Աղբիւր՝ www.hyeli.com

 

 

Սիրիայի հայաշատ Հալէպ քաղաքի հիմնականում հայաբնակ Նոր Գիւղ թաղամասում երէկ իրավիճակը չափազանց լարւած է եղել։

Նոր գիւղի տարբեր փողոցներում զինեալ խմբաւորումների կողմից արձակւած տասնեակ ռումբեր, ինքնաշէն հրթիռներ են պայթել։ Համաձայն Tert.am-ի տեղեկութիւնների՝ պայթել է գազի բալոնով պատրաստւած առնւազն 22 ինքնաշէն հրթիռ, արձանագրւել է աւելի քան 22 զոհ եւ 77 վիրաւոր։

Հալէպի լրատւական ծառայութիւնը Նոր Գիւղի հայութեանը կոչ է արել տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտութեան դէպքում, հեռու մնալ պատշգամբներից եւ պատուհաններից։

Մարդկային կորուստներից բացի արձանագրւել են նիւթական լուրջ վնասներ, բնակարաններ են փուլ եկել։ Զոհերի եւ վիրաւորների թւում հայերի առկայութեան մասին տեղեկութիւններ չեն հաղորդւում։

Անցնող 3 պատերազմական տարիների ընթացքում Սիրիայում տարբեր տեղեկութիւններով զոհւել է 130-180 հազար մարդ։ Ազգութեամբ հայ զոհերի թիւն անցնում է 100-ը։