Նախապէս հաղորդւում էր, որ Թուրքիան փակել է պետական սահմանն՝ ապստամբների մուտքն իր երկիր թոյլ չտալու համար։ Սակայն աւելի ուշ յայտնի դարձաւ, որ նրանց, այնուամենայնիւ, յաջողւել է մտնել Թուրքիայի տարածք՝ Հաթայի, պատմական Ալեքսանդրեթի շրջան։
Ազատագրման լուրն ստանալով՝ մեր հայրենակիցներից որոշներն արդէն ուղղւել են Քեսաբ։ Բանակն առայժմ արգելում է բնակչութեան մուտքը քաղաքաք, քանի որ իրականացնում է ականազերծման աշխատանքներ, պայթեցնում բոլոր վտանգաւոր զինամթերքները։
Քեսաբը մարտի 21-ից հակակառավարական զինեալների վերահսկողութեան տակ էր, որոնք քաղաքի վրայ յարձակւել էին թուրքական սահմանից: Քեսաբի հայ բնակչութեան մեծ մասը տարհանւել էր Սիրիայի ծովափնեայ Լաթաքիա քաղաք, ինչպէս նաեւ Լիբանան՝ Բէյրութ եւ Այնճար: Երկու տասնեակ հայ ծերեր քաղաքի գրաւումից յետոյ տեղափոխւել էին Թուրքիայի վերջին հայաբնակ Վաքըֆ գիւղ: Աւելի ուշ նրանց հնարաւոր եղաւ տեղափոխել Բէյրութ։