Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ.- «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ ՁԵՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ՖՐԱՆՍԻՍ ՊԱՊ.- «ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊՐԱԾ ՀԱԼԱԾԱՆՔՆ ՈՒ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ ԿՏՏԱՑՈՂ ՎԷՐՔ Է ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՍՐՏԻ ՄԷՋ ԻՆՉՊԷՍ ՆԱԵՒ ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՐՄՆԻ ՎՐԱՅ»
Վեհափառ Հայրապետի եւ Սրբազան Պապի միջեւ տեղի ունեցած առանձին հանդիպումից յետոյ, նրանք ուղղւեցին Վատիկանի մեծ սրահը, որտեղ նրանց սպասում էին առաջնորդ սրբազանները, կարտինալներ, եպիսկոպոսներ եւ Վեհափառի այցելութեան առիթով սփիւռքի գաղութներից ժամանած բարերարներ ու ազգայիններ։
Բոլորի ներկայութեան խօսք առնելով Վեհափառ Հայրապետը, առաջին հերթին իր գոհունակութիւնը յայտնեց, որ իր հայրապետութեան շրջանին այցելութիւն է տալիս յաջորդական երեք պապերին` Յովհաննէս Պօղոս Պապին 1997-ին, Պենետիքթոս Պապին 2008-ին։ Ապա Վեհափառ Հայրապետը յիշեց, որ յատկապէս կիլիկեան շրջանից սկսեալ յատուկ յարաբերութիւն եւ սերտ գործակցութիւն է եղել հայ եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ։ Պատմական այս անդրադարձից յետոյ, Վեհափառ Հայրապետն իր խօսքը կենտրոնացրեց տագնապներով ու մարտահրաւէրներով լեցուն ներկայ աշխարհում միջ-եկեղեցական գործակցութեան կարեւորութեան վրայ։ Նա շեշտեց, որ հակառակ եկեղեցիների դաւանական բաժանումներին, անհրաժեշտ է միասին գործելով միասնաբար դիմագրաւել մարդկութեանը յուզող տագնապները։ Վեհափառ Հայրապետը ողջունեց եկեղեցին ժողովրդին տանելու Պապի աշխատանքը, յիշելով որ հայ եկեղեցին եղել է ժողովրդի եկեղեցին ու Քրիստոսի ծառայական ներկայութիւնը ժողովրդի կեանքի մէջ:
Իր խօսքի երկրորդ բաժնում Վեհափառն անդրադարձաւ հետեւեալ երկու կարեւոր հարցերին.-
Ա) Նա յիշեցրեց Սրբազան Քահանայապետին, որ Միջին Արեւելքը լուրջ տագնապներից է անցնում եւ նրանց հետեւանքները եկեղեցիների կեանքի ու վկայութեան համար յաճախ մտահոգիչ են։ Հակառակ այս իրողութեան, ասաց Վեհափառը, եկեղեցիները մնում են ամրօրէն կառչած Միջին Արեւելքին եւ հաւատարիմ իրենց քրիստոնէական վկայութեան ու քաղաքացիական պարտաւորութիւնների եւ իրաւունքների հանդէպ։
Բ) Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեանը։ Նա յիշեց 1915-ի Օսմանեան Թուրքիայի ցեղասպանութեան հետեւանքները եւ Սփիւռքի կազմաւորումը։ Նա ասաց, որ հայ ժողովուրդը ոչ միայն մէկ ու կէս միլիոն նահատակ տւեց, այլ կորցրեց իր եկեղեցիները եւ մշակութային ու հոգեւոր արժէքները, հետեւաբար, ցեղասպանութեան ճանաչումը եւ հատուցումը իւրաքանչիւր հայի պահանջքն է։ Ապա Վեհափառն աւելացրեց, որ հայ եկեղեցին որպէս մարդկային իրաւանց պաշտպանն ու ջատագովը, միշտ ինքն իրեն նոյնացրել է իր ժողուրդի արդար իրաւուքների հետ։ Վեհափառ Հայրապետը յիշեցնելուց յետոյ Ֆրանսիս Պապին, որ 1915-ի սեպտեմբերին Պենետիքթ ԺԵ Պապը Սուլթան Մոհամմատ Ե-ին գրած նամակում դատապարտելով հայ ժողովրդին դէմ կատարւող ցեղասպանութիւնը, կոչ է ուղղել վերջ տալ հայ ժողովրդի ջարդերին: Նա աւելացրեց, որ մեր ժողովրդի սպասումն է, որ դուք եւս, յառաջիկայ տարւան Ձեր զօրակցութիւնը յայտնէք մեր ժողովրդին, որ վստահաբար կարեւոր նշանակութիւն է ունենալու մեզ համար։
Ապա Ֆրանսիս Պապն իր խօսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին, իր ուրախութիւնը յայտնեց, որ առաջին անգամը լինելով հանդիպում է ունենում Վեհափառ Հայրապետի հետ: Նա յիշեց, որ Վեհափառ Հայրապետն երկար տարիներ գործօն մասնակցութիւն է բերել միջ-եկեղեցական շարժմանը, յատկապէս Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Միջին Արեւելքի եկեղեցիների շրջանակում: Սրբազան Քահայանապետը նաեւ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ուղղափառ եկեղեցու աստւածաբանական երկխօսութեան շրջագծում գնահատանքով արտայայտւեց Վեհափառ Հայրապետի եւ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բերած կարեւոր նպաստին:
Ֆրանսիս Պապը նաեւ անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեանը եւ յիշեց, որ հայ ժողովրդի պատմութիւնը լեցուն է եղել հալածանքներով եւ նահատակութեամբ: Պապը նաեւ յիշեց քրիստոնեայ համայնքների դիմագրաւած մարտահրաւէրները Միջին Արեւելքում եւ ողջունեց նրանց միասնականութիւնը եւ Միջին Արեւելքին կառչած մնալու հաւատարմութիւնը:
Երկու հոգեւոր պետերի միջեւ փոխանակւած խօսքերից յետոյ, տեղի ունեցաւ նւէրների փոխանակում: Վեհափառ հայրապետը Պապին նւիրեց Բարձրբերդի Աւետարանի կրկնօրինակը, իսկ Պապը, Վեհափառին նւիրեց Սուրբ Յովհաննու Աւետարանից Պապիրոսի վրայ 14-րդ դարում գրւած մի էջ: Ապա տեղի ունեցաւ եկեղեցական արարողութիւն, որի աւարտին ներկայ ազգայինները մօտեցան եւ աջը առին Պապի ու Վեհափառի։
Արարողութիւնից յետոյ, Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ առաջնորդ սրբազանների, ճաշի հիւրն եղաւ Պապին: